կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-23 11:16
Հասարակություն

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը նահանջ է մարդու իրավունքների և ազատությունների՝ միջազգայնորեն ճանաչված չափանիշներից. փաստաբան

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության նոր  օրենսգիրքը նահանջ է մարդու իրավունքների և ազատությունների՝ միջազգայնորեն ճանաչված չափանիշներից. փաստաբան
2022թ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը։
 
Օրենսգրքի ուսումնասիրումը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ այն նահանջ է մարդու իրավունքների և ազատությունների՝ միջազգայնորեն ճանաչված չափանիշներից։
 
Վաղուց արդեն անձի լռելու իրավունքը իրավական մշակույթում համարվում է մարդկության լավագույն ձեռքբերումներից մեկը։ Սակայն քրեական դատավարության նոր օրենսգրքում լռելու իրավունքի խոչընդոտման, տարրեր են նկատվում, այսպես․
 
Օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը, որին վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել այնպիսի տեղեկություններ կամ տրամադրել այնպիսի նյութեր, որոնք հետագայում ողջամտորեն կարող են օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց:
 
Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ մեղադրյալը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի պահպանելու լռություն ,․․․, իսկ նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ մինչև ցուցմունք տալը գրավոր տեղեկացվելու իր վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին։
 
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ իրավաչափ է և լռելու իրավունքն ապահովված է, սակայն․․․
 
Օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ մեղադրյալը պարտավոր է վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմման, անձնական խուզարկության, քննման և փորձաքննության, լուսանկարվել կամ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ։
 
Մեղադրյալին այսպիսի պարտականությամբ ծանրաբեռնելը ակնհայտորեն խախտում է նրա լռելու իրավունքը։ Օրենքի ուժով, հարկադրաբար ենթարկվելով բժշկական զննման, քննման և փորձաքննության, լուսանկարվելով կամ փորձաքննության համար հանձնելով նմուշներ մեղադրյալն ըստ էության ստիպված է լինում աջակցել քրեական վարույթին, օգնել իր դեմ տեղեկություններ հավաքելուն, իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և մեղադրանք ներկայացնելուն։ Պետությունը՝ ի դեմս վարույթի հանրային մասնակիցների պարտավոր լինելով ապացուցել մեղադրյալի մեղավորությունը և օրենսդրորեն թերանալով այդ պարտականությունները լիարժեք կատարման մեջ, իր այդ պարտականությունը կիսում է մեղադրյալի հետ՝ օրենքով ստիպելով նրան տրամադրելու այնպիսի նյութեր, մասնակցելու այնպիսի գործողությունների, որոնց արդյունքները հետագայում կարող են օգտագործվել իր դեմ:
 
Օրենսգրքի այդպիսի իրավական տրամաբանությունը մեղադրյալին վերածում է դատախազի ինքն իր դեմ:
 
Արժանահիշատակ է, որ մեղադրյալի այս պարտականությունը նախատեսված է նաև գործող օրենսգրքում (65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ), սակայն նպատակահարմար կլիներ, որ նոր օրենսգրքում հիշյալ նորմը չներառվեր։
 

Վահան Հովհաննիսյան

Փաստաբան