|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել, որով խնդրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և ՀՀ երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին ենթարկել պատասխանատվության վերջինիս կողմից 2013 թ. հոկտեմբերի 10-ին Yerkir.am լրատվական կայքում հրապարակված հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նրա հարազատներին ուղղված բռնության սպառնալիքներ տալու համար:
2013 թ. նոյեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ հանցագործության մասին հաղորդման պատասխանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մ. Ա. Բաբայանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումի հիման վրա պատրաստել էր նյութեր և որոշել քրեական գործ հարուցելը մերժել՝ Խաչիկ Մայիսի Ասրյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով: Կայացրած որոշմանը որպես հիմնավորում նշվում է, որ սպառնական հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ 2013 թ. հոկտեմբերի 11-ին, սակայն հարկ է նշել որ նախորդ հայտարարությունը արվել էր նախորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Խաչիկ Ասրյանը՝ պարզաբանելով իր արտահայտած միտքը, զանգվածային լրատվության միջոցներով նոր հայտարարություն է տարածել, որում բառացիորեն նշել է. «Հայտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու վերաբերյալ հեղինակավոր էլեկտրոնային yerkir.am կայքում արտահայտած իմ խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել: Զարուհի Փոստանջյանի մեջ հայոց պետականության հանդեպ ունեցած իրենց կենսական և կենցաղային ատելությունը վերացնելու և ընդհանուր առմամբ՝ Զարուհի Փոստանջյանին սթափեցնելու, այլ պարագաներում նույնպես, նմանատիպ սխալներ չկրկնելու համար: Խոսքերիս չափազանց խստությունը աննպատակ չի եղել, քանզի ես նկատի եմ ունեցել խարույկի վրա այրել ոչ թե Զարուհի Փոստանջյանի ֆիզիկական մարմինը, այլ նրա կատարած արարքը, երևույթը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մ. Ա. Բաբայանի կայացրած որոշումն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է այս որոշումը բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազին: