կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 15:08
Հասարակություն

Առաջն ու հետոն սկսվում է, երբ մարտական ընկեր ես կորցնում, իսկ լայնամասշաբ պատերազմի միշտ ենք պատրաստվել. Յուրիդա Գաբրիելյան

Առաջն ու հետոն սկսվում  է, երբ մարտական ընկեր ես կորցնում, իսկ լայնամասշաբ պատերազմի միշտ ենք պատրաստվել. Յուրիդա Գաբրիելյան

«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելու նպատակն էր մեկ տանիքի տակ համախմբել մարտական գործողության բոլոր մասնակիցներին, հնարավորինս զբաղվել նրանց խնդիրների լուծմամբ, պահպանել կապը ապրիլյան պատերազմի օրերին  զոհված զինծառայողների ընտանիքների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամ Վահե Աթանյանը: 

«Կան բազմաթիվ վիրավորներ, որոնք ունեն և՛ առողջական խնդիրներ, և՛ ֆինանսական, ուստի մեր կազմակերպության գլխավոր գործառույթներից մեկն այդ տղաների հարցերով զբաղվելն է: Վիրավորների դեպքում առաջանում են նաև իրավական խնդիրներ, մասնավորապես՝ հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված: Ուզում եմ այստեղ հիշեցնել, որ ուրբաթ օրը ՀՀ նախագահի հետ հանդիպում ենք ունեցել: Բացի այս` կա մի ծրագիր, որի շրջանակում վիրավոր զինծառայողները համագործակցում են  վերականգնողական կենտրոնի հետ, այնտեղ անցկացնում են դասընթացներ, և հետագայում լուծվում է աշխատանքային զբազվածության խնդիրը: Եթե այս տեսանկյունից նայենք, ապա այս հարցը որոշակիորեն լուծված է»,- նշեց նա՝ հավելելով, որ փորձում են իրենց մասնակցությունն ունենալ զոհված տղաների հետ կապված տարբեր արարողություններին: 

Ապրիլյան պատերազմի մասնակից Յուրիդա Գաբրիելյանն իր հերթին հավելեց, որ կան մեծ ծրագրեր, որոնց մասին դեռ չեն ցանկանում խոսել: Ինչ վերաբերում է առկա խնդիրներին, այդ շարքում նա նշեց ուսման վարձի հետ կապված դժվարությունները, քանի որ զինգրքույկներում ապրիլյան պատերազմին մասնակցության ամրագրման հարցը դեռ լիովին փակված չէ:

«Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, որովհետև մանր խնդիրներ առաջ եկան, ուստի պետք է որոշակի պարզաբանումներ արվեն: Եվ սա պետք է որոշակի փուլ անցնի, որպեսզի համապատասխան եզրահանգման  գան: Կրկնելով  Վահեի միտքը` նշեմ՝ և՛ հաշմանդամություն ունեցողները, և՛ զոհված զինծառայողների ընտանիքները իրավական ու սոցիալ-տնտեսական առումով որոշակի խնդիրներ ունեն»,- շեշտեց Գաբրիելյանը:

«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամները չկարողացան օգնության կամ մերժման կոնկրետ մի դեպք նշել՝ ասելով, որ կազմակերպությունը դեռ 8 ամիս է, ինչ ստեղծվել է, իսկ նման խնդիրների լուծումը ծախսատար և աշխատատար գործընթաց է: «Այդպիսի օրինակ չունենք, որ ասենք՝ այսինչ մարդուն այսինչ հարցով օգնել ենք: Խնդիրն այն է, որ տղաները մի տեսակ խուսափում են նմանատիպ կազմակերպությունների հետ համագործակցելուց, որովհետև կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ստեղծվում են և դա սկսում քաղաքական նպատակներով օգտագործել: Մենք նմանատիպ բաներ չենք հետապնդում»,- ասաց Վահե Աթանյանը՝ տեղեկացնելով, որ ներկայում «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունն ունի 60-ից ավելի անդամ: 

Հարցին՝ իսկ հասարակական կազմակերպությունից դուրս որքանո՞վ է, որպես ապրիլյան պատերազմի մասնակից, դրա ընթացքում վիրավորված, ստացել պետական աջակցություն և հոգածություն, Աթանյանը պատասխանեց. «Մեր տղաների բուժման մասով այս տարիներին պիտի ասեմ, որ կային բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, անհատներ, որոնք հովանավորում էին նրանց բուժումն արտերկրում: Իսկ թե ինչո՞ւ պետությունը չէր հովանավորում, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Որոշ մարդկանց ներկայացրեցին, որ նրանց խնդիրները ՀՀ-ում բուժելի են, դրա համար չէին ուղարկում արտասահման: Իմ կարծիքով՝ ՀՀ-ում բժշկության վիճակը, ընդհանուր առմամբ, բավարար է այնքանով, որ հնարավոր է բազմաթիվ խնդիրներ տեղում լուծել: Իմ խնդիրը կոնկրետ ՀՀ-ում է լուծվել, ինձ վիրահատել են. ես ունեցել եմ բեկորային վիրավորում ոտքերիս հատվածում, շատ նորմալ է: Իհարկե, հետևանք կա, բայց դրանից ավելի արդյունք չէր կարող լինել»:

Լրագրողների խնդրանքով ապրիլյան պատերազմի մասնակիցներն անդրադարձան նաև այդ օրերի հիշողություններին:

 «Հիշելու կարիք չկա, քանի որ այն չի մոռացվել և չի մոռացվելու, քանի տարի էլ անցնի: Ես կարծում եմ՝ այն տղաները, որոնք իրենց ներդրումն են ունեցել, այդ թեժ օրերին այդտեղ են եղել, հիշվելու են: Ինքս եղել եմ Թալիշում՝ 170 մարտական դիրքում, իմ հաստիքից և ռազմական գաղտնիքից ելնելով ավելին չեմ կարող ասել: Պատերազմի ժամանակ մարտական ընկեր եմ կորցրել՝ Սասուն Մկրտչյանին: Ես եղել եմ հատուկ նշանակության բրիգադի զինծառայող, երբ սկսվել է պատերազմը: Ես չեմ կարող ասել, որ մեր պատկերացումներն ապրիլյան պատերազմից առաջ և հետո տարբերվել են, տարբերվում են, քանի որ մենք միշտ ենք պատրաստվել լայնամասշտաբ գործողությունների, ամեն պահի: Առաջն ու հետոն սկսվում  է, երբ մարտական ընկեր ես կորցնում: Այնպես որ՝ ֆիզիկապես և հոգեբանորեն ինչ-որ տեղ պատրաստ էինք, քանի որ մենք զինծառայող էինք, և մեր առջև որոշակի խնդիր էր դրված, որը պիտի կատարեինք: Այո, մենք դա կատարեցինք, բայց կրկնում եմ՝ առաջն ու հետոն գալիս է, երբ զինակից ընկեր ես կորցնում»,- ասաց Յուրիդա Գաբրիելյանը՝ լրացնելով, որ միակ աղջիկը չէր, որ մարտական խնդիր էր կատարում այդ օրերին:

Վահե Աթանյանը վստահեցրեց՝ ապրիլյան պատերազմից հետո իր պատկերացումներ փոխվել են,  կյանքն ավելի շատ է սկսել գնահատել: