Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աֆրիկյանների շենքի մոտ բողոքի ակցիա էր, կանգնած'լուսանկարում էի: Ընկա...
Արտասովոր ոչինչ չկա' միշտ էլ ընկնում ենք, ընկնում' հետո ոտքի կանգնում: Կարգն է էդպիսին' մինչև չընկնես' ոտքի չես կանգնի:
Արտասովոր ոչինչ չկա' երկու ոտքով ամուր կանգնած ես հողիդ, բայց ընկնում ես. ընկնում ես, որովհետև հրում են, իսկ եթե հրում են, ուրեմն խանգարել ես ինչ-որ մեկին, երևի խանգարե՞լ ես ինչ-որ մեկին: Չէ, կարգն է էդպիսին, կան նման մարդիկ' մինչև քեզ չհրեն ու չգցեն' իրենք ոտքի կանգնել չեն կարող:
Իմ հերթն էր, եղածն էլ մեծ բան չէր' հրեցին, ընկա, արտասովոր ոչինչ չկար: Արտասովորը հետոն էր. երբ հանկարծ հասկանում ես եղելությունը: Արտասովորը հետոն էր, երբ հասկանում ես, որ քեզ գցողը ոստիկան էր, ով քո պատկերացմամբ ոչ թե քեզ գցողը, այլ' քեզ օգնողը պետք է լիներ, որ ոտքի կանգնես: Արտասովորը հետոն էր, երբ ընկել ես, ցավ չես զգում, բայց վիրավորանքից լացում ես, իսկ ոստիկանները շարունակում է մյուսներին հրել ու գցել վրադ:
Օգնում են, կանգնում եմ, նայում ոստիկանի աչքերին' նայում, բայց ինձ չի տեսնում, թքած ունի' սեռի, ազգային պատկանելությանդ վրա: Նայում եմ աչքերին ու հայացքում ինձ եմ տեսնում, իմ արտացոլանքը' արևից կամ արցունքներից է, կամ էլ' դատարկությունից:
-Որտե՞ղդ է ցավում:
-Չէ, վախից է լացում:
-Չէ, ծունկը վնասվել է, արյուն է գալիս:
-Վախեցե՞լ ես, թե՞ ցավում է:
Ամաչեցի ասել' վիրավորված եմ: Հետո մյուսներն ասացին, որ ոստիկանն աղջիկներից մեկի հարցին, թե' լավ, էն աղջկան ինչո՞ւ հրեցիք ու գցեցիք, պատասխանել է' եթե հրել եմ' կներեք: Միգուցե իրենք հավատացած են, որ լավ բա՞ն են անում, միգուցե մտածում են, որ սա՞ է հայրենիքին ծառայելն ու հասարակական կարգն ապահովելը: Բայց չէ՞ որ ես էլ ձեզ պես ծառայություն էի մատուցում, ձեզ պես, բայց ոչ ձեզ նման' ես աղջիկներին գետնին գցելով երբեք չեմ ինքնահաստատվել: Կուզեի ասել' երբեմն-երբեմն մարդկանց գցելիս' ներքև նայեք' միգուցե ձեր քույրը կամ մա՞յրն է ընկնողը, բայց վստահ չեմ, որ էս խոսքերն ինչ-որ կերպ կազդեն ձեզ վրա: Ձեր լեզվով ասեմ' տղայություն չէր ձեր արածը:
***
Աշխատանքից հետո գնում եմ 4-5 սեղան ունեցող մի փոքրիկ սրճարան: Մատուցողին խնդրում եմ 3 տեսակ լուծվող սուրճ խառնել իրար ու առանց շաքարավազի բերել: Վախեցած նայում է դեմքիս, բայց ձայն չի հանում: Սուրճը բերում, գալիս-նստում է կողքս:
-Մի բան պատմեմ, էլի:
-Եթե ինձ հետ որևէ կերպ ձեր պատմածը չեք բերելու-կապելու' պատմեք:
Պարզվում է' հարևանի կինն անբարոյական է, ով սեփական աղջկան էլ է շեղել ճամփից, իսկ ամուսնուն ստիպել, որ տունն իր անունով անի ու հիմա էլ ամուսնուն է տնից հանում ու դատի տալիս:
-Իսկ էս պատմությունը ձեզ հետ ի՞նչ կապ ունի:
-Չէ, աղջիկս, ո՛չ ինձ, ո՛չ էլ քեզ հետ կապ չունի: Երևի դու ընկերոջ, ընկերուհուդ հետ ես վիճել ու տրամադրություն չունես: Ուղղակի ասացի պատմեմ, որ տեսնես ինչ ահավոր բաներ են կատարվում ու հասկանաս' քո ցավն իրենց ցավի դեմ ոչինչ է: Մեկ էլ, կներես, սուրճդ էդքան թունդ չեմ արել, մենակ մի տեսակ սուրճ եմ լցրել' չի կարելի, ջահել ես:
***
Սրճարանից դուրս եմ գալիս, նստում Մաշտոցի պուրակում: Շոգ է... Մրսում եմ, երևի կծկվել եմ ու խեղճացած տեսք ընդունել:
-Ձեզ լավ չե՞ք զգում: Կուզե՞ք' ձեզ տուն ուղեկցեմ:
Գլխավերևումս ոստիկան էր կանգնած, միգուցե հենց նա, ով ցերեկը հրել-գետնին էր գցել ինձ:
Կարինե Հարությունյան