կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 17:20
Քաղաքական

Նախատեսվող փոփոխություններով` ապախթանվում են աղքատությունից դուրս գալու ձգտումները

Նախատեսվող փոփոխություններով` ապախթանվում են աղքատությունից դուրս գալու ձգտումները

Տարբեր հրապարակումներով ներկայացրել ենք ընտանիքների անապահովության գնահատման գործող համակարգի սկզբունքային անհամապատասխանությունը սոցիալական ներառական զարգացման հիմնադրույթներին: Ցավոք, պետք է արձանագրենք նաև, որ այս համակարգում նախաձեռնվող փոփոխությունները դարձյալ ունեն պետական բյուջեից այս ուղղությամբ նախատեսվող ծախսերը կրճատելու բնույթ: Իսկ շարունակվող այսպիսի փոփոխություններն էլ ավելի են խթանելու ամեն գնով աղքատության նպաստ ստանալու ձգտումները:

Հիմա առավել մանրամասն՝ անապահովության գնահատման գործող համակարգի և նախատեսվող փոփոխությունների խնդրահարույց բնույթի մասին:

Նախ՝ այս համակարգն ընկած է սոցիալական քաղաքականության հիմքում: Դրա գործադրմամբ` շուրջ 100 հազար աղքատ ընտանիքների պետական բյուջեից տրամադրվում են տարեկան ավելի քան 37 միլիարդ դրամի չափով ընտանեկան և սոցիալական նպաստներ, և այս ծրագիրը սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական խոշոր ծրագրերից է: Այս համակարգի միջոցով հաշվարկվող անապահովության գնահատման միավորը հիմք է հանդիսանում նաև անապահով ընտանիքներին տրամադրվող դրամական և այլ օգնությունների, ինչպես նաև սոցիալական բազմաթիվ արտոնությունների համար՝ առողջապահության և կրթության ոլորտներում:

Հաջորդը՝ մեր երկրում գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգն ունի սուբյեկտիվության անթույլատրելի մեծ աստիճան՝ պահպանվող իր բոլոր ռիսկերով ու հասցեականության ցածր մակարդակով:

Անապահովության գնահատման հիմքում ընկած են այնպիսի բնութագրիչներ, որոնք ուղղակի կապ չունեն ընտանիքների իրական եկամուտների հետ, այդ թվում`

-ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը,
-ընտանիքի անաշխատունակ անդամների և երեխաների թիվը,
-բնակավայրը և բնակարանային պայմանները,
-անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը,
-անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը,
-ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի և բնական գազի քանակը:

Այս բնութագրիչներն էլ ունեն թվային կամայական արժեքներ: Եվ դրանց թվային արժեքները պարբերաբար փոփոխելով՝ յուրաքանչյուր տարի նպաստառու ընտանիքների թիվը և պետական բյուջեից վճարման ենթակա միջոցների չափերը համապատասխանեցվում են տվյալ տարվա պետական բյուջով արդեն իսկ հաստատված համապատասխան ցուցանիշներին: Այստեղ էլ անշեղորեն գործում է այն կուռ մոտեցումը, որ պետական բյուջեի հաշվին լրացուցիչ ծախսեր չառաջանան: Եվ եթե միայն թվային արժեքները փոփոխելով էլ հնարավոր չի լինում ապահովել այդ նպատակը, ապա ավելացվում են նոր բնութագրիչներ:

Մյուս կողմից` անապահովությունը գնահատվում է նաև այնպիսի բնութագրիչներով, որոնք ուղղակի ապախթանում են աղքատ ընտանիքների «նպաստից դեպի աշխատանքով և ինքնազբաղվածությամբ կայուն եկամուտ» ձգտումները, օրինակ՝

-եթե աղքատ ընտանիքի որևէ անդամ փորձի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա նրա ընտանիքն անմիջապես զրկվում է նպաստից՝ անկախ այդ գործունեության հետագա արդյունքներից,

-եթե աղքատ ընտանիքի որևէ անդամ փորձի որևէ անգամ զբաղվել ապրանքի (այդ թվում՝ իր արտադրած) արտահանմամբ կամ որևէ նպատակով ապրանք ներմուծի, ապա նրա ընտանիքն այդ հիմքով զրկվում է նպաստից՝ անկախ այդ գործունեության բնույթից, ծավալից, հետագայում շարունակելու հնարավորությունից:

Հատկանշական է նաև, որ անապահովության գնահատման գործող համակարգում կիրառվող միակ ուղղակի բնութագրիչը՝ ընտանիքի համախառն եկամտի չափը, ունի ընդամենը ճշգրտող ազդեցություն: Ավելին՝ օրինական աշխատանքով սեփական եկամուտներն ավելացնելու տեսանկյունից այս բնութագրիչի ազդեցությունը ևս ապախթանող է: Մասնավորապես` եթե, օրինակ, չորս անդամից բաղկացած միջին վիճակագրական ընտանիքի անդամներից մեկն աշխատի նվազագույն ամսական աշխատավարձից (55 հազար դրամ) ավելի բարձր աշխատավարձով, ապա այդ ավելի մասին համարժեք նվազում է ընտանիքի անապահովության ընդհանուր միավորը, հետևաբար նաև՝ նպաստ ստանալու հնարավորությունը: Եվ սա այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձը նույնիսկ չի գերազանցում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական բյուջեի չափը, իսկ մեր երկրում աշխատողների շուրջ քառորդն աղքատ է:

Անապահովության գնահատման գործող համակարգի սուբյեկտիվության բարձ աստիճանն ու առկա կոռուպցիոն ռիսկերը պայմանավորված են նաև հետևյալով՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական աշխատողի եզրակացությամբ այդ ընտանիքը կարող է զրկվել նպաստից՝ անկախ վերը բերված բնութագրիչներից և դրանց համար նախատեսված թվային արժեքներից: Եվ սա էլ այն դեպքում, երբ ներդրված չէ լիարժեք մեթոդաբանություն և վերահսկողական գործիքակազմ, իսկ սոցիալական աշխատողների վարձատրությունը գրեթե հավասար է նվազագույն ամսական աշխատավարձի չափին:

Անապահովության գործող համակարգի հիմնախնդիրների ամփոփ նկարագրությունը հնարավորություն է տալիս նաև անդրադառնալու նախատեսվող փոփոխությանը, որն էլ ավելի է խորացնելու այս համակարգում առկա խնդիրները: Մասնավորապես` նախատեսվում է ևս մեկ-երկուսով ավելացնել անուղղակի բնութագրիչների ցանկը: Պատասխանատուների կողմից հնչեցված տեսակետներից արդեն իսկ պարզ է, որ դրանք լինելու են`

-ընտանիքի անդամների վարկ ունենալու հանգամանքը և այն մարելու հնարավորությունը,
-բանկային ավանդ ունենալու հանգամանքը:

Փաստորեն, նախատեսվում է նպաստից զրկել նաև այն ընտանիքներին, որոնք ունեն որոշակի գումարից ավելի վարկ և կարողանում են այս կամ այն չափով կատարել իրենց վարկային պարտավորությունները, կամ ունեն բանկային ավանդ և ցանկանում են որոշակի գումար կուտակել՝ իրենց սոցիալական խնդիրները թեթևացնելու կամ հետագայում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:

Նախ արձանագրենք, որ վարկային բեռի տակ հայտնվելն ու ինչ-որ չափով դրա սպասարկման ծախսերը հոգալը վկայում է, որ անապահով այդ ընտանիքի համար հիմնականում ավելացել են աղքատություն ծնող պատճառները, այլ ոչ թե այն մասին, որ այդ ընտանիքն այլևս դարձել է բարեկեցիկ: Իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամուտները, այդ թվում՝ բանկային ավանդներից ստացվող, արդեն իսկ հաշվի են առնվում անապահովության գնահատման գործող համակարգում: Եվ ավանդ ներդնելու միջոցով որոշակի կայուն եկամուտ ունենալու ձգտման համար անապահով ընտանիքին «լրացուցիչ պատժելը» ու նպաստից զրկելը հակասում է սոցիալական ներառական զարգացման սկզբունքներին:

Ամփոփենք՝ անապահովության գործող համակարգը պետք է արմատապես փոխվի: Դրա հիմքում անհրաժեշտ է դնել ընտանիքների եկամուտների գնահատման ուղղակի մեթոդը` հետևյալ ընդհանրական մեխանիզմով՝ պետք է լիարժեք հաշվարկվի ընտանիքի յուրաքանչյուր անդամին բաժին ընկնող իրական միջին եկամտի և կենսապահովման նվազագույն բյուջեի բացասական տարբերությունը, որն էլ կհանդիսանա նպաստի իրավունքը և չափը որոշող հիմնական բնութագրիչ: Եվ այս մեթոդի կիրառումը հնարավոր կլինի միայն մեր երկրում եկամուտների հայտարարագրման ամբողջական համակարգ ներդնելու պարագայում:

Իսկ գործող խնդրահարույց համակարգի տրամաբանությամբ դրվագային ցանկացած փոփոխություն ավելի է խորացնելու առկա խնդիրները:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ