կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-23 13:58
Քաղաքական

Նոր փոփոխություններով` գլխավոր դատախազին, ԿԲ նախագահին ընտրելիս ստիպված են հաշվի նստել ընդդիմության հետ

Նոր փոփոխություններով` գլխավոր դատախազին, ԿԲ նախագահին ընտրելիս ստիպված են հաշվի նստել ընդդիմության հետ

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով ստեղծված են բոլոր նախադրյալները երկիրը միակուսակցական վտանգից պաշտպանելու համար: Վայքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա բացատրեց, թե ինչպես է հնարավոր դա իրականացնել, ինչ է նշանակում ձևավորել կայուն մեծամասնություն և որն է դրա առավելությունը: Նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումներով կարևորվում է գործուն իշխանություն ձևավորելու մեխանիզմներ ստեղծելը:

«Այսօր գործող համակարգով միակուսակցականությունն արդեն իսկ արմատացած է, սակայն առաջարկվող փոփոխություններով վերացվում է մեծամասնական ընտրակարգը, կուսակցությունները, ձայն ստանալով, կարող են ձևավորել գործադիր իշխանություն, որը պառլամենտում պետք է ունենա հնարավորինս մեծամասնություն, որպեսզի ճգնաժամ չառաջանա, և Հայաստանը չդառնա անկայունության վայր»,- ասաց նա:

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ Հայաստանում մինչ օրս եղած բոլոր 5 խորհրդարանական ընտրություններում համամասնական ցանկով չի եղել դեպք, որ որևէ կուսակցություն բացարձակ մեծամասնություն ստանա: Նոր փոփոխություններով՝ ընտրություններում շատ ձայներ հավաքած կուսակցությունը, եթե չի ստանում մեծամասնություն, խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ ստիպված է բանակցություններ վարել, որպեսզի կառավարություն ձևավորվի: Բագրատ Եսայանի խոսքով՝ եթե ընդդիմությունը հաջողեց ընտրությունների առաջին փուլում մեծամասնություն ձևավորել, կառավարությունը կազմավորվում է, իսկ եթե մեծամասնություն է ստանում իշխող կուսակցությունը, ապա նա պետք է կոալիցիա կազմի, այլ կուսակցությունների հրավիրի և, ըստ այդմ, ձևավորի կառավարություն:

«Առաջարկվող մոդելով` երկրորդ փուլ անցած կուսակցությունները (1-ին և 2-րդ տեղ զբաղեցրած) հնարավորություն ունեն նոր բլոկներ ձևավորել խորհրդարան անցած կուսակցություններից և թողնել` ժողովրդն ընտրի, թե իրենցից որ մեկը դառնա մեծամասնություն: Եվ եթե 2-րդ փուլում կուսակցություններից մեկը ստանա անգամ 99 % մեծամասնություն, միևնույն է, խորհրդարանում այդքան տոկոս ձայներ չի ունենալու, այլ ունենալու է ընդամենը 54% ձայն, ոչ ավելի: Իսկ կարևոր պաշտոնների նշանակումը հնարավոր է միայն 60 %-ի դեպքում: Իշխանության՝ 54 տոկոս ձայներ ստանալու դեպքում խորհրդարան անցած մյուս կուսակցությունները, մանավանդ` ընդդիմությունը կարող են ազդել շատ կարևոր պաշտոնների նշանակման վրա, այդ թվում՝ գլխավոր դատախազի, Կենտրոնական բանկի նախագահի, ԿԸՀ-ի»,- ասաց նա:

Եսայանի խոսքով՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս ընտրություններով հասնելու իշխանափոխության: «Այսօր իշխանությունն ունի 100 տոկոս իշխանություն, իսկ ընդդիմությունը որևէ լծակ չունի ո\'չ իշխանության վրա ազդելու, ո\'չ ժողովրդի վիճակը բարելավելու: Մենք առաջարկում ենք ձևավորել միասնական համակարգ՝ ուժեղ իշխանություն և ուժեղ ընդդիմություն»,- ասաց նա: