Փետրվարի 28-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից օրինագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Փոփոխություններով նախատեսվում է․
- քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցի կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու (երկրորդ գիծ կանգնեցնելու) դեպքում գործող 0,5 տուգանային միավորը կնվազի՝ դառնալով 0,25 տուգանային միավոր։
- Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում քաղաքացիների համար վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսի չափով (փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024 թ. մայիսի 1-ից):
- Անկախ էլեկտրոնային ծանուցումից, համապատասխան որոշումը քաղաքացուն հանձնվելու (ծանուցվելու) օրվանից 15-օրյա ժամկետում քաղաքացու կողմից տուգանքը վճարելու դեպքում նախատեսվել է տուգանքի գումարը 30%-ով պակաս վճարելու հնարավորություն (փոփոխությունն ուժի մեջ կմտնի օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը)։
- Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը կատարված իրավախախտումների մասով ևս նախատեսված է համահարթեցման որոշակի կառուցակարգ. քաղաքացու կողմից տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում (որոշումը հարկադիր կատարման փուլում գտնվելու դեպքում՝ նաև կատարողական ծախսը) այն կհամարվի ամբողջությամբ կատարված (փոփոխությունը կկիրառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում)։
- Ապակիների լուսաթափանցելիության չափերի խախտման դեպքում, եթե արարքը 1 տարվա ընթացքում կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով և տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։
- ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024թ․ հուլիսի 1-ից։
- Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, կիրականացվի գրավոր ընթացակարգով (փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024թ․ հուլիսի 1-ից)։
Արփինե Սարգսյանը նշել է.
«Ցանկանում եմ հորդորել մեր բոլոր քաղաքացիներին՝ այս օրենսդրական փաթեթն օգտագործել բառի և նախագծի տրամաբանության ամենադրական իմաստով և չբերել պրակտիկայում հնարավոր բացասական հետևանքների և ճանապարհային երթևեկության կանոնների էական խախտումների»։