կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 14:34
Քաղաքական

Սահմանադրական փոփոխություններով «գենսեկի» կարգավիճակով համակարգ է ձևավորվում. քաղաքագետ

Սահմանադրական փոփոխություններով «գենսեկի» կարգավիճակով համակարգ է ձևավորվում. քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը խորհրդարանական համակարգի կողմնակիցն է, բայց ոչ այն տարբերակով, որ առաջարկվել է Գագիկ Հարությունյանի կամ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ նախագահին ներկայացված սահմանադրական փոփոխությունների փաթեթին, Բոզոյանը շեշտեց, թե առաջարկված փաթեթն իրենից կիսակոմունիստական, կիսասովետական մոդել է ներկայացնում, նվազագույն դեմոկրատական  տեսքը պահվում է, բայց ԱԺ նախագահին տալիս են եգիպտական փարավոնների լիազորություններ, և ըստ էության` «գենսեկի» կարգավիճակով համակարգ է ձևավորվում:

 

«Փաստացի խորհրդային մոդել է: Հասկանալի է, թե ում համար է նախապատրաստվում: Եվ իզուր չէ, որ այս համակարգում և' հանրապետության նախագահը, որ ընտրվում է անկուսակցական ԱԺ-ի կողմից, և' վարչապետը, ով տեխնիկական բնույթ պետք է կատարի, բնականաբար, շինծու պաշտոններ են: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այդ շինծու պաշտոններին չի ուզի գնալ, հասկանալի է, որ այս համակարգը Սերժ Սարգսյանի համար է ձևավորվում, և փաստացի, սա հայտ է այս մարդու' իշխանության վերարտադրման համար»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

 

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում կառավարման մոդելի ընտրության համար սահմանադրական հանրաքվե պետք է անցկացնել միմիայն նոր իշխանությունների պայմաններում: Այսինքն' եթե ուզում են շուտ անցկացնել այդ հանրաքվեն, ապա պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որից հետո քննարկել, թե որ մոդելն է ընդունելի Հայաստանի պարագայում, հետո նոր միայն' սահմանադրական հանրաքվե:

 

«Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի ստվերն է, հասարակությունը հասկանում է, որ այս համակարգը, ըստ էության, միջոց է, որպեսզի գործող նախագահը վերարտադրվի, և այդ պարագայում, բնականաբար, օբյեկտիվ քննարկում չի լինի: Այս համակարգով, ընդ որում, մեծամասնական ընտրակարգով պետք է ընտրվեն լիսկաներն ու վարդանիկները, փաստորեն, դառնալու լիսկաների ու վարդանիկների օլիգհարխիկ ԱԺ: Հասկանում ենք, թե ով է լինելու այդ ԱԺ-ի նախագահը, ընդ որում, այդ նախագահը հավերժորեն կարող է կառավարել: Քանի որ Սերժ Սրագսյանը սահմանադրորեն իրավունք չունի իշխանությունը վերարտադրելու, նրանք  ստեղծել են այդպիսի մի խունջիկ-մունջիկ տարբերակ»,- ասաց Երվանդ Բոզոյանը և հավելեց, որ առաջարկվող փոփոխություններով ԱԺ լիազորություններն արհեստականորեն մեծացված են:

 

Հասարակությունը դեռ չի հասկացել, թե ինչ է կատարվում, ըստ քաղաքագետի, բայց մի քանի օրից բոլորը կհասկանան, որ սա խայտառակություն է և լուրջ վտանգ է իրենից ներկայացնում: «Սերժ Սարգսյանը սա թաքցնելու համար մի ծիծաղելի բան է  հրամցնում' ասելով, թե իբր ինքն, ըստ էության, դեմ է կիսանախագահական համակարգը փոխելուն, բայց Գագիկ Հարությունյանն առաջարկել է մի մոդել, որն այնքան էլ նրա սրտով չէ: Այսինքն' նա վախենում է ռեակցիայից, ու եթե ռեակցիան լինի, նա կասի, որ դրա հետ կապ չունի, դա Գագիկ Հարությունյանն է առաջարկել»,- ասաց Բոզոյանը:

 

Այս համակարգով, ըստ նրա,  Հայաստանը կքայքայվի ու կդատարկվի, համենայն դեպս, քաղաքագետն այս համակարգով Հայաստանի պետականությանը 5 տարվա կյանք է կանխատեսում' ոչ ավելի: «Եթե Հայաստանի ժողովուրդն ու քաղաքական վերնախավը խելքի չգան, կոպիտ ասած, ապա Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդն իր հազարամյա պատմությունը կավարտի 5 տարի անց, ես սա իմպերատիվ եմ պնդում»,- շեշտեց նա: