Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում կայացած` Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության խորհուրդների նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «պետք է պատասխանել հարցին՝ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք»:
Այսօր հրավիրված ասուլիսում նա դարձյալ նույն միտքն առաջ քաշեց. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ են նշանակում Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները, որովհետև մենք ունենք տեքստ և ունենք տեքստի տասնյակ մեկնաբանություններ, ընդ որում՝ դրանք արվում են պետական մակարդակով: Ես իմ տեքստում ասացի, որ շատ կարևոր է իմանալ, թե ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու հետագա բանակցությունների ընթացքում, որովհետև այն մեկնաբանությունները, որոնք տալիս է Ադրբեջանը հայտարարված սկզբունքների վերաբերյալ, մեզ համար անընդունելի է: Իհարկե, մենք կարող ենք մեր մեկնաբանությունն ասել, բայց մենք չենք գնում այդ ճանապարհով, որովհետև մեր խնդիրը լեզվակռվի մեջ մտնելը չէ, մենք ուզում ենք, որ համանախագահները, Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ներկայացուցիչները միասին հասկանան, թե ինչ են նշանակում այդ սկզբունքները և ինչ կարող են նշանակել գործնականում: Օրինակ՝ այդ սկզբունքներն Ադրբեջանը մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս, սա մի մեկնաբանություն է: Բայց կարող է լինել նաև մեկ այլ մեկնաբանություն` որ Ղարաբաղը կարող է լինել անկախ պետություն: Կարող է լինել նաև մեկնաբանություն, որ Ղարաբաղը կարող է լինել ՀՀ-ի մաս: Այսինքն՝ քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, թե մենք ինչի մասին ենք խոսում, իրար չենք հասկանա»,- շեշտեց Փաշինյանը:
Իսկ թե ինչո՞ւ նա այս մասին չէր խոսում 2018-ի մայիսին, վարչապետն ասաց, որ դրա անհրաժեշտությունը ծագել է Ադրբեջանի նախագահի, ՄԽ-ի համանախագահների և միջազգային այլ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում, քանի որ կան տարբեր մեկնաբանություններ՝ մի մասը` հրապարակային, մի մասը` ոչ հրապարակային:
«Ես նոր մարդ եմ բանակցություններում և ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Մի գաղտնիք բացեմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարարի հետ հանդիպում ենք ունեցել Էդվարդ Նալբանդյանի հետ և խնդրել, որ նա գա և որոշակի տեղեկություններ հաղորդի: Այս գործընթացը շարունակվում է: Ալիևի հետ հանդիպումների հետ կապված բոլոր հնարավոր դավադրությունների սցենարներ էին բան արել, բայց ավելի շատ խոսակցությունը գնացել է բանակցային գործընթացի պատմության մասին, որովհետև ես` որպես նոր մարդ բանակցություններում, բազմաթիվ հարցեր ունեմ բոլորին: Անգամ երկրի ղեկավարների հետ եմ ունեցել այդպիսի քննարկումներ: Ինձ պետք է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում: Կան մարդիկ, որ ասում են՝ պետք չի հասկանալ, եկել ես, ուրեմն նստի, ու նույն կետից եկեք շարունակենք: Բայց պետք է հասկանալ` ի՞նչ է նշանակում այդ ամեն ինչը, ամեն բառը, ամեն փուլը: Ես ստացել եմ հսկայական տեղեկություն, բայց դա ևս հսկայական տեղեկություն ստանալու անհրաժեշտություն է առաջ բերում, որովհետև սա շատ բարդ գործընթաց է, ունի բազմաթիվ նրբություններ: Իլհամ Ալիևն ավելի քան 10 տարի բանակցային գործընթացի մեջ է, համանախագահները, բոլորը, միակ մարդը, որը նոր է, ես եմ: Երկխոսության նպատակը հենց սա է՝ բազմաթիվ հարցեր պարզաբանելը: Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումը, մեր ընկալմամբ, նվիրված կլինի այդպիսի մի շարք պարզաբանումներն արդեն պաշտոնապես արձանագրելուն: Շատ հակասական տվյալներ կան, թե ինչ է տեղի ունեցել Կազանում, Վիեննայում, Քի Վեսթում: Ծագում են հարցեր. ինչքան մարդ, այնքան մեկնաբանություններ, թե ինչ է տեղի ունեցել: Այդ հարցերը պետք է պարզաբանվեն»,- ամփոփեց Փաշինյանը: