ԱՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն՝ մարտի 18-ի տվյալներով հանրապետությունում գարնանացան մշակաբույսերի համար նախապատրաստվել է 15 հազար 300 հեկտար հող, որից 2400 հա-ի վրա արդեն ցանքս է կատարվել այդ թվում՝ 1430 հա հացահատիկային, 45 հա հնդկացորեն, 725 հա յուղատու, 25 հա ընդեղեն, 75 հա բազմամյա խոտաբույսեր և 100 հա բանջարաբոստանային:
Այս մասին «
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքներն ավել են շուրջ 20 %-ով:
«Ներկայումս 55 000 հա-ի վրա կատարվել են հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ, 3000 հա-ի վրա մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներ, շուրջ 10 հազար հա-ի վրա՝ պարարտացման և ընդհանուր սնուցման և 5000 հա-ի վրա` ոռոգման: Այդուամենայնիվ, արձանագրված դրական ցուցանիշների հետ մեկտեղ կան նաև մի շարք բացասական երևույթներ, որոնք դանդաղեցնում և դժվարացնում են գարնանացանի գործնթացը: Մասնավորապես, շրջանային գյուղբաժինների կողմից պարբերաբար անվանական ցանկերում փոփոխություններ են կատարվում, որոնք իրենց հերթին բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում սերմերի ձեռքբերման և տրամադրման գործնթացում: Դրա հիմնական պատճառն այն է, որ հողօգտագործողների զգալի մասը նախապես կողմնորոշված չէ, թե ինչ մշակաբույս է ընտրելու և որտեղ է այն ցանելու: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հողօգտագործող պետք է ժամանակին տեղեկացված լինի տնտեսական տարում ոլորտում նախատեսվող ծրագրերին և առաջարկվող պետական աջակցություններին»,-մասնավորապես ասել է Վ. Ավետիսյանը: