կարևոր
2584 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-23 00:03
Հասարակություն

Անչափահասների կատարած հանցագործությունների դեպքերն այս տարի ավելացել են

Անչափահասների կատարած հանցագործությունների դեպքերն այս տարի ավելացել են

Հայաստանում 2023 թվականին անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերն աճել են: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման (ՀԱԱ) գլխավոր վարչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը:

Նշվում է, որ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում հաշվառվել է անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարված 228 հանցագործության դեպք։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է հանցագործությունների 183 դեպք։

«Հանցագործությունների գերակշիռ դեպքերը գույքային հափշտակության են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ոստիկանությունը հիշեցնում է, որ անչափահասների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ գլխի 95-րդ հոդվածով նախատեսված են պատժի տեսակներ` տուգանքը, հանրային աշխատանքները, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը, ազատազրկումը:

Նշվում է նաև, որ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ դարձնելու, ինչպես նաև անչափահասների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողները հանրակրթական դպրոցներում և ուսումնական հաստատություններում անցկացնում են հանդիպումներ, զրույց-զեկուցումներ տարբեր իրավական թեմաներով:

«Անցկացվող հանդիպումներն ու զրույցներն անչափահասներին հնարավորություն են տալիս սովորել ու իմանալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, որպեսզի զերծ մնան այլ անձանց շահագործումից (թրաֆիքինգ) ու հանցավոր այլ ոտնձգություններից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում նաև տարբեր իրավախախտումներ կատարած անչափահասների հետ, որոնց նպատակն է կանխել նրանց կողմից հնարավոր այլ իրավախախտումները:

«Ոստիկանության ծառայողները հաճախակի այցելություններ են կատարում հաշվառվողի ուսման, աշխատանքի և բնակության վայրեր, որտեղ համապատասխան կանխարգելիչ բնույթի զրույցներ են անցկացնում նրանց դասավանդող ուսուցիչների, հարևանների և նրանց հարազատների հետ` նպատակ ունենալով պարզել վերջիններիս վարքագիծը շրջապատում: Կանխարգելիչ աշխատանքներում ընդգրկվում են նաև իրավախախտ անչափահասների ծնողներն ու ընտանիքի այլ անդամները»,–հայտնում է ոստիկանությունը:

Անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառների և նպաստող պայմանների հայտնաբերման և վերացման նպատակով 2013թ. ՀՀ ոստիկանությունում ներդրվել է դպրոցական տեսուչների ինստիտուտը և ներկայումս դպրոցական տեսուչները իրենց գործունեությունն են ծավալում ՀՀ տարածքում գործող ավագ դպրոցներում և Հանրապետական թիվ 1 կրթահամալիրում:

Ոստիկանությունը կարծում է, որ դպրոցական տեսուչի ներկայությունը դպրոցներում հնարավորինս կանխում է աշակերտների միջև հնարավոր վիճաբանություններն ու ընդհարումները: