Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն շարունակում է քննարկել ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանն անդրադարձավ Փաշինյանի ելույթի այն մասին, որում նա խոսել էր վարկերից: «Ձեր ելույթում անդրադարձ եղավ վարկերին և տոկոսադրույքներին, ինչպե՞ս եք դա պատրաստվում անել, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ միջոցներով»,- հարցրեց նա:
Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Բազմաթիվ վարկային կազմակերպություններ մարդկանց ոչ միայն վարկեր են տվել, այլ դրան գումարվել է տխրահռչակ վերխերի ինստիտուտը: Քաղաքացին ստիպված է եղել 20 տոկոսը նվիրել նրանց` վարկ ստանալու համար: Պետք է շուտափույթ լուծել այս խնդիրները և լուծել այնպես, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն էլ չտուժեն»:
Վարչապետի թեկնածուն նշեց, որ խնդիրն այնքան հրատապ է, որ դրա քննարկումները պետք է սկսել օր առաջ: «Պետք է գնահատել խնդրի ամբողջական ծավալները: Որպես պատգամավոր` ինչքան էլ փորձել եմ հասկանալ խնդրի ծավալը, սակայն պաշտոնական պատասխանները չեն արձանագրում վիճակը, և պատճառը ժամկետանց վարկերն են, որովհետև շատ դեպքերում մի վարկով փակված է մյուս վարկը: Ֆորմալ առումով այն գոյություն ունի մեկ այլ ընթացիկ վարկի մեջ, որը չի փակվել»,- բացատրեց նա:
Փաշինյանի կարծիքով` պետությունը և վարկային կազմակերպությունները պետք է բանակցեն, ինչը պետք է լինի մանրամասն պլանավորված գործընթաց: «Պետությունը պետք է ի վիճակի լինի փոխհստուցել նաև վարկային կազմակերպությունների խելամիտ վնասը, սրա համար մեզ հարկավոր է պետբյուջեի եկամտային մասի կտրուկ մեծացում: Ես համոզված եմ, որ մենք դա կկարողանանք անել, որովհետև կան գաղափարներ, որոնք մեր մասնագետների վերլուծությամբ հնարավորություն են տալիս շատ արագ բյուջետային միջոցներն ավելացնել. առևտրային համակարգի փոփոխության մասին է խոսքը»,- պարզաբանեց նա:
Փաշինյանը պնդեց, որ պետք է այդ կազմակերպությունների խելամիտ ծախսերը փոխհատուցել, որպեսզի կարողանանք գյուղացիներին բեռի տակից հանել: «Այդ բեռի պատճառով մենք ունենում ենք չմշակված հողերի ընդլայնում, ինչը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը»,- հայտարարեց նա:
Հարությունյանն էլ նշեց, որ ծավալային առումով բավականին խոշոր թիվ է: Ըստ նրա` ֆիզիկական անձանց մասով շուրջ 120 և ավելի միլիարդ ցուցանիշ է: «Պետությունը նույնպես անդրադառնում է այս խնդիրներին. այս տարի 15 մլրդ սուբսիդավորման մոտեցում կա այս առումով: Հասկանանք` ի՞նչ է տեղի ունենալու, խոսքը մայր գումարների՞ն է վերաբերում, թե՞ տոկոսադրույքներին»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ ծավալներն ավելի մեծ են: «Խոսքը փիլիսոփայական առումով վերաբերում է տույժ-տուգանքներին, բայց մենք ունենք պրոբլեմ` դե յուրե գործող վարկ է, բայց դե ֆակտո տույժ-տուգանք է: Մարդուն ասում են` չես կարող փակել, արի նոր վարկ տանք, որը ներառում է թե' մայր գումարը, թե' տոկոսները, թե' տույժ-տուգանքները: Ի՞նչ մեխանիզմներով է պետք տարբերակել տույժ-տուգանքն այս իրավիճակում: Վարկային պատմությունների ուսումնասիրությունները ցույց կտան այս ամենը: Նոր վարկերի տրամադրումը, ի վերջո, այդ մարդկանց սոցիալական վիճակի ուսումնասիրությունը, կարող է շատ էական պատկերացում տալ, թե ինչ է կատարվում: Այստեղ կլիշե չկա, որ դրանով մոտենանք, որովհետև դեպքերը բազմազան են»,- նշեց նա: