կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-06 18:03
Քաղաքական

Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն. Լենա Նազարյան

Կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն. Լենա Նազարյան

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Նա, մասնավորապես, նշեց, որ իրեն դիմել է մի քաղաքացի, որը դասակի հրամանատար է` կին, և երեխայի խնամքի արձակուրդում է գտնվում:

«Երեխային խնամում է միայնակ և ցանկանում է վերադառնալ աշխատանքի, բայց մի դժվարություն ունի` բնակվում է Մեծամորում, իսկ այն զորամասը, որտեղ աշխատում է, գտնվում է Լուսակերտում: Այս խնդրով դիմել է Ձեզ, և Դուք նրան բնակարան եք առաջարկել Լուսակերտում, սակայն խնդիրն այն է, որ նա չի կարող համատեղել աշխատանքը և երեխայի խնամքը`գտնվելով իր այժմյան բնակավայրից հեռու` օգնող չունենալու պատճառով: Ես խնդրում եմ վերանայել Ձեր որոշումը և լուծում տալ այս հարցին: Ուզում եմ նաև տեղեկանալ` ի՞նչ հնարավորություններ են ստեղծված նախարարությունում կին զինծառայողների համար, որովհետև եթե կան կին աշխատակիցներ, ապա կլինեն նաև երեխաներ»,- ասաց նա:

Դավիթ Տոնոյանը փոխխոսնակի հարցին պատասխանեց. «Ես կանեմ ամեն ինչ` այդ հարցը լուծելու համար: Ըստ երևույթին` զորամասի տեղափոխություն է կատարվել: Ինչ վերաբերում է կանանց ներգրավվածությանը և կանանց աշխատանքի վայրում նրանց իրավունքների և թեթևացված ռեժիմով ծառայության կազմակերպմանը, ապա մեր կողմից ամեն ինչ արվում է, թեև աշխարհում տենդենցները հակառակն են` կանանց հավասարեցնում են տղամարդկանց և նրանց առջև դրվում են միևնույն խնդիրները: Վերջերս կառավարությունն ընդունեց ՄԱԿ-ի 1325 բանաձևի իրականացման ծրագիրը, որը  նախապատաստաստվել է  պաշտպանության նախարարության հետ սերտ  համագործակցության արդյունքում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատշաճ կերպով ուշադիր լինենք, որ մեր գեղեցիկ սեռը չտուժի: Ինչ վերաբերում է հավելավճարներին, ապա դրանք մեզ մոտ չեն գործում»:

Լենա Նազարյանն արձագանքեց նախարարի այս դիտարկմանը`ընդգծելով. «Ես, իհարկե, կողմ եմ կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, բայց կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն, և պետք է պայմաններ ստեղծել նրանց համար»:

Փոխխոսնակի այս խոսքերից հետո ներկաները չկարողացան զսպել իրենց ծիծաղը: