կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 17:58
Հասարակություն

«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը

«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը

Ազգային ժողովում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաները եւ ուուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով ներկաներին բանաստեղծի 150-ամյակի առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Թումանյանի կենսագրությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարող է անհատն իր կյանքով ու գործունեությամբ անմնացորդ նվիրվել սեփական ժողովրդին, հայրենիքին եւ իր ստեղծագործություններով ազդել մի ամբողջ ժողովրդի աշխարհայացքի ձեւավորման վրա»: Ըստ Արարատ Միրզոյանի՝ Թումանյանն արդարացիորեն կրում է «Ամենայն հայոց բանաստեղծ» տիտղոսը, իր ստեղծագործություններում ամփոփում հայ ժողովրդի իմաստնությունը, հույզերը, ցավերը եւ անսպառ հավատը պայծառ ապագայի նկատմամբ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հատկանշական է համարել այն, որ Թումանյանի 150-ամյակի առթիվ Ազգային ժողովում բացվել է լոռեցի նկարչի վրձնած աշխատանքների ցուցադրությունը:

Նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը կարեւորել է խորհրդարանում Արմեն Լոռենցի «Թումանյանական աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բանաստեղծի ստեղծագործություններն ուղեկցում են մեզ մանկուց, նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այն ազգերը, որոնք չունեն մեծեր, չեն կարող ունենալ նաեւ ապագա:

Արմեն Լոռենցը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ գիրք նվիրելու օրվա առթիվ իր հեղինակած գիրքը նվիրել ՀՀ ԱԺ նախագահին ու խմբակցությունների ղեկավարներին:

Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաներին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը, պատասխանել հետաքրքրող հարցերին եւ գիրք նվիրելու տոնի կապակցությամբ դպրոցի գրադարանին փոխանցել Լեւոն Խեչոյանի հեղինակած գիրքը: