կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 20:50
Մշակույթ

Թումանյանական յուր մեկնաբանությամբ՝ վիրահայ գեղանկարիչ Թենգիզ-Սեյրան Միկոյանցի երևանյան ցուցահանդեսը

Թումանյանական յուր մեկնաբանությամբ՝ վիրահայ գեղանկարիչ Թենգիզ-Սեյրան Միկոյանցի երևանյան ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների տան ցուցասրահում բացվել է Թենգիզ Միկոյանցի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին:

Թենգիզ Միկոյանցը թումանյանական թեմայի ի՛ր մեկնությունն ունի, և այդ մեկնությունը՝ տրված նորերս ստեղծված նկարաշարերով,  նկարչի արմատների, ի՛ր ծագման, իր ապրած միջավայրի հայկականության բացահայտման մի նոր փուլ են նաև: Մի քանի բազմակտավ նկարաշարեր է Միկոյանցը բերել Երևան. մեկն արված է հին թիֆլիսյան միջավայրում, մյուսը՝ Լոռվա աշխարհում, այն վայրում, որտեղ ծնվել, հասակ է առել, և որտեղից բանաստեղծական անսպառ ոգեշնչում է ստացել Համայն Հայոց բանաստեղծը: Մյուս նկարաշարերն էլ ստեղծվել են այն վայրերում, որոնք դարձյալ անմիջականորեն կապված են բանաստեղծի անվան հետ, որոնցում եղել է նա:  Բանաստեղծի ապրած կյանքի հետագծով շրջելով՝ Թենգիզ Միկոյանցը եղել է Ախալքալակում և Ախալցխեում, Բորժոմիում և Մանգլիսում, Կոջորիում և Աբասթումանում, Ախթալայում և Փարվանա լճի ափին, այլուր:  Նրա սույն ստեղծագործական ծրագիրը հովանավորել են «Լոռվա ձոր» մշակութային հայրենակցական միությունը, Վրաստանում գործող հայկական մշակութային-կրթական հաստատությունները:

Թենգիզի կտավներում այն վայրերն են, որոնցով անցել է Թումանյանը, որտեղ կանգ է առել նրա հայացքը, որտեղ գուցե մտովի բանաստեղծել կամ խորհել է հայոց ճակատագրի մասին... Նկարիչն, ասես, գնացել է Թումանյանի հետքերով, վերականգնել է նրա ներկայության հիշողությունը թիֆլիսյան փողոցներում և տներում, ապա տեղափոխվել է մի կարճ ընթացքով Դսեղ՝ այնտեղ ևս փնտրելու բանաստեղծի կենդանի ներկայությունը՝ բարձրուղեշ ծառերով շրջապատված հողե ճանապարհին, բանաստեղծի հայրական տան մերձակայքում, անդնդախոր ձորերի եզերքին, հայացք ձգելու հեռվում ուրվագծվող այն լեռներին, որոնց կանաչ լեռնալանջերին հաճախ է շրջել բանաստեղծի միտքը, տեսնելու և ճանաչելու այն մարդկանց սերունդներին, որոնց մի շառավիղն էլ Թումանյանն է...

Թենգիզի օջախի անունը Սեյրան է: Վրաստանում նրան ճանաչում են՝ իբրև Թենգիզ Միկոյանցի, որ ծնվել է վրացական Խաշուրի անվանյալ վայրում՝ հայկական ընտանիքում, գեղարվեստական կրթություն ստացել Մոսե Թոիձեի անվ. գեղարվեստի քոլեջում, ապա և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Թենգիզ Միկոյանցի գեղանկարները գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում, մի տասնյակից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թբիլիսիում, Ռուսաստանում, հայաստանյան տարբեր ցուցասրահներում: Դրանցից մեկը անցյալ տարի Սարգիս Մուրադյան ցուցասրահում էր՝ հին թիֆլիսյան պատկերների ցուցադրությամբ: Թենգիզ-Սեյրանին Վրաստանում ճանաչում են՝ որպես Հին Թիֆլիսի պատկերները հավերժացնող նկարչի: Հին թիֆլիսյան թեմաների գեղանկարչական արծարծումներն են հենց Միկոյանցի համար դարձել՝ որպես նկարիչ կայուն կայացման հենքը: Մինչ երևանյան ցուցադրության մասին մեր զրույցն՝ իր հետ խոսում ենք նկարչի հայկական արմատների, հայկական գենի իր զգացողության, հին թիֆլիսյան պատկերաշարերի մասին: Հատուկ ընդգծված սիրով, խանդաղանտանքով, վառ գույների ու տաք երանգների համադրությամբ են պատկերված հին քաղաքի ամեն մի նրբանցքը, շենքը, պատշգամբը, դարպասը...

«Հին Թիֆլիսի ողջ շունչը, բույրը, գույնը, տրամադրությունը բերեցիք երևանյան ցուցասրահ,- կիսում եմ տպավորություններս նկարչի հետ,-  և այդ գործերը դիտելիս՝ կարոտի զգացման ալիքը բարձրացավ հոգումս, որովհետև Հին Երևանի նույնքան կենդանի շունչը մենք կորցրեցինք մարդկային անտարբերության, անփութության, թե՞ հանցավոր անգիտության, ազգային ժառանգությունը չգնահատելու հետևանքով: Ի՞նչ եք ապրում հին Թիֆլիսը նկարելով, ի՞նչն է, որ Ձեզ ձգում է. չէ՞ որ Թիֆլիսում ամեն մի անկյուն նաև հայկական է,- մինչ օրվա թեմային անցնելը համառոտ անդրադարձ ենք անում դեպի իր թիֆլիսյան նկարաշարերը»:

«Քաղաքը, որ կառուցել են հայերը (եթե անգամ հայերը կառուցած չլինեին), ինքնին կախարդական է, հմայում է, ջերմացնում իր գույներով,- ասում է Թենգիզ-Սեյրան Միկոյանցը: -Ըստ էության, հենց ա՛յդ քաղաքը սովորեցրեց ինձ նկարել, ես երախտապարտ եմ այդ քաղաքին. նրա գույնը, երանգները, ինչով հագեցած է քաղաքը,- այդ ամենի շնորհիվ եմ նկարիչ. հիմա դա կտավներին եմ արտացոլում- դուրս բերում քաղաքի այդ ջերմությունը, որը շատ հին է, կոլորիտով, գեղեցիկ: Տների կառուցվածքը, պատշգամբները, այդ ամենի սիրուն համադրությունը, ամեն ինչ ներդաշնակված է այնտեղ: Ես գերված եմ այդ քաղաքով: Ես գիտակցում եմ, որ դա էլ օգնել է ինձ, իմ՝ որպես նկարչի կայացմանը»:

Հենց այդ անկյուններում էլ նկարիչը գտավ նաև թումանյանական հիշատակություններ.  այն տները, որոնցում բնակվել է Թումանյանը, որտեղ ինքը սիրել է շրջել, որտեղ ինքը պատիվ է առել բազմազգ թիֆլիսաբնակներից, և պատիվ է տվել՝ որպես հյուրասեր հայ, որպես մեծ մտավորական, որպես ամենայն հայոց թամադա: Հիշում եմ, որ Թումանյանի մասին հուշագրություններում կան վկայություններ, թե ինչպես իր հոբելյանին ողջ Թիֆլիսը, տարբեր ազգերի բնակչությունը, կրթօջախները, մշակութային հաստատությունները, բանստեղծին ասես ձեռքից ձեռք խլելով, հանդիսություններ են կազմակերպել, պատվել են, մեծարել... Նա Թիֆլիսի հպարտությունն էր, հայության յուրօրինակ դեմքը՝ ճանաչված բոլորի կողմից, հարգված ու մեծարված կենդանության օրոք: Արդյո՞ք այդ հիշողությունը կենդանի է այսօր Վրաստանի մայրաքաղաքում, այն վայրերում, որոնց հետ կապված է Հայոց մեծ բանաստեղծի ու Մտածողի անունը՝ հետաքրքվում եմ: Պարզվում է՝ իրականությունն այսօր այլ է: Նկարիչը երբեմն ստիպված եղել բացատրել, ապացուցել այս կամ այն վայրի հայկականության փաստը. «Երբ նկարում էի կոնսիստորիան, որտեղ աշխատել է Թումանյանը, ինձ հարցրին՝ ինչու՞ եմ ընտրել այդ վայրը: Ես ասացի, որ այստեղ հայկական եկեղեցի է եղել. ինձ հակաճառեցին, թե վրացական է: Իմ բացատրությունից հետո՝ ներողություն խնդրեցին՝ պատճառաբանելով, թե իրենց այդպես են սովորեցրել»: Ցավով եզրակացնում եմ, որ, ուրեմն՝ հայկականության, նաև թումանյանական կենդանի «ներկայության» հետքերը հետզհետե ջնջվում են: Եվ այս նկարաշարով արվեստագետը,ասես, պատմության փոշին է մաքրում, հիշողությունն է վերականգնում, դարձ է կատարում դեպի թումանյանական Թիֆլիսը: Իր գեղանկարչությամբ, ինչ-որ տեղ, ճշմարտությունն էլ է վերականգնում, հիշողությունն է կենդանացնում, արթնացնում: Այսօր արդեն թումանյանական վայրերի նկարաշարը ցուցադրվում է Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում:

Բայց սրանով չի սահմանափակվում նկարաշարը, քանի որ անցյալ տարվա աշնանը նկարիչը հատուկ այցելել է Լոռվա աշխարհ՝ Դսեղ՝ Թումանյանի ծննդավայրից թարմ տպավորությունները կտավներին հանձնելու համար, աչոք տեսնելու, սրտով զգալու այն միջավայրը, որում սկիզբ է առել թումանյանական բանաստեղծությունը, ճանաչելու մարդկանց, որոնք նույն արյունն են կրում և ապրում նույն միջավայրում, նույն բնաշխարհում, ինչ Թումանյանն իր պատանության տարիներին, գնալու դեպի պոետը՝ իր նկարագրած բնաշխարհի միջոցով, մեկնաբանելու այդ աշխարհը նորովի, քանի որ աշխարհի այդ անկյունն իր չքնաղությամբ կարող է անհաշվելի թվով ստեղծագործությունների համար ներշնչանքի աղբյուր լինել, ոնց ներշնչել է Թումանյանին...

Փնրտումս՝ գտնելու Թումանյանի գեղանկարչորեն արտահայտված տողն այս կտավներին, զուր չէ: Թենգիզն իր՝ գեղանկարչի լեզվով շարադրել է այն, ինչ խոսքի ուժով հանճարեղորեն նկարել է բանաստեղծը: Տպավորված է թե՛ Լոռվա բնության զորությամբ ու տաք գույների բազմագեղությամբ, թե՛ մարդկանցով: Հմայքը, որ հատուկ է այս վայրերին, անգամ հպանցիկ դիտելիս, հզոր տպավորություն է թողել իր վրա. անդունդների ահռելիությունը, երկրի ճեղքվածքը և դրա զույգ ափերին գունագեղվող դաշտերի լայնարձակությունը, և կղզյակի պես՝ բարձունքում՝ Դսեղը՝ բանաստեղծի հայրական տան նիստուկացի ավանդույթի մասին կենդանի հուշերով, հացատնով, իրերով, որ սովորական չեն այլևս, այլ մասունքներ են թարմ, քանզի կապված են Մեծ մարդասերի ու Հայոց բանաստեղծի անվան հետ:

Թումանյանի ծննդավայրում ստեղծվեց նոր նկարաշարը: Եվ ահա, քաղաքային միջավայրից սահուն անցում կատարվեց դեպի գյուղաշխարհը, դեպի անձեռակերտ բնությունը: «Բայց ամենից ավելի տպավորվել եմ, կախարդվել մարդկանց վերաբերմունքից,- պատմում է Միկոյանցը,- բարի են. աշխատելիս՝ մոտենում էին, հետաքրքրվում՝ ինչով կարող են ինձ օգտակար լինել... Ես նկարեցի այն վայրերը, որտեղ ծառայություն է մատուցել Թումանյանի հայրը, որտեղ նաև հենց ինքն է եղել, սիրել է այցելել: Ես հպարտ եմ, որ եղել եմ այն տեղերում, որտեղ Թումանյանն է եղել...Ես հպարտանում եմ, որ հայ եմ,- սահունորեն եզրափակում է մեր զրույցը»:

Սա էլ, թերևս, դեպի սեփական արմատները, ազգային պատկանելությանը  գալու մի հետաքրքիր ընթացք էր նկարչի համար: Իմանալով իր զտարյուն հայ լինելու անառարկելի փաստը, հիշողության մեջ ունենալով արմատներով մշեցի, ծնունդով կարսեցի, եղեռնից մազապուրծ տատի պատմությունները՝ նկարիչն արդեն կյանքով, գործով, ստեղծագործությամբ եկել, հանգել է հայկականության բացահայտման թեմային: Նրա արվեստը ջերմ է՝ գույնով, ընտրված երանգներով, զգացմունքի արտահայտման գեղանկարչական կերպով:

Այն ամենը, ինչին առնչվել է Թումանյանը, կենդանի պատկերներ են Դսեղյան նկարաշարում, իրերը շունչ են առել, կյանքի ու բնությահ հոլովույթի  պահն է արձանագրվել: Դսեղի հին տները, գյուղեզրի հնաբույր շինությունը, Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի կիսաքանդ պատերն ու կանգուն կամարները, Սիրուն խաչն ու Գիքորի աղբյուրը, Ծովեր անվանյալ տեղավայրն ու Ագռավագեղեցիկ մատուռը, Խաչելության խաչքարն ու գյուղական միջավայրի այլևայլ մանրամասներ մի-մի կտավներ են, երբեմն էլ մանրամասնված են մի քանի գործերում:

Մթնող օրվա վերջալույսի նուրբ վարդաշողանքն է իջել լեռներին. այդ գույնը տեղ-տեղ քսվել է սարերի լանջերին, խիտուբաց կապույտ երկնքով, մեղմ վարդագունված ամպերի ներքո հեռու լեռնագագաթները մանուշակագույն են. որքան լանջերը թեքվում են դեպի խիտ փռված գյուղական բնակավայրը, այնքան դարչնագույն-կանաչ են դառնում: Հանդատեղից թե նայում ես, գյուղը ասես մի մարմին լինի՝ իր միանձնության մեջ, հեռու աշխարհի ունայն անցուդարձից, ու դու գիտես, որ նրանում կյանք կա, քանի որ բնակավայրը հյուսված-միավորված է խնամված կանաչ կղզյակներով՝ տնից-տուն ընկած տարածքներում, ո՜վ գիտե, որ ժամանակներից ի վեր բաշխված մարդկանց, որ հիմնավորված են այստեղ, արմատակալած ու անանջատ այս տեսարանից: Եվ ինձ թվում է, Դսեղն այս դիտանկյունից հենց այնպիսին է եղել, ինչ հարյուն հիսուն տարի առաջ էր, հազար հարյուր հիսուն  տարի առաջ էր և բազմապատիկ անգամ ավելի.... նույն խիտուբաց կապույտ երկնքով, նույն ամպեղեն վարդաշողանքով, նույն գյուղական կենդանի շնչառությամբ...

Եկեղեցին՝ կից կառույցներով, սուր-գմբեթավոր և նույն հնության կաղնեծառը՝ հարակից բարձունքի վրա. այսպես բարձունքներ ու ձորակներ հաղթահարելով՝ վարուվեր անհարթ ճամփեքով քայլել են աղոթքի ու ապաշխարության խոսք լսելու դսեղցիները քահանայից, որի տանը հասակ էր առնում երկնքի համբույրը ճակատին կրող մանուկը: Ինքն էլ քանիցս գյուղ այցի գալիս՝ անցնում էր այդ ճամփով՝ մանկության պարզ հուշն ու իր մեծերի օրհնության խոսքերը ականջին...

Մի այլ կտավում դարձյալ նույն եկեղեցին է, այլ դիտակետից վրձնված: Խաղաղ կեսօր է, շուրջը տապանաքարերի տակ ննջում են նախնիք՝ հավանաբար նրանք, ովքեր ծառայել են այստեղ, պատարագել արևագալերին, խունկ ծխացրել և ուսուցանել գյուղի մանկանց: Իսկ հիմա մարդ-արարած չի երևում մերձակայքում. սուրբ այրի պես՝ ծերունի շինությունը անթեք կանգնել է՝ ասես արևկող արած լինի ինքը կապույտով ծաղկած երկնքի ներքո:

Լոռվա աշխարհի հեռու անկյուններում ծվարած գյուղերում հատկապես շատ են հինակառույց տները՝ գերանակապ օճորքներով, հացատներով, հին կենցաղվարության կնիքը կրող շինություններով: Նման տներ է իր Դսեղյան շարքի կտավներում պատկերել Սեյրան-Թենգիզ Միկոյանցը, և սա լոկ քաղաքային տեսարանների գեղեցկագրությունը չունի. այստեղ կորսվող աշխարհի պատառիկներն են, որ վաղը, գուցե, չլինեն՝ չդիմանալով ժամանակի քայքայիչ ու անխնա ազդեցությանը, կամ քանդվելով մարդու ձեռքով: Հին շինությունները նաև պատմություն են, և պարտադիր չէ, որ դրանք կրեն պատմական հուշարձանների պաշտոնական կարգավիճակը: Հայոց կենցաղվարության այս նմուշները հիշողություն են, բազում պատմություններ, նաև օրհնաբանություն, քանի որ նրանցում օճորքից կախ օրոցքներ են շարժվել, նանիկներ են ասվել, ծալքերում հացն է պահվել, ասքեր են հյուսվել ճրագների լույսի տակ, հասակ են առել քաջազունք և բանաստեղծներ...

Հասմիկ Սարգսյան