կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-21 12:50
Մշակույթ

Արա Բեքարյանի աշխատանքների ցուցադրությունը՝ Ազգային պատկերասրահում

Արա Բեքարյանի աշխատանքների ցուցադրությունը՝ Ազգային պատկերասրահում

Օգոստոսի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արա Վաղինակի Բեքարյանի ծննդյան 100-ամյակին: Նույն օրը տեղի կունենա նաև նկարչի աշխատանքների ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:

 

Ցուցահանդեսում ներկայացված են վաստակաշատ արվեստագետի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնց մի մասը ընտանիքի սեփականությունն է և ցուցադրվում է առաջին անգամ: Բեքարյանի բնանկարներում և նատյուրմորտներում առանձնահատուկ տեղ ունի գյուղական կյանքը՝ պարզ ու ընդհանրացված, զերծ կենցաղային, ազգագրական շեշտադրումներից: Դիմանկարներում ներկայացված են մարդկային զանազան ապրումներ՝ նկարչի մտերիմների մարմնավորմամբ:

 

Արա Բեքարյանը ծնվել է 1913 թ. հունիսի 12-ին՝ Աֆիոն-Կարահիսարում /Թուրքիա/: 1925 թվականին ընտանիքի հետ Ֆրանսիայից հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1932 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, 1939 թ.՝ Լենինգրադի համառուսական գեղարվեստի ակադեմիան: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1945-1986 թթ դասավանդել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1947-1950 թթ՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:

 

Արա Բեքարյանի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան բազմաթիվ երկրներում (Ռուսաստան, Լիբանան, Կանադա, Բելգիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Վիետնամ, Կորեա, Գանա, Լեհաստան, Հարավսլավիա, Չեխոսլովակիա, Իրան, Ճապոնիա, Մոնղոլիա, Շրի Լանկա):

 

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում /1947թ., 1963թ./, Մոսկվայում /1964թ./, Լվովում, Լուբնինում /1980թ./, Զագրեբում:

 

Արա Բեքարյանը վախճանվել է 1986 թ. հունիսի 18-ին: