կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 15:22
Աշխարհ

Արթուր Մկրտչյանի հնչեցրած ճշմարտությունն այսօր էլ արդիական է. Աշոտ Ղուլյան

Արթուր Մկրտչյանի հնչեցրած ճշմարտությունն այսօր էլ արդիական է. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը ԼՂՀ ԳԽ 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջացառմանը․

«Փետրվարն, անշուշտ, ենթագիտակցորեն ասոցացվում է ազատության համար մեր ժողովրդի պայքարի նոր փուլի մեկնարկի հետ: Այդ տարեգրության մի կարևոր ու, թերևս, ռոմանտիկ հատված կապված է Արթուր Մկրտչյան անվան հետ: «Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում է. ապրում և պաշտպանում է այդ հողը». Ղարաբաղյան շարժման էության ու գաղափարախոսական ակունքներից Արթուր Մկրտչյանի հնչեցրած այս հայտնի ճշմարտությունն այսօր էլ արդիական է, արդիական է՝ առավել քան երբևէ:

Մեր ազատագրական պայքարի հորձանուտում Արթուր Մկրտչյանի հայտնվելը այնքան բնական ու հասկանալի ստացվեց, որ կարծես նա հենց դրա համար էլ պատրաստվել էր՝ անցնելով միութենական նշանակության գիտական ու կրթական հեղինակավոր հաստատություններով և, միևնույն ժամանակ, մտքում պահելով սեփական ժողովրդի ինքնակազմակերպման ու ազատության գաղափարները: Զարմանալին այլ էր. 1988-91թթ. նրա սերունդը հստակ պատկերացում ուներ Արցախի հզոր ներուժի վերաբերյալ: Դրա մասին են վկայում նրա և այն ժամանակվա իշխանության պատասխանատուների կողմից նախաձեռնված քաղաքական գործընթացները, որոնք անխափան գործել են անգամ պատերազմի տարիներին:

Խոսքը ժողովրդի կամարտահայտության ապահովման, պետականաշինության գործընթացներում ժողովրդավարական և իրավական սկզբունքներով առաջնորդվելու մասին է: Սկզբունքներ, որոնք եղել են Ղարաբաղյան շարժման ազդարարման, Հանրապետության հռչակման, անկախության մասին հանրաքվեի, առաջին խորհրդարանական ընտրությունների և դրանց հաջորդած գործընթացների ողնաշարը: Սկզբունքներ, որոնք կարևորվել են անկախ պետականության կերտման այս տարիներին: Սկզբունքներ, որոնք ընկած են մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմքում:

Երկու օր առաջ լրացավ Արթուր Մկրտչյանի ծննդյան վաթսուն ամյակը։

Արթուր Մկրտչյանի քաղաքական գործունեության վերջին ամիսները սերտորեն կապված են առաջին գումարման խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի ձևավորման պատմության հետ: Քաղաքական ու պատերազմական թոհուբոհի պայմաններում 1991թ. դեկտեմբերին առաջին անգամ համապետական խոհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որով Արցախում ժողովրդաիշխանությունը դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Տարիների հեռվից դժվար չէ պատկերացնել թե ինչքան խոցելի կարող էին լինել մեր հիմնավորումներն ու փաստարկները, եթե պետական ինստիտուտների ստեղծման ու իշխանությունների՝ ընտրությունների միջոցով կազմավորման հարցում մենք թերանայինք:

Արթուր Մկրտչյանն ընդամենը 33 տարեկան էր, երբ ստանձնեց երկրի փաստացի ղեկավարի՝ Գերագույն խորհրդի առաջին նախագահ պաշտոնը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա առանձնացավ իր պետական մտածողությամբ։ Ու թեև պաշտոնավարեց ընդամենը 97 օր և կյանքից հեռացավ վաղաժամ, բայց ժամանակակիցների և սերունդների հիշողության մեջ մնաց որպես առաջնորդ, ում համար պետական շահն առաջնային էր ամեն ինչից և ով քաղաքականության մեջ պահպանեց մարդկային ու բարոյական դիմագիծը։ Նրա քաղաքական կենսագրությունը լավագույն օրինակն է հանրահայտ խոսքի, որ ոչինչ հավերժական չէ, իսկ պաշտոնը զուտ միջոց է ծառայելու ժողովրդին։

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ընդգծել, որ Արթուր Մկրտչյանը երկար տարիներ ու բոլոր հաջորդ հոբելյաններին շարունակելու է լինել մեզ հետ՝ որպես իր երազած երկրի պատմության անբաժան մասը և գալիք սերունդների համար՝ պետական ու քաղաքական գործչի օրինակելի կերպար:

Շնորհակալություն»։