Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է ԼՂՀ դիրքորոշումը` Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հետ կապված, և արդյո՞ք ԼՂՀ-ն ցանկանում է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը չի կարող ուրիշ լինել, քան մենք դա ասում ենք միջազգային հանրության համար, որ Արցախը ձգտում է միջազգային ճանաչման: Այս իմաստով միջազգային ճանաչման հարցը ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ ԱԺ-ի և քաղաքական իշխանությունների համար լուրջ խնդիր է, որովհետև մենք համատեղ ենք դա իրականացնում»:
ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ այդ հարցը մի քանի օր առաջ քննարկվել է Ստեփանակերտում, որտեղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստի շրջանակներում հարցը ներկայացնում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա առաջարկում էր քննարկել որոշման նախագիծ, ըստ որի` Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը:
«Ղարաբաղին ոչ մեկը չի կարող ասել, որ մենք դեմ ենք Ղարաբաղի ճանաչմանը: Այլ հարց է, որ մինչ այդ ճանաչումը որտեղից է սկսվում և որտեղ վերջանում: Տեսակետ կա, որ դա կարող է սկզբից լինել ՀՀ-ի կողմից: Տեսակետ կա, որ այդ ճանաչումը պետք է լինի մյուս բոլոր երկրների կողմից, նոր վերջում Հայաստանի կողմից դա արվի: Միջազգային ճանաչումը գործընթաց է, որն արդեն սկսված է, և մենք տարբեր կտրվածքներով ունենք որոշակի հաջողություններ, և դա պետք է շարունակվի: Մեզ համար անընդունելի է այն տարբերակը, որով ճանաչման գործընթացը հիմա փորձում են մտցնել ՀՀ ԱԺ օրակարգ: Մեզ համար ընդունելի է միայն մեկ տարբերակ, երբ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը կոնսենսուսով համաձայն կլինեն նաև այդ հարցը օրակարգ բերելուն, և ԱԺ-ն այդ հարցը կքննարկի` 131 կողմ ձայն ունենալով»:
Լրագրողների դիտարկմանը, որ «Ժառանգություն» խմբակցության մտահոգությունն է, որ, դառնալով ԵՏՄ անդամ, Հայաստանի ու Արցախի միջև կարող է մաքսակետ դրվել, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Մտահոգությունները միշտ էլ եղել են, բայց ունենք այն իրավիճակը, որ Հայաստանը հայտ է ներկայացրել և միացել ԵՏՄ-ին, և դրանից հետ իրավիճակ չի փոխվել, կարծում եմ` չի էլ փոխվի»: