կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-01 16:00
Արցախ

Ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների. Աշոտ Ղուլյան

Ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների. Աշոտ Ղուլյան

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի եւ դպրության օրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ու կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշակոթողին:

Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահը համալսարանի մեծ դահլիճում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ:

Աշոտ Ղուլյանը ներկաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ եւ հանդես եկել բանախոսությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով:

Խորհրդարանի ղեկավարն ամփոփ ներկայացրել է 25-ամյա հանրապետության ձեռքբերումներն եւ խոսել խնդիրների ու անելիքների մասին: «Մենք անկախություն ենք հռչակել, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ազատությունը: Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային նորմերի ու գործող օրենսդրության շրջանակներում, եւ այսօր իր կայացվածությամբ ու ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների», - ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Ելույթի ավարտին Ազգային ժողովի նախագահն ուսանողներին ուսումնառության տարիներն արդյունավետ օգտագործելու կոչ է արել եւ հիշեցրել, որ այսօր, առավել քան երբեւէ, պահանջված ու թանկ են գնահատվում մարդկային արարող, ստեղծագործական միտքը, գիտելիքն ու նորարարության գաղափարը: