Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք ցեղապաշտներին և ազգայնամոլներին շարունակում է հանգիստ չտալ այն միտքը, որ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը եղած Այա Սոֆիա հոյակերտ եկեղեցին ներկայում գործում է ոչ թե մզկիթի, այլ թանգարանի կարգավիճակում: Այա Սոֆիան վերստին մզկիթ դարձնելուն ուղղված գործունեությամբ հայտնի «Գաղափարական միասնության և պայքարի հարթակ» կազմակերպությունը Թուրքիայի մահմեդականներին կոչ է արել վաղը հավաքվել Այա Սոֆիայում` ուրբաթօրյա նամազի: Հարթակն այդ միջոցառումը կազմակերպում է «Նամազի համար նախատեսված գորգդ վերցրու և արի» կարգախոսով: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով թուրքական լրատվամիջոցներում հրապարակված լուրի վրա:
Աղբյուրի համաձայն` նախատեսվում է, որ նամազին մասնակից թուրք մուսուլմանները կաղոթեն նաև Այա Սոֆիան կրկին մզկիթի վերածելու համար: Ազգայնամոլ կազմակերպությունը նախատեսում է նաև նամազից հետո հանդես գալ մամլո հաղորդագրությամբ: Հրապարակված լուրերում, սակայն, չի նշվում, թե այս միջոցառման կազմակերպիչներն ինչպե՞ս են պատրաստվում մուտք գործել թանգարան. Այա Սոֆիա մուտքն ազատ չէ, և հարկ կլինի տոմս գնել:
Հիշեցնենք, որ Այա Սոֆիա (Սուրբ իմաստնություն) տաճարը կառուցվել է 532-537 թթ. Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի կողմից: Օսմանցիները 1453 թ. Կոստանդնուպոլիսը գրավելուց անմիջապես հետո այն վերածել են մզկիթի: Այա Սոֆիայում վերանորոգումներ են կատարել նաև հայ ճարտարապետ Տրդատը և հայկական ծագում ունեցող Սինան ճարտարապետը: Թուրքիայի Հանրապետության շրջանում` 1930-ական թվականներին, Այա Սոֆիան վերածվել է թանգարանի և մինչ այժմ գործում է այդ կարգավիճակում: Ժամանակ առ ժամանակ թուրք ազգայնամոլները հանդես են գալիս այն վերստին մզկիթ դարձնելու պահանջով: