Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իգդիրում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության (Uluslararası Asılsız Ermeni İddialarıyla Mücadele Derneği / ASİMDER) նախագահ Գյոքսել Գյուլբեյը պնդել է, թե Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Դերսիմի ըմբոստության առաջնորդներից Սեյիդ Ռըզայի մահվան տարելիցի առթիվ Twitter-ի իր էջում արված գրառմամբ վիրավորել է Աթաթուրքի հիշատակը։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ ASİMDER-ի նախագահը մասնավորապես նշել է․ «Դիարբեքիրի հայ պատգամավոր Կարո Փայլանը չի կարողացել հանդուրժել, որ Ադրբեջանի բանակը Լեռնային Ղարաբաղի պատերազմում պարտության է մատնել Հայաստանի բանակին։ Փայլանն իր վրդովմունքն արտահայտել է Թունջելիի (Դերսիմ) ապստամբության առաջնորդներից Սեյիդ Ռըզայի մահապատժի տարելիցին սոցիալական մեդիայում մեր երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և նրա զինակից ընկերներին կոտորած (ցեղասպանություն) իրականացնելու մեջ մեղադրելու միջոցով։ Փայլանն այդ գրառմամբ հանցագործություն է կատարել։ Մեր մեծ առաջնորդին ուղղված այդ վիրավորանքի համար միության անունից դիմում ենք արդարադատության մարմիններին և մեղադրանք ներկայացնում»։ Գյոքսել Գյուլբեյը նաև պահանջել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջոցներ ձեռնարկի Կարո Փայլանի դեմ։
Նշենք, որ Փայլանը մասնավորապես հիշեցրել էր Սեյիդ Ռըզայի հետևյալ խոսքը․ «Ես չկարողացա դիմանալ ձեր ստերին և խարդավանքներին․ դա հոգս դարձավ ինձ համար։ Սակայն ես էլ ծնկի չեկա ձեր առաջ․ թող դա էլ հոգս դառնա ձե՛զ համար», և հավելել․ «Հարգանքով հիշում եմ Սեյիդ Ռըզայի և նրա զինակիցների սպանության 83-րդ տարելիցը»։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net