Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպասումներ չկան, որ 2019-ին Ղարաբաղյան կարգավորման գործընթացում կլինի նոր զարգացում, քանի որ դրա համար չկան նախադրյալներ: Այս մասին լրագրողներին ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումից հետո նոր օրակարգի սպասումներին:
«Ամենակարևոր նախադրյալի բացակայությունն այն է, որ Ադրբեջանը չի փոխում իր մոտեցումը, քաղաքականությունը, իսկ դա նշանակում է, որ իրական բանակցային գործընթաց չի կարող տեղի ունենալ: Ըստ իս՝ բանակցային գործընթացը կարող է իրական դառնալ միայն այն դեպքում, երբ Արցախը հանդես գա որպես հիմնական մասնակից: Պատմության մեջ նմանատիպ հակամարտությունների ամբողջ տրամաբանությունը և փորձը սա են հուշում: Եթե երկու հիմնական կողմերն իրար հետ չեն նստում սեղանի շուրջը և բանակցում, որևէ իրական գործընթաց հնարավոր չէ իրականացնել: Այնպես որ` ես չեմ կարծում, որ մենք կտեսնենք իրական զարգացումներ Արցախի հարցում»,- նշեց նա՝ հավելելով, որ Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում հնարավոր է քննարկվել է անվտանգության խնդիրը, համապատասխան միջոցների ապահովումը:
Անդրադառնալով ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հայտարարությանը, թե «հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու, և հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ», Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այդ վերլուծությունը Տարասովն արել է իր զգացողությունների, զգացմունքների և ենթադրությունների հիման վրա՝ չունենալով իրական ինֆորմացիա:
«Չեմ կարծում, որ որևէ առաջընթաց կլինի բանակցային գործընթացում կամ որևէ կոնկրետ արդյունք՝ առանց Արցախի մասնակցության»,-կրկնեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է ընկալել որպես քայլ՝ ուղղված անվտանգության ավելացմանը, և որ Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումից հետո ադրբեջանական ագրեսիվությունը նվազել է:
«Կարծես թե անվտանգությունն ավելի բարձր մակարդակի վրա է: Տեսնենք, թե վերջին հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը ինչ են խոսել, և ինչ արդյունքներ կունենա այն»,- նշեց նա:
Հնարավո՞ր է ընթացիկ տարում Արցախի վերադարձ բանակցային գործընթաց, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ գործ ունենք բարդ հարցի հետ:
«Եթե նման բան տեղի ունենա, կնշանակի Ադրբեջանը սկզբունքորեն փոխել է իր դիրքորոշումը, բայց մինչև հիմա որևիցե հայտարարություն չկա ադրբեջանական կողմից, թե նման միտում կարող է լինել, որ կփոխի իր սկզբունքային մոտեցումն այս հարցում: Ադրբեջանը չի փոխի իր սկզբունքային մոտեցումը, բայց եթե այդ երկրում կտրուկ փոփոխություններ լինեն, ինչպես նաև` տարածաշրջանում, երբ Ադրբեջանը ստիպված լինի փոխել իր մոտեցումը, դա բոլորովին այլ խնդիր է»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: