կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 17:05
Քաղաքական

Հայաստանի իշխանությունները խաղում են մարդկանց ամենանուրբ զգացմունքների վրա․ իրավապաշտպան

Հայաստանի իշխանությունները խաղում են մարդկանց ամենանուրբ զգացմունքների վրա․ իրավապաշտպան

Առնվազն գրաճանաչ մարդը լավ հասկանում է, որ գործարկվելիք երկաթուղին, դրան սպասարկող համակարգերը միջազգային հարաբերություններում կոչվում են հենց միջանցք, իսկ այն կետը, որով պետք է անցնի այդ ճանապարհը, Մեղրին է։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարություն մեջ Մեղրիի մասով «միջանցք» հասկացություն չկա, կա այլ բան` «տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»:

«Հայաստանի քաղաքական, պետական գործիչները սպասարկում են թշնամու հանցավոր քաղաքականությունը։ Ապաշրջափակման մասին են խոսում այն պայմաններում, երբ Ադրբեջանն իրականացնում է ակտիվ հայատյաց քաղաքականություն: Ադրբեջանի լուտանքի ներքո Նախիջեւան-Բաքու ճանապարհ բացելը, նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կոչերը ամենեւին պատահականություն չեն։ Վերջապես ճանապարհները ապաշրջափակում են այն պայմաններում, երբ երկիրը, որի հետ դու պետք է ունենաս շփում, չի իրականացնում ակտիվ հայատյաց քաղաքականություն»,- նշեց Ալավերդյանը:

Խոսելով գործող իշխանության արտաքին դիվանագիտությունից եւ անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին՝ իրավապաշտպանը շեշտեց՝ այսօրվա իշխանությունները չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում գնալ եւ կոնկրետ հարցերի շուրջ փաստաթուղթ ստորագրել: «Այդ իշխանավոր Նիկոլ Փաշինյանն է ստեղծել անհայտ կորածների եւ գերության մեջ գտնվող անձանց՝ մեզ համար դեռեւս անհայտ թիվը։ Տխրահռչակ եռակողմ հայտարարությունը ստորագրելու պահին թեժ մարտերի մեջ գտնվող զինվորները պետք է դուրս բերվեին հանձնված տարածքներից, որտեղ թշնամին չէր մտել»,- ասաց նա:

Իրավապաշտպանն ընդգծեց՝ մոսկովյան հանդիպման ժամանակ Ռուսաստանը եւ Ադրբեջանը պատրաստ չեն եղել խոսել գերիների վերադարձի մասին, որովհետեւ այս զգայուն թեմայով Հայաստանը չի տարել նախնական աշխատանք, միջազգային բանակցություններ։ «Մոսկովյան հանդիպումից հետո ասում է՝ չի կարողացել լուծել գերիների հարցը: Համոզված եմ՝ գերիների մասին չեն խոսել ընդհանրապես։ Ռազմագերիների մասին խոսելու նախապատրաստական աշխատանք անգամ չի տարվել, այլապես Վլադիմիր Պուտինը կխոսեր, կասեր՝ ցավոք, այս անգամ չի ստացվել։ Ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Ալիեւը չեն խոսել: Խոսել է միայն պարոն Փաշինյանը, որովհետեւ ինքն է ոչ իրական խոստում տվել յուր ժողովրդին»:

Ըստ Ալավերդյանի՝ Հայաստանի իշխանությունները խաղում են մարդկային ամենանուրբ զգացմունքների վրա: «Ասում էր՝ ճանապարհները կբացենք, եթե գերիներին վերադարձնեն: Սա կեղտոտ մանիպուլյատիվ տեխնոլոգիա է, որեւէ մի բանով չհիմնավորված հայտարարություն է, որպեսզի հանրությունը դեմ չլինի այս վտանգավոր իրավիճակում ճանապարհներ բացելուն»,- հավելեց նա։

Լիանա Սարգսյան