կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-01 16:52
Արցախ

Երևանյան այցով ո՞ւմ խաղը փչացրեց Կարասինը. Տարասովի ուշագրավ հոդվածը` Регнум-ում

Երևանյան այցով ո՞ւմ խաղը փչացրեց Կարասինը. Տարասովի ուշագրավ հոդվածը` Регнум-ում

РЕГНУМ-ի սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը ծավալուն հոդվածով անդրադարձել ԼՂ  հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին:

Ըստ նրա` երբ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ ՄՆացականյանը օրերս չբացառեց Մյունխենում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումը, թվում էր, որ բանակցային գործընթացը պահպանում է իր դինամիկան: Բաքուն, սակայն,  չպատասխանեց Մնացականյանի հայտարարությանը, ինչպես սպասվում էր, նախ` խոսվեց այն մասին, որ հանդիպման ժամկետը և վայրը որոշված չեն, այնուհետև ընդգծվեց, որ ադրբեջանական կողմը դեմ է բանակցություններին` հանուն բանակցությունների, այլ աջակցում է զգալի արդյունքների նպատակին:

«Հարց է առաջանում` կարելի՞ է ենթադրել, որ Բաքուն դժգոհ է այն բանից, որ որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ, չեն ստացել իրենց շարունակությունը»,- նշում է  Տարասովը:

«Աշխատե՞լ է արտաքին գործոնը: Չի բացառվում: Հայտնի է, որ հանդիպումից առաջ  ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչի մասին են նրանք խոսել, հայտնի չէ: Ինքը` Փաշինյանը, ասել է, որ ԼՂ հակամարտության թեման չի շոշափվել, ինչը տարօրինակ է: Այնուհետև արդեն Երևանում Փաշինյանը ընդգծեց, որ խաղաղությունը տարածքների վերադարձի դիմաց քննարկման ենթակա չէ, ինչին Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանեց բավականին կոշտ: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան նշել էր, որ Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ, քանի որ  բանակցությունների անկյունաքարը հենց «օկուպացված տարածքներից» ՀՀ զինված ուժերի դուրսբերումն է: Այսինքն` Ադրբեջնի ԱԳՆ մամուլի խոսնակը նշում է, որ Երևանի և Բաքվի բոլոր բանակցությունները եղել են միայն տարածքների վերադարձի մասին, ուրիշ ոչնչի: Այստեղից հետևություն` Փաշինյանն ընդունել է այդ օրակարգը: Իսկ այժմ ադրբեջանական դիվանագիտությունը հարց է տալիս` հարկավո՞ր է, արդյոք, պարոն Փաշինյանի նման դիրքորոշումը դիտարկել որպես բանակցություններից հրաժարվելու քայլ:

«Հետաքրքրական է, որ հենց այդ ժամանակ Բոլթոնը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նշվում էր, որ կողմերը խոսել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման և դրան ԱՄՆ-ի աջակցության մասին:

Շատ փորձագետներ, և մենք նրանց հետ համաձայն ենք, կարծում են, որ Բոլթոնի զանգերը Երևան և Բաքու պատահականություն չեն: Թեև հստակություն, թե ո՞ւմ կողմից է խաղում Վաշինգտոնը, դեռ չկա: Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ը միակողմանի քննարկում է տանում միայն Ադրբեջանի հետ: Սակայն դա ինտրիգի միայն մեկ սյուժեն է:

Մյուս սցենարը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի քարտուղարության նախկին ղեկավար Էլդար Նամազովը, որի կարծիքով՝ ՀՀ նոր իշխանությունների «արևմտամետ հեղինակությունը ստեղծում է բացառիկ իրավիճակ», «բացում հնարավորությունների պատուհան», որոնցից «Ադրբեջանը պետք է օգտվի»: Իսկ ինչում է բացառիկությունը»,- գրում է Տարասովը:

Ըստ Նամազովի` պարզվում է` Ռուսաստանը «ռուս-հայկական հարաբերություններում լուրջ խնդիրների առաջացման», Հայաստանում հիմնական պետական պաշտոններում ոչ ռուսամետ գործիչների նշանակման ֆոնին «ռազմավարական մտերմություն է սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:

«Այդ իսկ պատճառով, ըստ Նամազովի, ՌԴ-ի ազգային շահերը թելադրում են ԼՂ հակամարտության հարցում իրերի դասավորության փոփոխություն, և դա կհանգեցնի Ադրբեջանին կա'մ բոլոր օկուպացված տարածքների վերադարձին, կա'մ նրանց մի մասի վերադարձին:

Միևնույն ժամանակ, Նամազովը չի բացառել, որ «հնարավորությունների պատուհանը» կարող է փակվել ՀՀ-ում իշխանափոխության՝ ռուսամետ ուժերի գալու դեպքում: Սրանից կարելի է հետևություն անել, որ «արևմտամետ» Փաշինյանը պատրաստ է «հանձնել» շրջանները, բայց այդ դեպքում նրան կարող է «խանգարել» Ռուսաստանը: Համաձայն մյուս` արդեն Երևանում տարածվող վարկածի, Ռուսաստանը, հակառակը, դրդում է  Փաշինյանին` հողեր հանձնել:

«Սակայն այս հարցում ամեն ինչ իր տեղը դրեց ոչ թե Բոլթոնը, այլ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, որն այցելել էր Երևան ու, բանակցելով Մնացականյանի հետ, իրավիճակը վերադարձրեց հունի մեջ»,- գրում է հեղինակը:

Ըստ Տարասովի` Կարասինը, խոսելով հակամարտության կարգավորման հեռանկարների ու ժամկետների մասին, կողմերին կոչ արեց «լինել իրատես, հիմնվել ողջամտության և բանակցությունների վրա»: ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նաև ասել է, որ 2019 –ին  բանակցային գործընթացում «էական առաջընթաց կարձանագրվի», թեև «ԼՂ հարցն առաջվա պես չլուծված է մնում»:

«Ահա թե ինչու է տպավորություն ստեղծվում, թե Բաքուն և ՀՀ նոր իշխանություններն «անցել են շատ զգայուն բանակցային շրջանով» ու, ի վերջո, կանգնել հին դարպասների առաջ»,- գրում է Տարասովը:

«Իսկ Փաշինյանը Քյոլնում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե` ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում` պատրա՞ստ է, արդյոք, Ադրբեջանը փոխզիջումների:

«Եվ այդ պատճառով ես բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ մենք այդ հարցին չենք պատասխանի, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել: Մի անգամ ես Մնացականյանին հրավիրեցի ինձ մոտ ու հարցրի՝ կարո՞ղ է պատահել, որ մեզ վրա դրսից ճնշում է գործադրվում, իսկ մենք գլխի չենք ընկնում, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ մենք Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Հայաստանում ամենաանտեղյակ մարդիկ ենք»,- ասել է Փաշինյանը:

«Իսկ գուցե հենց այդպես էլ կա՞»,- հռետորական հարց է տալիս Տարասովը:

Թարգմանությունը` Անի Սահակյանի