Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն իսկ մի քանի ամիս առաջ Ուկրաինայի հասարակությունը, ի տարբերություն Հայաստանի, մտավ իշխանությունների հետ լուրջ դեբատների մեջ` Եվրոպայի վերաբերյալ` ձևավորելով հասարակական կարծիքի տարբեր ճամբարներ:Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` խոսելով այս գիշեր Կիևում «Եվրամայդան» ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ուժի կիրառման մասին:
Նրա խոսքով` գաղափարական կոնֆլիկտը գիշերը վերածվեց իրական ֆիզիկական կոնֆլիկտի, երբ Ուկրաինայի նախագահը Վիլնյուսում կայացրեց իր որոշումը: Սակայն, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, եթե կոնֆլիկտը իր լուծումը չի գտնում, իսկ բռնությունները սաստկանում են, ապա այն ավելի է բարդանում, մանավանդ, երբ դրանց խառնվում են արտաքին ազդեցությունները: Մասնավորապես` Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է հաշվի առնեն ուկրաինացի ժողովրդի կամքը, իսկ Ռուսաստանը գործում է նաև իր ազդեցության դիրքերից:
«Եթե այսպես շարունակվի, Յանուկովիչը ստիպված կլինի ռուսամետ զանգվածին հանել փողոց, ինչը Ուկրաինայի համար չափազանց վտանգավոր զարգացումների պատճառ կարող է լինել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է այդ թեմայի համատեքստում հայաստանյան զարգացումներին, Ստյոպա Սաֆարյանը չբացառեց անկանխատեսելի զարգացումները, քանի որ այս տարվա փետրվարի 16-ին Պուտինը պահանջել էր փափուկ ուժ կիրառել, եթե հանրության որոշ խմբեր խոչընդոտեն եվրասիական ինտեգրացիոն նախագծերին: Եվ քանի որ Հայաստանը լյուստրացիա չի իրականացրել, ուրեմն, Սաֆարյանի կարծիքով, ոչ ոք չի կարող ասել, թե ով ինչ հրահանգ կարող է ստանալ Մոսկվայից` թե' սադրանքների, թե' ուժ կիրառելու առումով: Եվ այդ ամենը քիչ հավանական համարելով` նա կարծիք հայտնեց, որ դեկտեմբերի 2-ին հանրությունը պարզապես բողոքի ձայն կհնչեցնի:
«Ուկրաինայի համար պայքարի տեղ կար, բայց այն կասեցված են պահում, իսկ Հայաստանի պարագայում Սերժ Սարգսյանը վերջակետ է դրել: Այնպես որ` Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիրը հնարավոր է միմիայն իշխանության փոփոխությունից հետո»,- ասաց նա: Միաժամանակ համեմատելով Ուկրաինայում ընթացող բողոքը Հայաստանի հետ` Սաֆարյանը նշեց, որ Ուկրաինան չունի արտաքին վտանգներ այնպես, ինչպես Հայաստանի պարագայում է` ԼՂ հարցի հետ կապված: Ահա` ինչու Հայաստանում որևէ քաղաքական ուժ չի ցանկացել ու չի ցանկանում դառնալ այնպիսի պրոցեսների կազմակերպիչ, որի արդյունքում սերունդները կհիշեն նրան որպես դավաճանի: