կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 15:47
Քաղաքական

«Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամի ստեղծումը կոռուպցիայի դասական դրսևորում է, կլասիկ կոռուպցիոներներ են. Զարուհի Փոստանջյան

«Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամի ստեղծումը կոռուպցիայի դասական դրսևորում է, կլասիկ կոռուպցիոներներ են. Զարուհի Փոստանջյան

Մեր երկրում ոչինչ չի փոխվել, ընդամենը տեղի է ունեցել տեղափոխություն: Իսկ երկրորդ ուժը շարունակում է մնալ ԲՀԿ-ն, այսինքն՝ ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը իրավական պետություն չէ, ավելին` խորհրդարանում առկա քաղաքական պատկերը ցույց է տալիս, որ ՀՀ-ում չկա բազմակարծություն:

«Եվ եթե ԱԺ-ն իրապես ներկայացնում է մեր ազգի շահերը, ապա այն  պետք է ներկայացնի բոլոր շերտերի կարծիքները, մինչդեռ` տեղի չունեցան այն բարեփոխումները, ինչը կտաներ դրան: Հինգ տոկոսանոց շեմը և ռեյտինգային համակարգը հանգեցրին նրան, որ ՀՀԿ-ն փոխակերպվեց ՔՊ-ով: Էությունը չի փոխվել, ուստի միատեսակ քվեարկություններ են լինելու, ինչի ականատեսը եղանք: Այն, որ Արարատ Միրզոյանն, առանց դեմերի ու ձեռնպահների, 131 ձայնով ընտրվեց, վտանգավոր ցուցիչ է և խոսում է այն մասին, որ ՀՀ-ում չկա բազմակարծություն, մինչդեռ` խորհրդարանը պետք է դառնա բազմակարծության կենտրոն: Եթե դու հագնում ես բռնապետի նույն վերարկուն, դա արդեն անդրադառնում է քեզ վրա: Հիմա այդ բռնապետի վերարկուն հագել են այս քաղաքական ուժերը, որոնց առաջին իսկ քվեարկությունը ցույց տվեց, որ, նախ, չկա ընդդիմություն»,- նշեց նա:

Անդրադառնալով փաստաբանների նկատմամբ վերաբերմունքին և սպառնալիքներին՝ Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ գործադիրը պետք է քաղաքականություն վարի և հստակ ցույց տա, որ հարգում է մարդու իրավունքները, քանի որ փաստաբանի նկատմամբ ոտնձգությունն արդարադատության դեմ ոտնձգություն է:

«Պետության ներկայացուցիչները՝ ի դեմս  ոստիկանության, ցուցաբերել են անգործություն: Եվ այս անգործությունը պիտի դատապարտվի: Պետք է հասկանանք, որ ցանկացած մարդ ունի պաշտպանվելու իրավունք՝ անկախ նրանից, թե որ ուժին է պատկանում, ինչի մեջ է մեղադրվում: Այս մարդիկ ունեն պաշտպան ունենալու, իրավաբանական և բժշկական օգնություն ստանալու իրավունք: Մենք հարգում ենք, որ կա հանրություն, որն ուզում է իր բողոքն արտահայտել, բայց նույն հանրությունը պիտի հասկանա, որ 9 ամսվա ընթացքում այս կառավարությունը, որի կողմից նշանակվել են ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարները, եթե արդար է և ցանկանում է բացահայտել հանցագործությունները, ապա արդեն մեղադրական եզրակացություններ պիտի լինեին այս գործերով դատարանում: Հանրությունը պիտի հասկանա՝ սա բեմադրություն է և իրեն օգտագործում են այդ բեմադրության մեջ՝ բռնել և հետո բաց թողնել, շահարկել», -նշեց Փոստանջյանը՝ շեշտելով, որ նախնական կալանքն ազատազրկման ձևով պատիժը չէ:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին՝ Փոստանջյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններն ուղղակիորեն հակասում են փաստին, որ «Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամ է ստեղծվում:

«Սա կոռուպցիայի դասական դրսևորում է: Կլասիկ կոռուպցիոներներ են այս մարդիկ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ կոռուպցիայի վկայություն են նաև Նիկոլ Փաշինյանի, ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի ղեկավարների հեռախոսային խոսակցությունները: