կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 15:26
Տնտեսական

Կոռուպցիոներներ չկան, բայց չկան նաև խնդիր լուծողներ. Սուրեն Պարսյան

Կոռուպցիոներներ չկան, բայց չկան նաև խնդիր լուծողներ. Սուրեն Պարսյան

Այս տարի կունենանք յոթ տոկոսին մոտ տնտեսական աճ՝ ըստ առաջին ինն ամիսների ընթացքում արձանագրված տվյալների, բայց կարող էինք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճ, եթե կառավարությունն՝ ի դեմս առանձին գերատեսչությունների, կատարեր իր տնային աշխատանքը, այսինքն՝ հարկաբյուջետային քաղաքականությունը, կապիտալ ծախսերը իրականացնեին ամբողջ ծավալով. այսօր՝ հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագետ, ՀՅԴ փորձագետ Սուրեն Պարսյանը:

«Մենք կարող էինք ունենալ երկնիշ տնտեսական աճ, բայց հիմա ունենք միայն 7 տոկոս տնտեսական աճ, քանի որ պետական կառավարման համակարգը գործել է իներցիոն սկզբունքով: Որևէ կտրուկ, հեղափոխական միջոցառում չի ներկայացրել: Իրականացրել է հարկային-մաքսային վարչարարության բարելավում: Կոռուպցիոներներ չկան, բայց չկան նաև խնդիր լուծողներ: Եթե նախկինում տնտեսվարողն այս կամ այն թույլտվությունը ստանալու համար դիմում էր  մի գերատեսչության, և նրան մերժում էին, նա ինչ-որ ձևով լուծում էր այդ հարցը՝ գումարի կամ միջնորդության տեսքով: Հիմա գումարը չկա, միջնորդությունը չկա, բայց խնդրի լուծումն էլ չկա: Իսկ տնտեսվարողի համար իր խնդրի լուծումն է կարևոր՝ իր թույլտվությունը, լիցենզիան»,- նշեց նա:

Պարսյանի կարծիքով՝ պետական համակարգը պատրաստ չէ բիզնես սպասարկել, խնդիր լուծել, քանի որ նաև մոտիվացիա չունի:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ լուրջ բացասական երևույթ է նաև այն, որ պետական համակարգի ստորին ու միջին օղակներն իրենց պատասխանատվությունը փոխանցում են վերին օղակներին՝ թող ղեկավարը որոշի. արդյունքում՝ որոշումները դանդաղում են, ղեկավարները, որ հիմնականում անտեղյակ են ոլորտից կամ նոր են հետաքրքրվում, ձգձգում են կամ որոշում, որ ամենահեշտը մերժելն է:

«Հիմա պետական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ փորձում են խոշոր ֆինանսական ծրագրեր չիրականացնել, այսինքն՝ եթե տվյալ ծրագիրը 50-100 մլն-ի շրջանակում է, փորձում են այդպիսի ծրագրերից ձեռնպահ մնալ, քանի որ կարող են գալ տարբեր վերահսկողներ, տարբեր մարմիններ: Այսինքն՝ եթե մեծ փող կա, ուրեմն մեծ ռիսկ կա: Դրա համար այդ ծրագրերից հրաժարվում են, ասում են՝ լավ, թողնենք տարվա վերջ: Հիմա արդեն տարվա վերջ է, ու այդպիսի բազմաթիվ խոշոր ծրագրեր չեն իրականացվել, հատկապես՝ շինարարության ոլորտում, և արդյունքում՝ փողերը մնացել են կառավարությունում կամ նախարարությունների հաշվեհամարների վրա: Զարմանալի է, որ կառավարությունն ունի այդպիսի մեծ գումարներ, և դրանք ավանդի տեսքով դնում է Կենտրոնական բանկ և դրա դիմաց տոկոս է ստանում, երբ կարող էր ներդնել տնտեսության մեջ»,- ասաց նա:

Ընթացիկ ծախսերը՝ աշխատավարձերը, նպաստներն ավելացնելը, ըստ Պարսյանի, շատ հեշտ է, մեծ ջանք պետք չէ, բայց կապիտալ ծրագրերի համար պետք է նախագիծ կազմել, թիմ ձևավորել, մրցույթ անցկացնել, վերահսկողություն ավելացնել, ինչից էլ խուսափում են կամ առկա ծրագրերը ձախողում: «Փոխարենն ավելացնում են ընթացիկ ծախսերը, հասարակությանն ասում՝ տեսեք, ինչ լավ բան ենք անում, դա շատ կարևոր է, բայց դրա հետևանքով արգելակվում են երկարաժամկետ ծրագրերը»,- ասաց տնտեսագետը: