կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 16:17
Իրավական

Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորին պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորին պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Դատարանն այսօր քննում է երկու միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ և ՀՔԾ-ի միջնորդությունը Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ 

Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Նրա խոսքով` ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել` հիմք ընդունելով դատավորի, նրա ընտանիքի և իր միջև առկա կապը: «Մենք բավականին երկար ժամանակ լավ շփումներ ենք ունեցել, որոշ ժամանակ դասընկերներ ենք եղել, միասին դաշնամուրի ենք գնացել… Բացի այդ` դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ նույնպես ունենք շատ մոտիկ ընկերական հարաբերություններ: Ուղղակի Կապանը փոքր քաղաք է, և մենք էլ համերկրացիներ ենք: Կասկածի տակ չդնելով օբյեկտիվ անկախության էլեմենտը, այդ թվում` հաշվի առնելով, որ գրավի հարցը պետք է քննի դատարանը, կապերի այդ բազմազանությունը գուցե քննարկման առիթ տար»,- ասաց Օրբելյանը: