կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-14 12:56
Իրավական

ՈՒՂԻՂ. Երկրորդ նախագահի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին

Հունվարի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նշենք, որ Երկրորդ նախագահի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը լսեց Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպաններ Կարեն Մեժլումյանի ու Միհրան Պողոսյանի՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունները։ Վերջիններիս ելույթում հնչած «մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն իրեն թույլ տվեց հետևյալ արտահայտությունը․ «Թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրեց, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Սա վիճաբանության պատճառ դարձավ նիստի մասնակիցների միջև։ Այնուհետև տուժող կողմի ներկայացուցիչները փորձեցին այդ սպառնալիքը ներկայացնել որպես լեզվի սայթաքում։ Մեղադրող դատախազները փաստեցին, որ նիստը վերածվել է «ռազբորկայի»։ Հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստին, նիստը հետաձգվեց մինչև հունվարի 14-ը:

Առաջարկում ենք հետևել դատական նիստին՝ ուղիղ հեռարձակմամբ: