Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը հետաձգվեց մինչև վաղվա ժամը 14:00-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավորին: Հարցը քննարկվեց, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտնել, վաղվա դատական նիստն էլ տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի: Եթե չհայտնեց, գրավի հարցի քննությունը կշարունակվի»,- ասաց նա:
Նշենք, որ հարցի քննությունը մեկնարկել և հետաձգվել էր 2018թ. դեկտեմբերի 28–ին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։ Նախորդ դատական նիստում Քոչարյանի գործով քննիչը ժամանակ էր խնդրել դատարանին ինքնաբացարկ հայտնելու համար։
Ըստ քննիչի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը Մարտի 1-ի վերաբերյալ քննված գործերից մեկով ժամանակին ինքնաբացարկ է հայտնել՝ հաշվի առնելով մեղադրվող անձի հետ իր և ամուսնու ենթադրյալ անձնական կապը։
Քոչարյանի պաշտպանների խոսքով` սակայն դատավորին նման հիմքով ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտություն չկա։ Ըստ նրանց՝ այդ քայլը քննիչի կողմից իրավունքի չարաշահում է։
Հիշեցնենք, որ Քոչարյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ էլ գլխավոր դատախազությունը:
Երկրորդ նախագահի պաշտպանները համարում են, որ որեւէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:
Բացի այդ` ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաեւ այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունը սահմանափակվել է ապօրինի և գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է, որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը:
Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի` հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։