կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-19 10:26
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը ներկայացրին գործը քննող դատավորին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը ներկայացրին գործը քննող դատավորին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանին։ Այն հրապարակեց երկրորդ նախագահի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Գործը քննող դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։

Խուդոյանի պնդմամբ` հունիսի 18–ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին՝ թույլ չտալով նրանց առարկություններ ներկայացնել իր գործողությունների դեմ, ինչի արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները: Այս ամենը հիմք է հանդիսացել պաշտպանական խմբի համար պնդելու`նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժող Արթուր Ավագյանը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը` քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, մայիսի 18-ին որոշել էր ազատ արձակել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: