Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 20-ին կայացած ԱԺ նիստի օրակարգի 7-րդ՝ «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» կետը երկարածավալ քննարկումների եւ տարակարծությունների տեղիք է տվել ԱԺ պատգամավորներին եւ կառավարության ներկայացուցիչներին:
Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում էր 3 տարով սահմանափակել ընդերքօգտագործող ընկերությունների նկատմամբ կիրառվող երաշխիքը։ Օրենքի ընդունմամբ՝ «Բեյզ Մեթլս» ընկերության կողմից տարեկան պետական բյուջե գանձվող 5 միլարդ գումարը կկրկնապատկվի՝ կազմելով շուրջ 10 միլարդ:
Առաջին հայացքից շահավետ եւ ձեռնտու թվացող օրինագծի ընդունմամբ, սակայն, պետությունն անվավեր է ճանաչում «Բեյզ Մեթլս» ընկերության հետ կնքած երաշխիքի տրամադրման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2019 թվականին։ «Դաշնակցություն» խմբակցությունը կանխազգուշացմամբ մոտեցավ «անհասկանալի գործընկերության խախտմանը»՝ առաջ քաշելով կառավարության եզրակացության բացակայությունը, որը, կանոնակարգ օրենքի թելադրմամբ, համապատասխան հանձնաժողովի նախագահը եւ օրենքի նախագծի հեղինակները պետք է պահանջեին:
Պատգամավորներին հուզում էր նաեւ օրենքի ընդունման կանխորոշիչ հետեւանքները հետագա ներդրումային ծրագրերի եւ մի շարք այլ հարցերի վրա:
«Դրմբոնի, Կաշենի հանքավայրերը շահագործման հանձնելով՝ լուծում ենք շրջակա գյուղերի եւ Ստեփանակերտի մի շարք բնակիչների սոցիալական խնդիրը: 2000 աշխատատեղ ապահովող ընկերությունն իր աշխատանքները կարող է իրականացնել 1400-1500 աշխատակցով, ինչպես եւ անում էր ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ աշխատակիցների մի մասը պատերազմական գոտում էր։ Առաջարկված օրինագծի ընդունմանն ի պատասխան՝ ընկերությունը կարող է կրճատել 500-600 աշխատատեղ: Արդյունքում` հարյուրավոր քաղաքացիներ զրկվելու են 250-300 հազար աշխատավարձից եւ մնալու են անգործ: Ինչպե՞ս ենք աշխատանքի տեղավորելու այդ մարդկանց»,-ասել է խորհրդարանի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը եւ նշել, որ օրենքի ընդունմանը կարող է հետեւել նաեւ ընկերության աշխատանքի դադարեցումը:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի խոսքով՝ տվյալ օրինագծի շուրջ իր դիրքորոշումը ձեւավորվել է օրինագծի «միակողմանի քննարկումների ժամանակ», երբ խմբակցության կողմից ներկայացված փաստարկներին ի պատասխան՝ օրինագծի հեղինակների կողմից չեն ներկայացվել հիմնավոր ապացույցներ:
«Ոչ ոք դեմ չէ բյուջեի ավելացմանը, բայց մենք պետք է ունենանք երկարաժամկետ մոտեցում: Պետք է համոզված լինենք, որ 2019-ի բյուջեում 5 միլարդ եկամուտի հավելագրումը երաշխավորվում է նաեւ հաջորդ տարիներին: Կառավարության տեսակետն ի վերջո կողմնորոշիչ պետք է լիներ այս հարցում: Ինչու՞ կառավարությունը համապատասխան տեսակետ, եզրակացություն չի ներկայացրել»,-ֆինանսների նախարարին ուղղված Դավիթ Իշխանյանի հարցադրմանն ի պատասխան՝ Արթուր Հարությունյանն իր ելույթում ասել է. «Այս օրենսդրական նախաձեռնությունը պետք է բազմակողմանի քննարկվի, որպեսզի հասկանանք, թե հետագայում մենք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ: Մենք դեմ չենք բյուջե 4-5 միլարդ գումարի մուտքագրմանը: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ պետք է բազմակողմանի հասկանանք՝ օրենքի ընդունմամբ կարող է վնասենք մեր հետագա, երկարաժամկետ հատվածում ընկերության կողմից ներգրավված վարկային ռեսուրսների մարման գործընթացը եւ օրենքի ազդեցությունը հետագա ներդրումների իրականացման վրա: Ավելի իրական գնահատականներ պետք է ունենանք: Չենք կարող ասել միայն, որ բյուջեում ավելացվող գումարն ուղղելու ենք ենթակառուցվածքների վրա։ Այդ ընկերությունների վարքագիծը մենք չենք կարող կանխատեսել, որը եւ հետագայում կարող է ազդել մեր երկրի տնտեսության վրա»։
«Դաշնակցություն» խմբակցության անդամներին կառավարության ներկայացուցչի բազմակողմանի չքննարկված ելույթը «անձնական շահագրգռվածության» եւ 5 միլարդ եկամուտի հավելագրումը այլ քաղաքական էլեմենտներ տեսնելու առիթ տվեց։
«Աքաղաղի պոչը երեւում է. սադանեն մայլում քանդիրբազություն չեն անում: Հարգելիներս, մենք այստեղ եկել ենք աշխատելու մեր ընդունած օրենքների շրջանակում, իսկ այս օրինագծի ընդունումը օրենքի կոպիտ խախտում է: Ժամանակին ես նույն ամբիոնից բարձրացրել եմ այդ նույն հարցը. եթե ժողովրդի մասին այդքան շատ մտածում են, բարի լինեին այն ժամանակ ընդունեին օրենքը: Ժողովրդի մասին մտածողն օրենքով շարժվողն է, եւ դեռ չի իմացվի՝ ժողովրդի մասին մտածողն օրինագծին կողմ քվեարկողներն են, թե դեմ քվեարկողները: Տնտեսական հարցն անբարոյական է տեղափոխել քաղաքական դաշտ»,- շեշտել է Վահրամ Բալայանը եւ հայտարարել, որ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները՝ որպես ժողովրդի վստահության մանդատը ստացած ներկայացուցիչներ, չեն կարող նման գործարքների մեջ մտնել եւ մասնակցել քվեարկությանը:
Քննարկումների արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է 18 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակի է մասնակցել նաեւ «Ժողովրդավարություն» խմբակցությունը:
Հ.Գ. Այս օրինագծի ընդունումը կարծես թե հակասում է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ 2017-2020թթ. ծրագրի 2017-2020թթ. ծրագրի սոցիալ-տնտեսական եւ արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման դրույթներին:
ԱՊԱՌԱԺ