կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 15:25
Հասարակություն

Զարզանդը կոպիտ խախտումով է փոխտնօրեն նշանակվել. Բախշյանը ցնցված է

Զարզանդը կոպիտ խախտումով է փոխտնօրեն նշանակվել. Բախշյանը ցնցված է

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ցնցված է Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի` դպրոցի փոխտնօրեն նշանակվելու լուրից:

Yerkir.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը նշեց. «Հերթական անգամ ցնցվեցի: Ամեն անգամ ասում եմ` էլ չեմ զարմանալու, բայց բերանս բաց է մնացել, և դեմքիս արտահայտությունն էլ ահավոր վատ է: Հերթական անգամ այս մարդիկ ասեցին, որ իրենց այս տեսակն է անհրաժեշտ իրենց իշխանությունը պահելու համար: Ինչ օրենք, ինչ Սահմանադրություն, ինչ կարգ: Ամեն ինչի վրայով կանցնեն, միայն այդ գազան տեսակը պահպանեն: Հետո էլ ուզում ենք, որ մեր հասարակությունը բարի լինի, մեր շրջանավարտները օրենքով սահմանված կերպարն ունենան` առաքինի, ազնիվ, հայրենասեր: Մեկը ֆեյսբուքում լավ էր գրել, Զարզանդը եթե փոխտնօրեն է, ուրեմն Սուրիկ Խաչատրյանը հանգիստ կարող է արդարադատության նախարար լինել: Եվ սա մեր վերջի մասին է գուժում»:

Այն դիտարկմանը, որ տվյալ դպրոցի տնօրենը դրական է արտահայտվել Զարզանդ Նիկողոսյանի մասին, ասելով, որ նա նվիրումով է աշխատում, իսկ ոմանք էլ ասում են, թե Զարզանդ Նիկողոսյանը ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում խելացի ուսանող է եղել, Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, որ եթե նման մարդկանց որակումներով Զարզանդը խելացի է եղել, բայց ընդունակ է նաև ծեծել, ջարդել, սպանել մարդուն, ուրեմն այդ ասողները իրենց են հեղինակազրկում, այդ ասողները իրենց տեղերում չեն: Անահիտ Բախշյանը նշեց նաև, որ Զարզանդը կոպիտ խախտումով է նշանակվել դպրոցի փոխտնօրենի պաշտոնում, որովհետև փոխտնօրեն նշանակվելու համար նա պետք է ունենար 5 տարվա մանկավարժի աշխատանքային փորձ:

Ըստ Անահիտ Բախշյանի, այս նշանակման անօրինականությունն էլ վկայում է այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրենք չի կարդում, կարգ չի պահում, կամ էլ նա թքած ունի այդ ամենի վրա: Ինչ վերաբերում է այս նշանակման համատեքստում կրթության նախարար Աշոտյանի դերակատարմանը, կամ հետագա անելիքին, Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, որ Աշոտյանից չեն էլ հարցրել` Զարզանդին փոխտնօրեն նշանակելիս:

«Վստահ եմ, որ Արմեն Աշոտյանը պիտի վատ զգա, որովհետև ինքը երեկ աշակերտներին համոզում էր, որ այսօր գիտելիքն է իրենց ապագան, որ պետք է լավ սովորեն, լավ քաղաքացի լինեն, հետևաբար այս նշանակման վերաբերյալ, եթե նախարարը անգամ չբարձրաձայնի, ապա չի կարող վատ չզգալ: Սա նոնսենս է, այդ մարդը հակացուցված է դպրոցում լինելու, ուր մնաց ինքը վարի փոխտնօրենի գործը, որը պատասխանատու է երեխաների դաստիարակության համար»,- ասաց Անահիտ Բախշյանը: