Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն եւ առգրավումներ կատարելու համար դատախազությունը նոր շունչ է հաղորդել շուրջ մեկ տարվա վաղեմության հաղորդմանը։ Ընդ որում «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տվյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը նախկինում մերժվել էր, դատախազության կողմից էլ օրինականությունը ստուգվել, բայց հունիսի վերջերին որոշել են փոխել դիրքորոշումը։
Պարզվել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննվող մեկ այլ գործով դեռեւս 2018 թվականին աշնանը քաղաքացին բողոքել էր, թե, իբր, կեղծիք է կատարվել. Գործի նյութերում տեսել էր ծանուցագիր, որն ինքը չէր ստացել ու հաղորդում ներկայացրել, թե դատարանի կողմից կատարվել է կեղծիք։ Հետագայում՝ քննության ընթացքում պարզվել էր, որ իրականում դատարանը վիճարկվող ծանուցագրով նշանակված դատական նիստը հետաձգել է, քանի որ տեսել են ծանուցագիրը չի ուղարկվել եւ առանց կողմի նիստ չեն անցկացրել, ծանուցագիր են ուղարկել՝ մեկ այլ օրվա համար ու նիստերը բնականոն հունով շարունակվել են։
Պարզված հանգամանքների հիման վրա՝ ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Կողմը բողոքել է նախ դատախազության, ապա դատարան, սակայն երկուսն էլ գտել են, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը օրինական է։
Դրանից ամիսներ անց՝ հունիսի վերջերին, դատախազությունը որոշել է վերանայել տվյալ գործը։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում քննվող քրեական գործով որոշում է փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա նաեւ կասեցնել վարույթը ու դիմել ՍԴ՝ դատախազությունում սկսում են կասկածել նախկինում մերժված քրեական գործի օրինականության վրա. գլխավոր դատախազի որոշմամբ վերացվում է դեռեւս փետրվարին կայացված որոշումը եւ քրեական գործ հարուցվում՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվում է ՀՔԾ-ին։
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ դատավորի աշխատասենյակում առգրավում եւ խուզարկություն կատարվել է հենց այս քրեական գործի շրջանակներում, որն ուղեկցվել է խախտումներով։ Մասնավորապես՝ առգրավվել են դատավորի եւ նրա աշխատակիցների համակարգիչների հիշողության կրիչները։ Ավելին՝ ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։
Ասել է թե՝ ՀՔԾ քննիչներին բոլորովին այլ գործ է հետաքրքրել։
Նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանը մինչեւ հուլիսի վերջերը գտնվում է արձակուրդի մեջ, եւս ինչպես գրվել էր մամուլում, իր աշխատասենյակում առգրավում կատարելը անսպասելի է եղել նրա համար, որն այդ օրը պատահական էր գնացել դատարան։ Մինչդեռ՝ ՀՀ դատական օրենսգրքի 53-րդ հոդվածը պահանջում է, որ գործողություններից առնվազն մեկ օր առաջ դատավորը պետք է տեղեկացվի այդ մասին։
«Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին և համապատասխան դատավորին»,-գրված է օրենսգրքում, ինչը վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել եւ դատավորի անձնական համակարգչի հիշողության կրիչն առգրավվել, իսկ աշխատասենյակում խուզարկություններ են կատարվել առանց նրան նախապես տեղյակ պահելու։
Ավելին՝ նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողությունը պետք է կատարվի նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում՝ առավելագույնս ապահովելով քննչական գործողության գաղտնիությունը, նրա հեղինակությանը չվնասելու համար:
Թարմացված ԲԴԽ-ին սպասում է նոր ու հետաքրքիր փորձություն. Արդյոք կարձագանքեն հնչեղություն ունեցող քրեական գործը քննող դատավորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ու կփորձեն նվազագույնի հասցնել, չեզոքացնել բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ պարունակում են դատավորի նկատմամբ ճնշման տարրեր։