Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅ Դաշնակցության հզորագույն քույր կառույցներից մեկը` Հայ օգնության միությունը (ՀՕՄ)-ը, հավատարիմ իր առաքելությանը, երեկ ամանորյա խնջույք էր կազմակերպել Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված մեր հերոսների համար:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինվորներին ուղղված բացման խոսքում ՀՕՄ-ի ատենապետուհի Համեստուհի Սասունյանը նշեց, որ անկախ Հայաստանի բանակի զինվորներից յուրաքանչյուրը հայկական պետականության հպարտ ներկայացուցիչն է, որը թե՛ 90-ականներին, թե՛ Ապրիլյան պատերազմին և թե՛ այս տարիների ընթացքում թույլ չի տվել, որ պղծվի հայկական հողը:
«Դո՛ւք եք ներկայացնում այսօր սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորին: Հայրենիքը պաշտպանող երեք սերունդ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն է զբաղեցրել մեր ժողովրդի պատմության մեջ: Այսօր Հայ օգնության միության յուրաքանչյուր անդամի անունից Հայաստանի ամենահեռավոր գյուղից մինչև Ավստրալիայի հեռավոր ափեր, Արցախից ու Ջավախքից մինչև ամերիկաներ և եվրոպաներ ձգվող մեր միության անունից ես ձեզ` զինվորնե՛ր, ասում եմ`մենք ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- նշեց նա` մաղթելով, որ հաջորդ Ամանորին զինվորները ընտանիք կազմած կլինեն, իսկ նրանք, ովքեր արդեն կազմել են, կլինեն իրենց բալիկների հետ:
Ելույթից հետո զինվորները պարահրապարակում էին ծնողների, ՀՕՄ-ուհիների և իրենց կյանքի համար պայքարող ու յուրաքանչյուրին մայրական գուրգուրանքով շրջապատած բժշկուհիների հետ: Մեկը պարում էր` սայլակին նստած, մեկը` առաջին անգամ սայլակից վեր կացած, մյուսը` ձեռնափայտով, մեկը ծափ էր տալիս, սուլում, մյուսը` պարի հրավիրում: Ամենակարևորը` բոլորը ժպտում էին:
Մինչ խնջույքը շարունակվում էր, Yerkir.am-ի թղթակիցը զրուցում էր զինվորների հետ, որոնք ոգևորությամբ պատասխանում էին յուրաքանչյուր հարցի:
Հարցին, թե ի՞նչ են ցանկանում որպես Նոր տարվա նվեր, զինվորներից մեկը կատակեց. «40 Ձյունանուշ»: Դե, ինչպես ասում են, կատակի կեսն է կատակ, մենք էլ մեր կողմից մաղթեցինք, որ նրա ցանկությունն իրականանա, և Նոր տարին զինվորին բերի «լիքը Ձյունանուշներ»:
Մթնոլորտն աննկարագրելի խանդավառ էր, սակայն չէինք կարող զրուցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հովհաննես Պողոսյանի հետ ու չանդրադառնալ վիրավորվելու օրվան: Զինվորն ապրիլի 3-ին Թալիշում մարտական գործողությունների ժամանակ ոտքի հրազենային վիրավորում ստանալուց հետո կրկին բարձրացել էր դիրքերը, իսկ մայիսի 13-ին` վիրավորվել գլխի շրջանում՝ ընկնելով կոմայի մեջ։ Ծայրահեղ ծանր վիճակից Հովհաննեսը դուրս է եկել: Որոշակի դժվարությամբ կարողանում է ինքնուրույն քայլել, բառեր արտաբերել և կոչ է անում զինվորներին. «Ծառայե՛ք, եկե՛ք, հասե՛ք ձեր ընտանիքներին»:
Հայրենիքի պաշտպանության համար առողջությունը զոհաբերած զինվորը ո՛չ մի վայրկյան չի ափսոսում: «Ինչ արել եմ`հանուն Հայրենիքի եմ արել, հանուն դրա եմ կռվել, պետք լինի, էլի՛ կկռվեմ»,- հպարտորեն ասաց կրտսեր սերժանտը, որը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից Արիության մեդալի է արժանացել:
Հովհաննեսի հետ փորձեցինք խոսել նաև անձնականի մասին, բայց 23-ամյա երիտասարդը խուսափեց. «Հիմա ժամանակը չէ, ավելի կարևոր բաներ կան»: Իսկ թե ի՞նչն է ավելի կարևոր, նա ընդամենը լռեց…
Yerkir.am-ը զրուցեց նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն, «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյանի հետ, որը, չնայած փոքրամարմին լինելուն, հսկայական գործ է իրականացնում զինվորների համար:
Նա ցավով նշեց, որ այսօր վիրավոր զինվորները գնահատված չեն, և շատերը վիրավորումից և հերոսի կոչմանն արժանանալուց հետո մնում են իրենց խնդիրների հետ միայնակ: Նույնը` նրանց ընտանիքները:
«Իսկ այսօրվա միջոցառման ընթացքում բոլորն իրենց գնահատված զգացին: Մեր վիրավոր տղաներից որևէ մեկը երբեք չի ասում` ինչո՞ւ ես վիրավորվեցի, որովհետև բոլորն իրենց հպարտ են զգում Հայրենիքի պաշտպանությունն իրականացնելու համար: Սակայն միշտ ասում են` մենք մեր պետականության, մեր Հայրենիքի ու ժողովրդի համար մեր առողջությունը տվեցինք, մի՞թե փոխադարձ որևէ բան չպիտի ստանանք: Երբ նման միջոցառումներ են լինում, բոլորն իրենց գնահատված են զգում: Հպարտ են զգում` թե՛ այն մարդիկ, որոնք իրենց պաշտպանի մատից մի փուշ են հանում, թե՛ զինվորները: Ես զինվորներին այսքան երջանիկ շատ հազվադեպ եմ տեսել, այսօր այդ եզակի օրերից մեկն է»,-ասաց Մինասյանը:
Նա նաև ընդգծեց, որ ՀՕՄ-ը միշտ եղել է զինվորների կողքին: «Միշտ լսել էի ՀՕՄ-ի մասին, սակայն ինքս չէի պատկերացնում, որ այսքան մեծ փորձ ունի: ՀՕՄ-ը եզակի կազմակերպություն է, որը տիտանական գործ է անում, բայց որևէ տեղ չի լուսաբանվում այդ մասին: Ես տարիների ընթացքում տեսա, թե ՀՕՄ-ը որքան ծրագրեր է իրականացնում ոչ միայն զինվորների համար, այլև Հայաստանում որքան մարդկանց է օգնում: Թե՛ կառավարման և թե՛ միջոցառումների համակարգման մեջ շատ բան եմ ՀՕՄ-ից սովորել»,-անկեղծացավ Մինասյանը` նշելով, որ կենտրոնը շատ ծրագրեր չէր կարող իրականացնել առանց ՀՕՄ-ի և ՀՕՄ-ուհիների անմիջական աջակցության:
«Սնունդ, դեղորայք… Ամեն օր ինչի կարիք մեր զինվորներն ունեցել են` թե՛ անհատապես, թե՛ հավաքաբար, ՀՕՄ-ը հոգացել է: Բացառիկ աջակցություն են ցուցաբերել»,- նշեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենը:
Ըստ Հայկուհի Մինասյանի` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մոտ 40 զինհաշմանդամ կա` ստացիոնար և ամբուլատոր, որոնց թիվը կարող է ավելանալ համապատասխան ֆինանսավորում ունենալու դեպքում:
Միջոցառման ընթացքում «ԱՐԾԻՎ-30 ԱՐԱՐԱՏ» մահապարտների հատուկ ջոկատի կողմից Հայկուհի Մինասյանն արժանացավ պատվոգրի` զինվորների նկատմամբ նվիրական գործունեություն ծավալելու համար:
Զինվորների ամանորյա խնջույքը ՀՕՄ-ը կազմակերպել էր լիբանանահայ բարերար Ռազմիկ Խաչատուրյանի աջակցությամբ: Սակայն ի՞նչ Նոր տարի` առանց նվերների: Ձմեռ պապը բաժանեց զինվորների համար պատրաստված հատուկ նվերները: Անմասն չմնացին նաև ՀՕՄ-ն ու վերականգնողական կենտրոնը. բարերարն անակնկալ մատուցեց` մեկական մեքենա նվիրելով ՀՕՄ-ին և կենտրոնին:
Զինվորների երջանկությունը տեսնել էր պետք այն պահին, երբ տեղեկացան`կենտրոնին նվիրված մեքենան հատուկ հնարավորություններ ունի, որը կդյուրացնի նրանց` մեքենա նստելն ու տեղափոխվելը:
Զինվորներն է՛լ ավելի ոգևորվեցին և պարահրապարակ եկան ազգային-հայրենասիրական երգերի անզուգական մեկնաբան Արսեն Գրիգորյանի` Մրոյի կատարումներով: Սրահը թնդաց «Վերցրունք տղերք զհրացան» երգից, տղերքն ասես լսեցին` ի զեն...
Պարային և դհոլային կատարումներով, զինվորներին նվիրված կենացներով ամանորյա խնջույքը մոտենում էր ավարտին. զինվորները, նրանց ծնողները, բուժանձնակազմն ու ՀՕՄ-ուհիները միացնաբար կտրեցին թխվածքը և հրաժեշտ տվեցին նախորդ տարվան` մաղթելով, որ Նոր տարին բերի խաղաղություն, առողջություն և սեր:
Զինվորների անունից երեկոն կազմակերպող ՀՕՄ-ին և բարերար Խաչատուրյանին շնորհակալություն հայտնած զինվորներից մեկն ընդգծեց`իրենք ուրախ են այն փաստով, որ Հայաստանում դեռ մնացել են մարդիկ, ինչպես ՀՕՄ-ուհիները, որոնք կանգնած են զինվորի կողքին և ամեն կերպ աջակցում են իրենց:
«Դուք մեզ ուրախացրեցիք, խոստանում ենք` մենք էլ ձեզ կուրախացնենք»,- ասաց զինվորը:
Օրվա ավարտին Yerkir.am-ը զրուցեց նաև ՀՕՄ-ի փոխատենապետուհի Մարի Համբարձումյանի հետ: Նա չէր կարողանում թաքցնել ոգևորությունը: «Այս խնջույքը կազմակերպելու հիմնական նպատակը զինվորների աչքերում ուրախություն տեսնելն էր: ՀՕՄ-ը միշտ եղել է զինվորների կողքին, և Ապրիլյան պատերազմից ի վեր այնտեղ բուժվող զինվորներն ընտելացել են մեզ և մեր այցերին: Երիտասարդ տղաներ են, բնականաբար, սկզբնական շրջանում ամաչում էին, բայց այս տարիներին սերտ, ընտանեկան ջերմ միջավայր ստեղծվեց ՀՕՄ-ի և զինվորների միջև, և նրանք մեզ ընդունեցին որպես հարազատի:
Տարիների ընթացքում մենք ունեցել ենք վիրավորներ, որոնք անտեսված են եղել: Սա մեզ համար ցավ էր: Երբ քառօրյան սկսվեց, ՀՕՄ-ն այցելեց հիվանդանոց, ուր Դավիթ Սարգսյանը, որն այսօր այստեղ է, վիրավորվել էր մեկ տարի առաջ, այնպիսի վիճակում էր, որ եթե չլինեին երկու բժիշկները` նույնպես Դավիթ, և ՀՕՄ-ը… Մենք տեսանք տղաների, որոնք վիրավորում են ստացել տարիներ առաջ և անուշադրության մատնվել, սա ուղղակի անմարդկային է: 20 տարեկան երեիտասարդին ինչպե՞ս կարելի է անտեսել: Մենք միայն քառօրյայի ընթացքում խնդիրներ ունեցած տղաների հետ չենք աշխատում, մենք բոլորի կողքին ենք»,- ասաց Մարի Համբարձումյանը:
Նա նշեց, որ վերականգնողական կենտրոնում բուժում ստանալիս տարբեր տարիքային խմբերի տղաները մտերմացել են, իսկ դա շատ կարևոր է: «Նրանք ընտանիք են դարձել: Միմյանց շատ լավ են հասկանում և զորավիգ լինում: Միայն այն, որ այսօր զինվորները ցանկացան թխվածքը միասին կտրել, ապրելու ճիչ էր, ոչ թե` գոյատևելու, այլ` ապրելու ճիչ: Զինվորները Ձյունանուշիկ էին ուզում, ինչո՞ւ: Նրանք սեր են ուզում, գուրգուրանք են ուզում»,-նշեց Մարի Համբարձումյանը` հիշելով մի դեպք, երբ կենտրոն այցելության ժամանակ զինվոր Դավիթ Սարգսյանն անկեղծացել էր` ասելով. «Տիկի´ն Մարի, ես լավանալու եմ, ամուսնանալու եմ և երեխաներ եմ ունենալու»:
«Նրանց մեջ կյանքը չի մեռել: Մենք իսկապես ունենք հայրենիքի պաշտպաններ: Պատերազմի դաշտում իր առողջությունը կորցրած զինվորն այսօր կրկին պատրաստ է կանգնել այդ դաշտում: Սա ուղղակի աննկարագրելի է»,- նշեց ՀՕՄ-ուհին:
Հայ օգնության միության կազմակերպած այս միջոցառման նպատակը զինվորներին երջանկացնելն էր և վերահաստատելը, որ նրանք միայնակ չեն: Բոլորի հորդորն ու խնդրանքը զինվորներին մեկն էր` ապրե՛լ և ապրեցնե՛լ: Մռնչալով ապրել, բայց ապրե՛լ, ամենակարևորը` պայքարելով և սերունդ տալով ապրել: Սայլակին գամված, թե` ոտքի, պարտավո՛ր են ապրել: Մեր զինվորները լավագույնս ապացուցել են, որ կյանքը պայքար է, իսկ Հայրենիքը ո՛չ մի դեպքում այլոց չեն մատուցում…
Արազ Գայմագամյան