Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ Օգնության Միության Արցախի միավորի անդամները դեկտեմբերի 25-ին այցելել են Արցախի սահմանամերձ Մատաղիս և Թալիշ համայնքներ և ամանորյա նվերներ հանձնել տեղի աշակերտներին ու մանկապարտեզների սաներին:
ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության, ԱՄՆ Արևելյան և Արևմտյան շրջանների և անհատ բարերարների հովանավորությամբ գրենական պիտույքներ, խաղալիքներ, անձնական հիգիենայի միջոցներ, քաղցրեղեն ու հագուստի տարբեր պարագաներ պարունակող տուփերը փոխանցվել են հիշյալ երկու համայնքների փոքրիկ բնակիչներին:
ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը նշել է, որ վերջին անգամ ՀՕՄ-ը Մատաղիս և Թալիշ էր այցելել 2015թ. դեկտեմբերին, ապրիլյան պատերազմից մի քանի ամիս առաջ և հիմա անչափ ուրախ են՝ կրկին տեսնելով աշակերտների աշխուժությունն ու եռուզեռը դպրոցներում: «Դուք մեր հյուսիսային սահմանի պատվարն եք, մենք ձեր շնորհիվ ենք հանգիստ ապրում, որովհետև գիտենք, որ մեր հյուսիսային սահմանն անառիկ է: Ապրելով այս սահմանային գյուղում դուք ուժ եք տալիս մեզ բոլորիս»,- ասել է Արմինե Հարությունյանը:
Մատաղիսի միջնակարգ դպրոցում ներկայումս ուսանում է 106 աշակերտ: Դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանի խոսքով վերջին տարիներին գյուղի դպրոցականների թիվը համարյա չի փոխվել: Ըստ նրա՝ ՀՕՄ-ը մշտապես կապ է պահում դպրոցի հետ, աջակցում: «Երեխաները շատ են ոգևորվում, երբ զգում են, որ սահմանին մենակ չեն: Իսկ 2016-ի ապրիլից հետո բոլորը շատ կարճ ժամանակում վերադարձել, լծվել են իրենց առօրյա հոգսերին: 2007թ. շահագործման հանձնված դպրոցը ապրիլյան պատերազմի ժամանակ բավականին վնասվել էր: Կանադահայության միջոցներով շատ կարճ ժամանակում այն վերանորոգվեց և սեպտեմբերից ամբողջովին հիմնանորոգված դպրոցում էինք դասեր անում: Եվ աշակերտները դպրոցի «վերքերը» չտեսան»,- նշել է Գեղամ Աղաջանյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով կանադահայ Մկրտիչ Մկրտչյանին:
Թալիշի նորակառույց միջնակարգ դպրոցի ուսումնական տարին մեկնարկել է այս տարվա նոյեմբերի 4-ին, ներկայումս սովորում են 26 աշակերտներ, որոշ ընտանիքներ իրենց բնակարանների շինարարության ավարտից հետո ևս կվերադառնան Թալիշ: Թալիշի դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը գոհ է նոր դպրոցի պայմաններից, միայն որոշ մասնագետների կարիք ունեն: Նրա խոսքով՝ նման այցելությունները, ուշադրությունը ավելի են ոգևորում: Եթե անտեսված լինեին, ժողովուրդը կընկճվեր, բայց այցերը ոգևորում, թև են տալիս:
Հավելելենք, որ ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները մասնակցել են Մատաղիսի և Թալիշի դպրոցների ամանորյա գեղեցիկ հանդեսներին, որի ընթացքում էլ փոխանցել են նվերները:
Aparaj.am