Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իզմիրում (Զմյուռնիա-Ակունքի խմբագրություն) գտնվող պատմական հունական եկեղեցում խնջույք է տեղի ունեցել։ Հունական համայնքը արձագանքել է և ասել. «Մեզ խորապես վիրավորեց այս շոուն և միջոցառումը հպարտությամբ ներկայացնողներին տեսնելը»:
Իզմիրի քաղաքապետարանի կողմից որպես «Մշակութային կենտրոն» օգտագործվող Սուրբ Վուկոլոս եկեղեցում մի մասնավոր ընկերության կողմից խնջույք է կազմակերպվել։
Հունական համայնքը Թուրքիայի շատ նահանգներում կորցրել է իր բնակչությունն ու ունեցվածքը բնակչության փոխանակումից, 1936 թ. հռչակագրից, Ունեցվածքի հարկից, սեպտեմբերի 6-7-ի ջարդերից և 1964 թ. աքսորից հետո: Թեև 1936 թ․ հայտարարագրում գրանցված գույքը հետ ստանալու գործընթացը սկսվել է 2012 թ․ հետո, այնուամենայնիվ համայնքի շատ գույքեր գրանցվել են կամ փոխանցվել:
Այդ գույքերից մեկն էլ Իզմիրի Սուրբ Վուկոլոս եկեղեցին է։ 19-րդ դարում կառուցված պատմական եկեղեցին հունական համայնքի կողմից օգտագործել է մինչև 1922 թ․։ Երբ բնակչության փոխանակմամբ հույները լքեցին Իզմիրը, եկեղեցին մնաց առանց համայնքի։ 1924 թ․ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ցանկությամբ «Ասար-ի Աթիկա» թանգարանի վերածված եկեղեցին, հրդեհի պատճառով թանգարանի տեղափոխումից հետո այլևս չօգտագործվեց։
1975 թ․ հունվարի 17-ին որպես մշակութային արժեք գրանցված եկեղեցու շենքը 2003 թ․ հատկացվել է Իզմիրի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանի կողմից վերականգնված եկեղեցին սկսել է օգտագործվել որպես մշակութային կենտրոն։
Պատմական շենքի հարցն օրակարգ եկավ վերջերս այնտեղ անցկացված խնջույքով։ Եկեղեցում տեղի ունեցած խնջույքի պատկերները անհանգստացրել են հունական համայնքին։ Իզմիրի հունական համայնքի հիմնադրամի նախագահ Յորգո Թեոդորիդիսը գրավոր հայտարարությամբ դատապարտել է իրադարձությունը և նշել, որ նման խնջույքի թույլտվությունը վիրավորում է հունական համայնքին։
«ՀԻՍՈՒՍ ՄԱՐԳԱՐԵՆ ԽՆՋՈՒՅՔԻ ՆԱԽՈՒՏԵՍՏ Է ԱՐՎԵԼ»
Թեոդորիդիսը հետևյալն արձանագրեց․
«Ընկերներ, եղբայրներ.
Մեր հավատքի տաճարներից մեկում՝ Սուրբ Վուկոլոս եկեղեցում, մի ընկերության կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ, խմալկոհոլային խմիչքներ են խմել, պարել են, մեր Հիսուսի կերպարը դարձվել է որպես խնջույքի ուտեստ: Չենք կարողանում բառեր գտնել մեր զգացմունքներն արտահայտելու համար։ Մեր կոկորդում կանգնած կծիկը թույլ չի տալիս խոսել։ Մյուս կողմից էլ հավատում ենք, որ առանց որևէ բան ասելու էլ մեզ կհասկանաք։ Քանզի այն, ինչ այսօր ապրում ենք, չի տարբերվում պատմության ընթացքում տարբեր կրոնների ներկայացուցիչների ենթարկված տարբեր ոտնձգություններից: Մարդկությունը դեռևս փորձում է սովորել հարգել դիմացինի սրբությունը։ Եղբայրներ, բոլոր կրոնները սուրբ են: Բոլոր կրոնական վայրերը սուրբ են: Բոլոր մարգարեները սուրբ են, և թե ինչպես վերաբերվել սրբությանը՝ որոշված է համընդհանուր կանոններով: 1886 թ․ կառուցված Սուրբ Վուկոլոս եկեղեցին էլ պատմության ընթացքում հազարավոր մարդկանց վերքերին դարման լինելու համար, Աստծուն երկրպագելու համար, գոհաբանության համար աղոթելու, պատսպարվելու և սուրբ պահելու մի վայր է։ Նրա պատերը կրում են աղաչանքների և աղոթքների հետքերը։ Նրա սրբապատկերները դարեր շարունակ մարդկանց բարության կոչ են անում: Ճիշտ ինչպես մզկիթները, ինչպես սինագոգները, այն Աստծո տունն է: Սա բարության բունն է: Մենք լիովին հավատում ենք, որ այստեղ անցկացված խնջույքի պատկերները կխռովեն բոլոր իզմիրցիների սրտերը, նույնիսկ տարբեր կրոնների պատկանող, քանի որ որպես քրիստոնյաներ, մենք մեծ վիրավորանք կզգայինք, եթե այս պատկերները տեսնեինք մզկիթներում և սինագոգներում: Այս տեսարանում, ինչին արժանացել է Հիսուսը, մենք չէինք հանդուրժի, որ արժանանային Մուհամեդը կամ Մովսեսը։ Չպետք է կարողանանք։ Հակառակ դեպքում կտուժի մեր մարդ լինելը։ Հակառակ դեպքում մենք բարբարոս ենք։ Սիրելի իզմիրցի եղբայրներ, դարեր շարունակ կողք կողքի ազանի, զանգի և հազզայի (հուդայականների աղոթականչ-Ակունքի ծնթ․) ուղեկցությամբ Աստծուն աղոթած այս քաղաքում առաջին անգամ տեղի ունեցած այսպիսի իրադարձությունից հետո Իզմիրի քաղաքապետարանի կողմից որպես մշակութային կենտրոն օգտագործվող մեր եկեղեցում և մյուս սրբավայրերում իրականացվող միջոցառումներում մեր կրոնական զգացոււմների նկատմամբ խնդրում ենք ավելի նրբանկատ լինել և ղեկավարությունից օգնություն ենք հայցում, որպեսզի նման անզգամություն այլևս չցուցաբերվի։
Ընկերությամբ, սիրով, երախտագիտությամբ և միշտ միմյանց հանդեպ հարգալից կյանքի հույսով»։
«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ՍԽԱԼԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՉԿՐԿՆՎԻ»
Հունական համայնքի աշխարհիկ առաջնորդներից Լաքի Վինգասը ևս այս հարցին արձագանքել է Twitter-ի միջոցով։ Հիշեցնելով, որ իրենց եկեղեցիներում պատարագ անելու համար պետք է թույլտվություն ստանալ նահանգապետարանից, Վինգասն ասել է. «Մեզնից շատերին, ովքեր ականատես են եղել, թե ինչ դժվար, հաճախ անհնար է թույլտվություն ստանալ մեր եկեղեցում աղոթելու և պատարագելու համար՝ խորապես վիրավորեց այս շոուն և միջոցառումը հպարտությամբ ներկայացնողներին տեսնելը։ Հուսով եմ, այս սխալը ոչ մի տեղ չի կրկնվի»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net