Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՀՕՄ-ի օժանդակության ծրագրի կիզակետում Հայաստանն ու Արցախն են. «Երկիր Մեդիա»-ի հետ զրույցում ասաց ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետուհի Արմենուհի Տերտերյանը:
Ըստ նրա` նկատի ունենալով, որ հայրենիքում ժողովուրդը դիմակների, պաշտպանիչ հագուստների, ձեռնոցների ու թեստերի կարիք կունենա, ՀՕՄ-ը օժանդակության փաթեթներ է նախաձեռնել Հայաստանի ու Արցախի համար: Արմենուհի Տերտերյանը նշեց, որ, դժբախտաբար, թեստեր դեռ ձեռք չեն բերել, քանի որ ամբողջ աշխարհում դրանք ձեռք բերելու դժվարություն կա, սակայն պաշտպանիչ միջոցների առաջին խմբաքանակն արդեն հասցվել է Հայաստան դեռևս մարտի սկզբին, իսկ երկրորդն արդեն պատրաստ է ուղարկման:
«ՀՕՄ կենտրոնական վարչությունը նաև օգնության համազգային հիմնադրամ է ստեղծել, որովհետև մեր մտահոգությունը միայն ներկան չէ, այլև մեր ժողովրդի ապագան` լինի հայրենիքում, թե` սփյուռքում: Կորոնավիրուսի համաճարակի անցնելուց հետո պետք է մտածենք նաև մեր գաղութները պահպանելու մասին»,- ասաց ՀՕՄ-ի ատենապետուհին:
Նա հայտնեց, որ տարբեր միջոցներ են փնտրում, որ եվրոպական երկրներից ու Չինաստանից Հայաստանի ու Արցախի համար ձեռք բերեն բժշկական սարքավորումներ, առաջին հերթին` թոքերի արհեստական օդափոխման թանկարժեք սարքերը: Տերտերյանն ընդգծեց, որ իրենց ծրագրերը կարողանում են իրականացնել նվիրատվությունների շնորհիվ:
Նա ներկայացրեց նաև ԱՄՆ-ում, մասնավորապես`Կալիֆոռնիայում տիրող իրավիճակը, ընդգծեց, որ բարեբախտաբար, աշխարհում սփռված հայկական գաղութներում վարակվածների թիվը դեռ չի աճել, թեև մահացողներից մեկը հայ երիտասարդ էր, որ վերադարձել էր ճանապարհորդությունից: Արմենուհի Տերտերյանի տեղեկացմամբ` ՀՕՄ-ը և ուղեկից կազմակերպությունները` Համազգայինը, ՀՄԸՄ-ն, Հայ դատի գրասենյակները, ձեռք ձեռքի տված, օգնության են հասնում բոլոր կարիքավորներին, գաղութների տարեց անդամներին` մատակարարելով տաք ճաշ, առօրյա անհրաժեշտ պարագաներով տուփեր և այլն:
Արմենուհի Տերտերյանն անդրադարձավ նաև ՀՕՄ-ի 110-ամյակին նվիրված տոնակատարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկելուն: Այն պետք է տեղի ունենար Հայաստանում ու Արցախում աշնանը և նվազագույնը վեց ամսով հետաձգվել է:
Հիշեցնենք՝ ՀՕՄ-ը, ՀՅ Դաշնակցության աջակցությամբ, արձագանքելով Արցախի առողջապահության նախարարության օժանդակության կոչին, առողջապահական պարագաներ, այդ թվում մեծ քանակությամբ էլեկտրոնային ջերմաչափեր է ուղարկել Արցախ։
Հայ Օգնության Միությունը բժշկական պարագաների առաքման համար պայմանավորվածություններ էր ձեռք բերել ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ դեռևս մարտի սկզբին, երբ, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միությունը (ՀՕՄ) և «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնը, կորոնավիրուսի տարածման և կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, օժանդակություն (դիմակներ, սանիտարահիգենիկ պարագաներ, բամբակյա սպունգներ, բախիլներ, թերմոմետրեր, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլն) ուղարկեցին ՀՀ և Արցախ։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին ՀՅ Դաշնակցության Բյուրոն կոչ էր արել կուսակցական կառույցներին եւ ուղեկից միություններին՝ բոլոր ջանքերը գործադրել համավարակի դեմ պայքարի համար։