Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան օրն է:
Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին, Արարատի մարզի Չանախչի (այժմ` Զանգագացում) գյուղում:
ԱՊՐԵԼ
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես - ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ...
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...
* * *
Լավագույնը
Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ,
Փակ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների`
Բաց աչքերովը:
Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:
Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի կամանեում հսկա կայսրություն:
Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:
Լավագույն դիմակն այն է, անակասկած,
Որ կոչվում է դեմք:
Լավագույն դերը`
Վատ խաղացվածը:
Լավագույն սերը `
Կիսա~տ թողածը:
Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է:
Լավագույն կապիկն աշխարհում
Մարդն է երևի:
Լավագույն մարդն էլ
Ներեցեք... ես եմ...
* * *
ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...
Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...
Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...
Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...
Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...
Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Սևակի նամակը Սուլամիթային
Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. «Սուլաաաա»: Ես անդիմադրելի լաց եմ:
Իմ հոգում թախիծ է:
Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի:
Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել…
Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ:
Ինչու՞ եկար: Պետք չէր…
Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ:
Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել:
Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:
…Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ:
Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ:
Էլ գրել չեմ կարողանում:
Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ:
Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞:
Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ:
Սուլաաա:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ:
Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ:
Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի:
Սիրելիս:
Սիրելիս:
Սիրելիս:
Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում:
Վաղվանից սկսելու եմ:
Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր:
Ես միշտ քոնն եմ լինելու:
Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն:
Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի:
Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:
… Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը:
Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:
Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի:
Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը…
Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն…
Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել!!!»
“3.5.1961թ.
Երևան
Պարույր Սեւակը մահացել է 1971 թվականի հուլիսի 17-ին` ավտովթարից։
Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի` Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան` զոքանչի քառասունքին ներկա գտնվելու։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել` պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին, ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները` մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։
Ըստ մեկ այլ վարկածի` գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով: