կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-18 16:05
Քաղաքական

Մինչև Ադրբեջանը 100 տոկոսով վստահ չլինի, որ ևս 800 հա կարողանալու է ստանալ, հարձակման չի դիմի. ադրբեջանագետ

Մինչև Ադրբեջանը 100 տոկոսով վստահ չլինի, որ ևս 800 հա կարողանալու է ստանալ, հարձակման չի դիմի. ադրբեջանագետ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով` նման քայլը չի նշանակում, որ  Ադրբեջանի պաշտպանությունն ավելի թուլանում է, այլ նշանակում է, որ Ադրբեջանը  վերադասավորում է իր ուժերը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այնպես չէ` Ադրբեջանի սահմանապահները քաղաքացիական անձինք են և չեն կարող ռազմական գործողությունների մասնակցել, այսինքն` իրավիճակի սրման դեպքում այդ սահմանապահները ԶՈՒ-ից ոչ պակաս կմասնակցեն գործողություններին:

«Կարծում եմ` Ադրբեջանն ավելի շատ ռազմական ուժերի տեղափոխման հարց է լուծում, իսկ այդ տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, Արցախի ուղղությամբ է լինելու, այնտեղ ամրացնելու են իրենց ԶՈՒ-ն: Սա, բնականաբար, մեզ համար ազդանշան է, որ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է ռազմական գործողությունների: Դրա մասին է խոսում նաև այս տարի զենքի գնման պայմանագրերի կնքումը: Նրանք Իսրայելի, Բելառուսի և Ռուսաստանի հետ պաշտոնական մակարդակով ֆիքսեցին, որ զենքի գնման նոր պայմանագրեր են պատրաստվում կնքել: Իսրայելի գործոնն այստեղ ամենաառանցքայիններից է, քանի որ պատերազմի ժամանակ մեզ մոտ ամենալուրջ խնդիրներն առաջացնողներից մեկն էլ իսրայելական կամիկաձե-դրոններն էին, այսինքն` այդ զենքի գնման էֆեկտիվությունն ադրբեջանական կողմի համար բարձր է»,- ասաց Էլիբեգովան:

Նրա խոսքով` մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մի կողմից զինվում է, մյուս կողմից` վերադասավորում առաջնագիծը, իսկ Ալիևն էլ խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը չի բացառում խնդրի լուծման ռազմական տարբերակը և շարունակելու է զինվել: Այսինքն` բանակցային պրոցեսը եթե չշարունակվեց այն հունով, որը պետք է Ալիևին, ապա, ըստ ադրբեջանագետի, Ադրբեջանը դիմելու է ռազմական ճանապարհին, և այդ ակնարկները դարձել են բավականին ակնհայտ:

«Այս ընթացքում մենք ունեցել ենք քարտ բլանշ, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծենք, ներքաղաքական իրավիճակը հանդարտվի և հնարավորություն ունենանք արտաքին քաղաքականությամբ զբաղվելու: Այդ ժամանակը մեզ մոտ սպառվում է, և ադրբեջանական կողմն ակնկալում է լուծումներ, որի մասին խոսում է շատ բաց: 2019-ին Արցախյան հարցը պետք է ինչ-որ հանգուցալուծում ստանա, և այդ մասին խոսում են նաև համանախագահները` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, իսկ Ֆրանսիան այժմ իր ներքաղաքական խնդիրներով է զբաղված և առանձնապես մեր ժամանակը չունի: Այսինքն` բոլորը և' ճնշումներ, և' պարտադրելու տարբեր մեխանիզմներ են գործի դնում հայկական կողմի հանդեպ, որպեսզի կարողանան որևէ լուծում կորզել, և պարտադիր չէ, որ այդ լուծումը լինի հօգուտ հայկական կողմի»,- ասաց Էլիբեգովան:

Այս ամենով հանդերձ` նա Արցախի հարցով ներկայիս մեր իշխանության հստակ օրակարգային դիրքորոշումը չի տեսնում: «Ես չեմ տեսնում` Արցախը նստո՞ւմ է բանակցային սեղանի շուրջ, թե՞ ոչ, ո՞ւր ենք գնում: Քանի որ այս հարցերի լուծման մեխանիզմների մասին բաց չի խոսվել, ես` որպես փորձագետ, չունեմ վերոհիշյալ հարցերի պատասխանները: Ինձ թվում է` դեռ ոչ մի տեղ չենք շարժվում, փորձում ենք ընտելանալ պրոցեսին, ծանոթանալ ու հասկանալ` ինչպես ենք այդ ձևաչափի մեջ տեղավորվում»,- ասաց ադրբեջանագետը:

Ինչ վերաբերում է խնդրի լուծման` հասարակության ընկալումներին, ապա ադրբեջանագետը նշեց, որ չի հանդիպել որևէ սոցհարցում, որում կշոշափվեին նաև Արցախի հարցի հանգուցալուծման վերաբերյալ հասարակության ընկալումները: Էլիբեգովայի հավաստմամբ` այն, որ մեր հասարակությանը տարբեր խաղաղասիրական նախագծերով միակողմանիորեն փորձում են պատրաստել խաղաղության, փաստ է, ինչը չես կարող ասել  ադրբեջանական հասարակության մասին: «Պաշտոնական Բաքուն խոսում է ռազմական ճանապարհով հարցի լուծման մասին, և նրանք հասարակությանը խաղաղության չեն պատրաստում, իսկ այստեղ ինչ-որ աշխատանք այդ ուղղությամբ արդեն իսկ տարվում է»,- ասաց նա:

Մեր հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, արդյո՞ք սա չի հստակեցնում հայկական կողմի տեսակետը, Էլիբեգովան պատասխանեց` ոչ, դա նրան ավելի շատ է խճճում: «Երբ ասում են` Արցախն էլ պետք է լինի բանակցային կողմ, 30 տարի է` մենք ասում ենք` պետք է լինի, բայց ադրբեջանական կողմն էլ ասում է` չպետք է լինի: Ակնկալիքը, որ Արցախը միանալու է բանակցային գործընթացին, ինձ համար պարզ չէ, թե ինչպես պետք է իրականացվի: Ես մի շարք հարցերի պատասխաններ չունեմ»,- ասաց նա:

Մեր հաջորդ հարցին, թե, ինչպես նշեց Էլիբեգովան,` Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է ռազմական գործողությունների, արդյո՞ք Ադրբեջանի համար Արցախյան հիմնահարցի լուծման միակ տարբերակը սա է այս պահին, նա պատասխանեց, որ այս պահին` ոչ, քանի որ Ադրբեջանում մի շարք խնդիրներ կան: «Ադրբեջանում ներիշխանական լարվածություն կա, ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, որը կարող է ստանձնել լուրջ քաղաքական պրոցեսներ: Կա նաև սոցիալական բողոք, որն անկառավարելի է: Ալիևին հասարակության ուշադրությունը շեղելու համար մի կողմից ձեռնտու է լարում մտցնել սահմանին, մյուս կողմից` ոչ, քանի որ եթե լարումը սահմանին հասցնում ես էքսկալացիայի, որը միանշանակ չես հաղթում, այդ դեպքում ներսում ավելի ծանր հետևանքներ կարող ես ունենալ: Այսինքն` եթե հասարակության ռևանշիստական պահանջը չես կարողանում բավարարել, ավելի վատ կարող է լինել, ուստի Ադրբեջանը չի շտապում գնալ այդ քայլին: Մինչև Ադրբեջանը 100 տոկոսով վստահ չլինի, որ ևս 800 հա կարողանալու է ստանալ, հարձակման չի դիմի»,- ասաց Էլիբեգովան:

Նրա խոսքով` Ադրբեջանին հաջողված պատմություն է պետք, և դա լինելու են Շուշիում բանտարկված դիվերսանտները: Ադրբեջանը, ըստ Էլիբեգովայի, ամբողջ ուժով լծվել է նրանց հետ ստանալու գործին, քանի որ Ռամիլ Սաֆարովի պատմության փառքը կամաց-կամաց խամրում է, իսկ Ադրբեջանին նոր դեպքեր են պետք: