Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է՝ միայն ղեկավարության կողմից դատավորներին զանգելու պրակտիկան վերացնելը բավարար չէ դատական համակարգի բարելավման համար, որ այն լինի լիարժեք անկախ:
«Իհարկե, բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է, որովհետև առանց դրա ուղղակի անհնար է դատական անկախ համակարգ ունենալ: Եվ եթե մենք դա իրականում երաշխավորենք, դատական համակարգի ներսում պրոցեսներ կսկսվեն, որոնք իրապես կբերեն դատական համակարգի անկախացման: Այսինքն՝ եթե մենք երկու բան երաշխավորենք` առաջին՝ իշխանական թելադրանք չի լինելու, ընդ որում՝ իշխանական թելադրանք ասելով` պետք չէ հասկանալ միայն իմ միջամտությունը, հարցին պետք է բազմակողմ նայել, որովհետև եթե երկրի ղեկավարը դադարում է դատարանին հրահանգ տալ, բայց դատական համակարգը սովոր է այդ շրջանում այդպես աշխատել, վակուում է առաջանում, դատարկ տեղ: Ես երբեմն ստանում եմ տեղեկություններ, որի հեղինակներն ինձ հավաստիացնում են՝ Դուք չեք միջամտում, բայց իշխանության մեջ կան օղակներ, որոնք հնարավոր է` միջամտում են: Ես բոլոր նման դեպքերին արագ արձագանքում եմ՝ հասկանալու համար՝ կա՞ նման բան, թե՞ չկա: Ապացույցներ այս պահին չունեմ, որ նման բան եղել է, և երբ կունենամ ապացույցներ, այդ մարմնի ղեկավարը, այդ գործողությունը թույլ տված պաշտոնյան տեղում կազատվի աշխատանքից, տեղում՝ առանց այս ու այն կողմի:
Երկրորդ՝ երբ ասում ենք` նախկինում իշխանություններից հրահանգ է գնացել, դա կոնկրետ անձանց միջոցով է եղել, հիմա այդ անձինք կան, նրանք ունեն նույն հեռախոսի համարները, նույն ուղիները, որոնցով այդ հրահանգները տալիս էին, ոմանք մինչև հիմա նույնիսկ կառավարական կապ ունեն՝ օրենքով հասնում է նրանց: Հարց՝ արդյո՞ք այդ ուղիներն օգտագործվում են` դատական համակարգի վրա ազդելու համար: Ես 100 տոկոսով վստահ չեմ, համոզված չեմ:
Երրորդ՝ արդյո՞ք այսօր մեր դատական համակարգում կաշառք կա: Ես այս հարցին 100 տոկոսով չեմ կարող բացասական պատասխան տալ, որովհետև եթե մեր երկրի հարկային մարմիններում, այլ պետական մարմիններում դեռ տեսնում ենք` ձերբակալություններ են տեղի ունենում, զինկոմիսարիատներում կաշառքի դեպքեր կան, 100 տոկոսով վստահ ասել, որ դատական համակարգում կաշառք չկա, ես չեմ կարող: Չնայած 100 տոկոսով կարող եմ ասել, որ մենք բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում ենք դա կանխելու, բացահայտելու ու գործողություններ անելու համար:
Հիմա եթե այս երեք ուղիները մենք փակենք, դատական համակարգը կդառնա շատ անկախ: Բայց, մյուս կողմից, չենք թողնում բարձիթողի: Այո, մենք խնդիր ունենք մեր դատական համակարգը բերելու եվրոպական, համաշխարհային չափանիշներին: Սա է պատճառը, որ կարևորում ենք ԵՄ-ի հետ մեր համագործակցության զարգացումն այս ուղղությամբ: Այս հարցում մենք վճռական ենք: Թող որևէ մեկը չկասկածի, թե որևէ պահի կարող ենք մտածել՝ լավ, այնումենայնիվ, այս դատական համակարգը մեզ պետք է մեր քաղաքական նպատակներն օգտագործելու համար: Չի լինի նման բան: Անձամբ իմ կողմից բացառվում է, որովհետև դա մեր ժողովրդի առջև իմ ունեցած պարտավորությունն է: Եթե կլինեն այլ պաշտոնյաներ, որոնք կփորձեն այդպիսի բան անել, այդ պաշտոնյաների գործողություններին կլինի շատ կոնկրետ արձագանք»,-շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ ԵՄ-ին և Եվրախորհրդին վստահեցրել են, որ անելու ենք ամեն ինչ` անկախ դատական համակարգ ունենալու համար:
Վարչապետը վստահեցրեց, որ դատավորներին սոցիալական երաշխիքներ տալու ուղղությամբ գործողություններ են կատարել, իսկ ներկայումս նոր օրենքների մշակման գործընթաց է սկսվել: Ավելին` քննարկվում է դատական համակարգը բեռնաթափելու խնդիրը, քանի որ շատ դեպքերում գործ ունենք ոչ թե դիտավորյալ և անարդար որոշումների հետ, այլ դատավորները շատ ծանրաբեռնված են: «Կա գաղափար՝ մի շարք պարզ գործերի լուծումը պատվիրակել նոտարներին, և այդպես շարունակ: Կարևոր են նաև դատարանների շենքային պայմանները, թե դատավորներն ինչ պայմաններում են աշխատում, ինչ տեխնիկական հագեցվածություն կա»,- նշեց նա: