կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 12:32
Քաղաքական

Ադրբեջանի նպատակն է կա՛մ այնպես անել, որ մարդիկ լքեն ՀՀ-ն, չլինի ՀՀ, կա՛մ սպանել բոլոր հայերին. ադրբեջանագետ

Ադրբեջանի նպատակն է կա՛մ այնպես անել, որ մարդիկ լքեն ՀՀ-ն, չլինի ՀՀ,  կա՛մ սպանել բոլոր հայերին. ադրբեջանագետ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների, հնարավոր պայմանագրի կնքման մասին Yerkir.amզրուցել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։

 

-Պարո՛ն Դավթյան, գաղտնիք չէ, որ ներկայիս իշխանությունները որդեգրել են թղթե շերեփի արատավոր պրակտիկան` Հայաստանի անվտանգությունը կապելով տարատեսակ ֆորմատների գթաստության հետ։ Մյուս կողմից՝ իշխանությունները պարտվողական տրամադրություններով են վարակում հասարակությանը` դարձնելով իրենց պես չպայքարող։ Իշխանությունների այսպիսի վարքագծի դրսևորումն ինչպիսի՞ աղետալի հետևանքներ կունենա։

- Իշխանություններն ունեն պարտվածի հոգեբանություն,  ձախողել են ամբողջ պետական կառավարվող համակարգը, իսկ նրանց հայտարարությունները դեմ են հայոց ազգային ու պետական շահերին: Իշխանություններն ընդդիմանում են այն մարդկանց, որոնք փորձում են ազգանվեր գործունեություն ծավալել։ Հետևաբար՝ այս իշխանությունների նպատակը մեկն է` կա՛մ կործանել Հայաստանի Հանրապետությունը, կա՛մ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ՀՀ-ն ունակ չլինի պաշտպանել իր սեփական սահմանները և ստիպված դառնա Ռուսաստանի հետ միութենական պետություն, կ՛ամ էլ տրվելով թուրքական տնտեսական խայծին` ծառայի թուրքական շահին։ Այսինքն՝ Հայաստանը դարձել է գեոպոլիտիկ խաղերի կիզակետում օգտագործվող մանրադրամ։ Ցավոք, այս իշխանությունները չեն ցանկանում իրավիճակը կայունացնել. նրանք ունեին շանսեր և կարող էին ՀՀ-ին տալ շնչելու, պետականությունն ամրացնելու հնարավորություն, բայց ներկայիս իշխանությունների այսօրվա գործողությունները պետականակործան տրամաբանություն ունեն։

Մենք գրեթե ամեն օր լսում ենք Բաքվի բռնապետի  հայտարարությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը և Արցախին: Բացի այն, որ ադրբեջանցիները, հետևելով իրենց ղեկավարի օրինակին, հավատում են, որ «Զանգեզուրն» իրենցն է, դեռ մի բան էլ կարծում են, թե իրենք այս տարածաշրջանի ամենահին ժողովուրդն են։ Իսկ ներկայիս իշխանությունները, ինչպես Դուք նշեցիք, պետականակործան քաղաքականությամբ փորձում են հասարակությանը տանել «խաղաղության դարաշրջանի»  բացմանը։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք իշխանությունների որդեգրած քաղաքականությունը իրատեսական է։  

- Դա ոչ թե պայմանագրի կնքում է, այլ կա՛մ Հայաստանը երկրորդ ցեղասպանության ենթարկելու պայմանավորվածություն, կա՛մ այնպիսի կապիտուլյացիոն փաստաթուղթ պետք է ստորագրվի, որում ընդհանրապես Հայաստանի պետական շահին նպաստող որևէ նորմ չի լինի. այս իշխանությունները նպատակ ունեն միմիայն սպասարկելու թուրքական և ադրբեջանական շահը։ «Խաղաղության դարաշրջանից» ակնկալել իրական խաղաղություն՝ անմտություն կլինի, և դրանով մենք մեր կյանքն ենք վտանգի տակ դնում։ Վառ վկայությունը  սահմանային լարումներն են: Սպասել, որ այս տրամադրության հենքով Ադրբեջանում որևէ դրական փոփոխություն կլինի, անմտություն է։ Ադրբեջանի նպատակն է կա՛մ այնպես անել, որ մարդիկ լքեն ՀՀ-ն,  չլինի ՀՀ-ն, այլ լինի հայկական էթնիկ փոքրամասնություն, ինչպես ասվում է Ադրբեջանում, կա՛մ պատերազմի միջոցով սպանել բոլոր հայերին` անկախ տարիքից, սեռից և այլն։

- 1988 թ. Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքի հարցը բարձրացրեց` անկախանալով ԽՍՀՄ տարածքում։ Այդ ամենից հետո ադրբեջանական քաղաքական և ռազմական ներուժը սկսեց ագրեսիա իրականացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, որը շարունակվում է մինչ օրս։ Պարո՛ն Դավթյան, Սոչիի հայտարարություն մեջ, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի, նաև Բրյուսելյան հանդիպման ժամանակ արդյո՞ք ճիշտ էր Արցախյան  հակամարտությունից չխոսելը՝   այն դեպքում երբ 30-ամյա հակամարտությունը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար էր, և չե՞ք կարծում, որ Արցախ բառի բացակայությունը հայտարարության տեքստերից ինքնին խոսում է արդեն բանակցային գործընթացում ՀՀ-ի պարտության մասին։

- Այս իշխանությունը պատերազմ հրահրելով է հրաժարվել Արցախից` հաշվի չառնելով, որ այդ պատերազմում ռեալ շանսեր չունենինք, և նախքան պատերազմը դրա մասին բազմիցս խոսվել է տարբեր հարթակներից։ Նրանք քանի գտնվում են ղեկավար պաշտոններին, ծառայելու են ոչ թե արցախահայության շահերին, այլ, ընդհակառակը, օգնելու են  Ադրբեջանին, որպեսզի ճնշումների, ռազմական սպառնալիքների գործադրմամբ Արցախը հայաթափվի։

-Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են այն, որ  Ադրբեջանը երկաթգիծ է կառուցում դեպի Հայաստան։ Հայտնում են, որ Ադրբեջանը մտադիր է ավարտել երկաթգծի շինարարությունը մինչև հաջորդ տարի, որը, որոշ տեղեկություններով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մի հատվածն է լինելու: Հայաստանում շարունակում են հերքել միջանցքային տրամաբանությունն՝ առհասարակ։ Եթե, այնուամենայնիվ, Հայաստանի տարածքով անցնի Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթգիծ, ինչպիսի՞ անվտանգային խնդիրների առջև կկանգնի Հայաստանը:

- Երկաթգծի կառուցումը, և այն, որ դա պետք է Հայաստանի տարածքով անցնի, դեռևս հարց է։ Որքան էլ քաղաքական դաշտում խոսեն, որ միջանցքն արդեն բացել են և այլն, միևնույն է, հակված եմ իրականությունը տեսնել. երկու երկրների ղեկավարների հանդիպումներում տեսնում ենք, որ կան տարբեր ձևակերպումներ, որոնք հակասում են միջանցքի բացմանը։ Եթե երկաթգիծը բացվի, և բեռնափոխադրումներ իրականացվեն, ապա բազմաթիվ խնդիրների և վտանգների առջև կկանգենք։ Եթե միջանցքի տրամաբանության ներքո է բացվում, ապա կարող ենք համարել, որ ՀՀ գոյություն չունի. ես վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո ադրբեջանական կամ թուրքական զորքերը տարբեր պրովոկացիաներով կհայտարարեն, որ հայերը թալանել են բեռները, քարեր են նետել իրենց կողմ  և այլն։ Հարկավոր է, որ այդ անվտանգությունն ապահովվի, և որքան էլ Ռուսաստանը փորձի դա իրականացնել, Ադրբեջանը նպատակ կունենա հարվածել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը։ Սա կարվի նրա համար, որպեսզի կողմերին ստիպեն համաձայնություն տալ  թուրքական զորքերի տեղակայմանը նշված վայրերում։ Ես առավել քան վստահ եմ՝ բացի այդ պրովոկացիայներից և թուրքական կողմի՝ բեռները թուրքական կամ ադրբեջանական ռազմական մեքենաներով ուղեկցելու մասին պնդումներից, շատ հավանական է, որ այդ անցակետերում լինեն փոքր զորամիավորումներ։ Ակնկալել, որ դա կլինի միջանցք,  և այդ միջանցքով բեռներ ուղղակի կտեղափոխվեն՝ բացարձակապես անմտություն է։ Թուրքերը, իրենց երազանքն իրականացնելուց զատ, այդ երազանքի մեջ պատկերացնում են  Հայաստանի Հանրապետության վերացում: Ըստ այդ պատկերացումների՝ ՀՀ-ի փոխարեն պետք է լինի տարածք, որտեղ ապրում են փոքրամասնություն հանդիսացող  հայեր։

 

                                                                                      Լենա Կարապետյան