կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-18 14:15
Քաղաքական

Մինչև ինչ-որ գործընթաց չսկսվի, Ադրբեջանը դժվար թե դիմի ռազմական գործողությունների. ադրբեջանագետը՝ հրադադարի նվազման պատճառների մասին

Մինչև ինչ-որ գործընթաց չսկսվի, Ադրբեջանը դժվար թե դիմի ռազմական գործողությունների. ադրբեջանագետը՝ հրադադարի նվազման պատճառների մասին

Առաջին անգամ չէ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում բարձրացվում  է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցը: Ի վերջո, բանակցությունները պատերազմից խուսափելու համար են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Ցավոք, ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում ևս միայն Հայաստանն է պատրաստ խաղաղության հասնելու քայլեր իրականացնել, և բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ է միայն ՀՀ ղեկավարությունը, ինչն էլ եղել է բանակցությունների խափանման անկյունաքարային պատճառը»,- շեշտեց նա:

Ըստ ադրբեջանագետի՝ եթե վերլուծենք Ադրբեջանի նախագահի` 2018-ին արած հայտարարությունները, ապա սպառնալիքի և ճնշման քաղաքականության ոչ մի նվազում չենք նկատի:

«Ե՛վ հեղափոխությունից առաջ, և՛ դրանից հետո Իլհամ Ալիևն անընդհատ շեշտում է ուժի գործոնը, այսինքն՝ նշում է, որ ուժի գործոնը կարևոր է իրենց համար հակամարտության լուծման համատեքստում: Սա հակասում է և՛ Փարիզում, և՛ Միլանում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այսօր կարող ենք ասել՝ Ադրբեջանը պատրաստ չէ իրականացնել այդ պայմանավորվածությունները»,-ընդգծեց ադրբեջանագետը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, այդ թվում՝ Արցախի: «Մեր կողմից համարժեք քայլը պետք է լինի այդ ճնշման քաղաքականությանը կուլ չգնալը, և քանի որ Ադրբեջանի այս իշխանությունները երբեք պատրաստ չեն լինի խաղաղության, նրանց պետք է պարտադրել այդ խաղաղությունը: Ցավոք,  չենք կարող ասել, որ եթե վաղն Ադրբեջանում գա ենթադրյալ ժողովրդավար իշխանություն, պատկերն ամբողջովին կփոխի, քանի որ հայատյացությունը, դրա տարածումը բնակչության շրջանում համակարգային խնդիր է, երբ փոքր տարիքից արդեն բնակչության շրջանում իրականացվում է այդ քարոզը: Եվ եթե համանախագահ երկրներն իրապես փորձում են օգնել, որ խաղաղություն հաստատվի, և բնակչությունը պատրաստ լինի խաղաղության, պետք է գան Հայաստան, Արցախ, այնուհետև գնան Ադրբեջան՝ հասկանալու քսենոֆոբիայի մակարդակը: Այսինքն՝ պետք է պարզել, թե որքանով է պետությունը ներգրավված այս հարցում: Եթե նրանք գնան Ադրբեջան, կտեսնեն դպրոցական դասագրքերում տարվող քարոզը, մանկապարտեզներում տարբեր միջոցառումների ժամանակ մանկական հոգեբանության խեղումները, պետական մակարդակով հայտարարությունները, այդ թվում՝ հոգևոր առաջնորդի և Մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով: Վաղը Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցն է, Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարել էր, որ Սաֆարովը պետք է լինի ադրբեջանական ողջ երիտասարդության համար օրինակ»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով 2016-ի ապրիլին Ադրբեջանի կատարած մյուս ռազմական հանցագործությունները: 

Անդրադառնալով արտգործնախարարների մակարդակով հանդիպումներին` ադրբեջանագետը դրանք համարեց իրավիճակային, քանի որ դեռ փորձ է արվում հասկանալ՝ ինչպիսի՞ն պիտի լինի բանակցային բուն գործընթացը` ԵԱՀԿ ՄԽ-ի մասնակցությամբ:

«Այս պահին հիմնական խնդիրը վերաբերում է բանակցություններին Արցախի մասնակցությանը: Հայկական կողմն այս հարցը բարձրացրեց, բայց ադրբեջանական կողմը հայտարարեց, որ չի բանակցի, իսկ վերջին շրջանում տեսնում ենք, որ Ադրբեջանն ակտիվացրել է ԼՂ ադրբեջանական համայնքի թեման: Կարծում եմ, որ այդ հարցի շուրջ քննարկումներ տարվում են, քանի որ խնդիրը բարձրացվել է, և ինչ-որ մակարդակում դա պետք է լուծում ստանա: Բոլորս շատ լավ հիշում ենք, որ 1993-ին` Հեյդար Ալիևի օրոք,  ԼՂՀ-ի և Ադրբեջանի ղեկավարության միջև անմիջական շփումներ կային՝ սկսած հուլիսից, իսկ սեպտեմբերին հայր Ալիևը նույնիսկ հայտարարել էր, որ «ԼՂ-ի իշխող ուժերի հետ գնացել են բանակցությունների, ձեռք են բերվել հնգօրյա, տասնօրյա և մեկամսյա ժամկետով զինադադարի պայմանավորվածություններ»: Իսկ 1994-ի մայիսի բանակցություններին և համաձայնագրերի ստորագրմանը ԼՂՀ-ն ևս ներգրավված է եղել, ընդ որում՝ ԼՂՀ-ի ընտրված իշխանությունը, ինչը նշված է միջազգային տարբեր փաստաթղթերում: Այսինքն՝ այդտեղ հստակ տարբերություն կա՝ ընտրված իշխանություն, որը ներկայացնում է տեղի բնակչությանը»,- ընդգծեց Տարոն Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ սահմանին լարվածությունը նվազել է ՀՀ նոր իշխանության՝ ԼՂ հարցում տարած արտաքին քաղաքականության արդյունքում, ադրբեջանագետն արձագանքեց, որ սահմանին իրավիճակը սրվում է, երբ բանակցային սեղանին ինչ-որ համաձայնության չի հաջողվում հասնել, բայց այս պահին կողմերը դեռևս փորձում են բանակցության եզրեր գտնել: «Մինչև ինչ-որ գործընթաց չսկսվի, այդ ընթացքում Ադրբեջանը դժվար թե դիմի ռազմական գործողությունների, որովհետև դա նրան ձեռնտու չէ, քանի որ ցույց կտա, թե չի ուզում բանակցային գործընթացի մեջ մտնել: Այլ բան է՝  թեկուզ ձևական մտնեն բանակցային գործընթացի մեջ, հետո ցույց տան՝ տեսեք, նորից բանակցեցինք, բայց որևէ բան չստացվեց, որից հետո գնան լարումների սահմանին»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը: