Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի գրադարանում տեղի է ունեցել միջազգային հարաբերությունների մասնագետ, իրավագետ Գառնիկ Դավթյանի «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» մենագրության արցախյան շնորհանդեսը: Աշխատությունն առաջին անգամ գիտական ու հասարակական շրջանակներին ներկայացվել է դեկտեմբերի 5-ին Երևանում, իսկ Արցախում շնորհանդեսի կայացմանն աջակցել են ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Մենագրությունը բաղկացած է չորս գլխից, որոնցից յուրաքանչյուրում ներառված են 1918թ. մինչ օրս Ադրբեջանում տարվող հայատյացության տարբեր դրսևորումների փաստերը և պատասխանատվություն նախատեսող միջազգային քրեաիրավական նորմերը: Գրքում ընդգրկված են մի շարք իրավական փաստաթղթեր, մասնավորապես Ադրբեջանի սահմանադրությունը, կրթության, երեխաների մասին օրենքները, Ադրբեջանի քրեական օրենսգիրք, սահմանի մասին օրենքը, ներառված են նաև միջազգային և հայ մասնագետների կողմից արված վերլուծություններ: Աշխատության մեջ առանձնանում է Ալ. Լապշինի հետ հեղինակի ունեցած հարցազրույցը, որտեղ նա փորձել է իրավական տեսքի բերել Լապշինի կրած անմարդկային կտտանքները:
«Փորձ եմ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի ռեալ սկզբունքի կիրառման հնարավորությունը ցույց տալ, որով հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել հայատյացություն դրսևորող կարգազանց ու իրավազանց անձանց»,- անդրադառնալով գրքի բովանդակությանը՝ նշել է Գառնիկ Դավթյանը:
Հեղինակը գրքի յուրահատկություններից է համարում այն, որ, լինելով հայ, միայն հայատյացությունը չի ներկայացրել որպես գերակա խնդիր, այլ նաև դիտարկել է միջազգային փորձը, որտեղ մատնանշված կոնկրետ պայքարի ուղիներով հնարավոր է թե օրենսդրական փոփոխությունների և թե քաղաքական ուղղությունները փոխելու միջոցով կանխել նման դրսևորումները:
Շնորհանդեսին ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, պատմաբաններ, իրավաբաններ, լրագրողներ: Ներկաները կարծիքներ փոխանակեցին աշխատության վերաբերյալ:
ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորել է աշխատության լույսընծայումն այն առումով, որ հայատյացությունն այսօր Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքն է հանդիսանում. «Տվյալ թեմայով սա առաջին աշխատությունը չէ, բայց հեղինակը կարողացել է ճիշտ եզրահագումներ անել և կարծես թե մեզ կոչ է անում միշտ զգոն լինել և պատրաստ լինել այս մարտահրավերին»:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ աշխատությունը տեսական ու գործնական մեծ նշանակություն ունի, արժեքավոր է հատկապես այն առումով, որ իրավական վերլուծություն է կատարվել՝ գործնականորեն ցույց տալով, թե ինչ հնարավորություններ կան հայատյացության դեմ պայքարելու և իրավական դաշտում այն կանխարգելելու առումով: «Գիրքը մեզ համար կարևոր է համապատասխան մարտավարություն մշակելու առումով»,- ավելացրել է Արտակ Բեգլարյանը:
ԱրՊՀ-ի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի դոցենտ, պատմաբան Նելլի Օհանջանյանը նշել է, որ ծանոթանալով աշխատությունը, այն եզրակացությանն է հանգել, որ բավական արժեքավոր աշխատանք է կատարվել. այն համապարփակ ուսումնասիրություն է խնդրի քաղաքական ու իրավական բովանդակությունն ապահովելու ուղղությամբ: Նա շեշտել է, որ Ադրբեջանը հայատյացությանը գրեթե համաչափ տանում է իրանատյացության քաղաքականություն, հետևաբար խոսքը պետական մակարդակով անհանդուրժողականության ամուր հարթակի գոյության մասին է:
Երիտասարդ գիտնականի աշխատության մասին կարծիք են հայտնել ԱՀ ԱԺ փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ԱՀ ԱԺ պատգամավոր, գրող Վարդգես Բաղրյանը, ԱրՊՀ գիտական կենտրոնի ղեկավար Ստեփան Դադայանը: Նրանք շեշտել են նման աշխատությունների կարևորությունը, տվել մի շարք մասնագիտական խորհուրդներ՝ հատկապես աշխատության պատմական հիմքի ամրապնդման ուղղությամբ:
Գառնիկ Դավթյանի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է գիրքը Արցախում ներկայացնելը և իր հետագա գիտական գործունեության մեջ անպայման հաշվի կառնի հնչած դիտարկումները:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով բացահայտ հակահայկական, ֆիզիկական ոչնչացման կոչեր անողներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությանը, ապա ըստ Գառնիկ Դավթյանի, նախ կարևոր է իշխանության պատվերով կատարվող Ադրբեջանի օրենսդրության կոպիտ խախտումների արձանագրումը, դրանց բարձրաձայնումը, այնուհետև պետք է դիտարկել հնարավոր խոչընդոտները, դրանց հակազդող մեխանիզմ մշակել և ըստ այդմ դատական գործընթացով արդարադատությունը վերականգնել, քանի որ փաստական առումով հիմք կա: Հեղինակը հավելել է, որ նախատեսում է աշխատանքը թարգմանել այլ լեզուներով: