Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ֆրանսիայի նախագահը գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում: Նա ներկայացնում է փոփոխվող աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները:
Գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին և Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք առաջին պետական այցին ընդառաջ: Գիրքը հրատարակել է «Newmag» ընկերությունը:
[gallery id= 61407]
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհանդեսի ժամանակ նշեց, որ քաղաքական գործչի գրքի թարգմանությունը բավականին հազվադեպ երևույթ է:
«Նման ստեղծագործությունները, որպես կանոն, ներքին օգտագործման համար են, սակայն հայերեն հրատարակությունը շատ բան է ասում երկու երկրների հարաբերությունների մասին: Ֆրանսիական ավանդույթի համաձայն՝ գրքի հեղինակ լինելը քաղաքական գործչի լուրջ հեղինակության ցուցիչ է: Մակրոնի գիրքը նվիրված է իր նախընտրական գործունեությանը և արտացոլում է Ֆրանսիայի իրադարձությունները»,- ասաց Լաքոտը:
Թարգմանությունն իրականացրել է հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը, ում աջակցել են ֆրանսերենի մասնագետներ և պրոֆեսորներ Ժակլին Մինասյանը և Հասմիկ Գրիգորյանը:
Արտակ Հերիքյանը մինչ իր խոսքն ասելը՝ առաջարկեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը:
Անդրադառնալով գրքին, հեռուստամեկնաբանն ընդգծեց, որ «Հեղափոխություն»-ը գիրք է պետական ապարատը, քաղաքական համակարգը ներսից փոխելու, կարծրատիպերը կոտրելու մասին:
«Այս գիրքն առաջին հերթին կօգնի բոլորիս ավելի լավ հասկանալ ֆրանկոֆոն աշխարհի մայր պետության՝ Ֆրանսիայի ձգտումները, նպատակներն ու խնդիրները: Ես մեծ հաճույքով եմ կարդացել գիրքը, սակայն խոստովանեմ, որ երբեմն դժվար էր հասկանալ, թե նախագահ Մակրոնն ինչ նկատի ունի: Կարծում եմ՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գիրքն առաջին հերթին գրվել է ֆրանսիական լսարանի համար»,- ընդգծեց Արտակ Հերիքյանը և հավելեց, որ մի փոքր գրքին «համահեղինակ» է դարձել, որպեսզի հայ ընթերցողի համար լինի ընկալելի և հասկանալի:
Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը ֆրանսերենով տպագրվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին: Նույն թվականին Ֆրանսիայում այն դարձել է բեսթսելեր . Վաճառվել է ավելի քան 2 մլն օրինակ: Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով:
Գրքի թարգմանությունը և հրատարակումն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ: «Հեղափոխություն»-ն արդեն իսկ վաճառվում է Երևանի գրեթե բոլոր գրախանութներում: