կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-08 15:21
Հասարակություն

Արվեստների ու արհեստների կենտրոնի բացումը և Ձմեռային տոնավաճառը Դիլիջանում

Արվեստների ու արհեստների կենտրոնի բացումը և Ձմեռային տոնավաճառը Դիլիջանում

Դեկտեմբերի 8-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Դիլիջանի համայնքապետարանի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների  ներկայությամբ տեղի ունեցավ Արվեստների և արհեստների կենտրոնի (MADE) բացման միջոցառումը, որին հաջորդեց Դիլիջանի Ձմեռային տոնավաճառի պաշտոնական բացումը։ 

Այսուհետ Դիլիջանի և հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները կարող են օգտվել նորաբաց Արվեստների և արհեստների կենտրոնի հնարավորություններից՝ ստեղծելու արվեստի հետաքրքիր գործեր և հուշանվերներ։ Կենտրոնը հիմնադրվել է Եվրամիության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ դրամաշնորհային ծրագրով, որն իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը։

Եվրոպական Միությունը համոզված է, որ գյուղական համայնքների զարգացման քաղաքականությունն օգնում է ապահովել  այդ համայնքների կենսունակությունը և նպաստում է ամբողջ հասարակության բարեկեցությանը։ Արվեստների ու արհեստների կենտրոնի բացումը Դիլիջանում կբարելավի այս տարածաշրջանի համայնքների կայունությունը և կյանքի որակը։    

ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը, որին մաս է կազմում այս նախաձեռնությունը,  Դիլիջանում հնարավորություն է տրամադրում նախաձեռնել այնպիսի քայլեր, որոնք իսկապես աջակցում են համայնքների տնտեսության զարգացմանը։ Ծրագրի շնորհիվ տարածաշրջանի բնակիչները ներգրավվում են գյուղական տուրիզմի նախաձեռնություններում և եկամուտ ստանան դրանից։ Նրանք ձեռք են բերում նոր հմտություններ, հնարավորություն ստանում ստեղծել տեղական արտադրանք, խրախուսել այդ արտադրանքի մուտքը տեղական շուկա, նպաստել Դիլիջանի և Տավուշի մարզի ճանաչելիության բարձրացմանը։   

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գոշ, Հաղարծին և Թեղուտ գյուղերում բացվել են փոքր արհեստանոցներ, որոնք տեղակայված են համայնքների դպրոցներում։ Այդպիսով, փոքր արհեստանոցներից կարող են օգտվել նաև դպրոցի աշակերտները՝ զարգացնելու իրենց ստեղծագործական ձիրքը։

Արվեստների ու արհեստների կենտրոնը, ինչպես նաև երեք համայնքային արհեստանոցները հագեցած են անհրաժեշտ կահույքով, սարքավորումներով և նյութերով։ Կենտրոնում կարող է աշխատել միառժամանակ 12 մարդ։ Արհեստավորների ու վարպետների համար անհրաժեշտ տարածք տրամադրելուց բացի, կենտրոնում աշխատող մասնագետները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել այս ամառ նույն ծրագրի շրջանակում Դիլիջանում բացված Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնում։ Արվեստների ու արհեստների կենտրոնի համակարգողները պատրաստ են աջակցել ձեռներեց-վարպետներին նաև մասնագիտական խորհրդատվությամբ, որպեսզի նրանք կարողանան ստեղծել Դիլիջան այցելող զբոսաշրջիկներին հրապուրող հուշանվերներ։

Արհեստների ու արվեստների կենտրոնը կօգնի դիլիջանցիներին համադրել օգտակարը հաճելիի հետ՝ հավելյալ եկամուտ ստեղծել և զարգացնել ստեղծարարությունը։

Դեկտեմբերի 8-ը նշանավորվեց նաև Դիլիջանի Ձմեռային տոնավաճառի բացմամբ, որն իր տեսակով առաջին լայնածավալ միջոցառումն է Դիլիջանում։ Տոնավաճառը Դիլիջանի ու հարակից համայնքների բնակիչներին հնարավորություն է տալիս երկու օր անընդմեջ վաճառել իրենց պատրաստած ձեռագործ ապրանքները, իսկ մասնակիցներին՝ ականատես լինել հետաքրքիր միջոցառումների, երաժշտական համարների ու ներկայացումների UWC Դիլիջան դպրոցի սաների կատարմամբ, ինչպես նաև կատարել ամանորյա գնումներ։ Տոնավաճառի նախաձեռնողը UWC Դիլիջան միջազգային դպրոց է՝ Դիլիջանի Համայնքային Կենտրոնի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ համատեղ։