Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 15-22-ը տեղի կունենա «Նարեկացի» արվեստների փառատոնը. կլինեն ինչպես համերգներ, այնպես էլ նկարների ցուցադրություն:
Լրագրողների հետ զրույցում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը նշեց, որ փառատոնի առաքելությունն է ներկայացնել հայ մշակույթը եւ արվեստի այն գործիչներին, որոնք ապրում եւ ստեղծագործում են Հայաստանում: Ըստ նրա` փառատոնը կլուծի կարեւոր մի հարց` ներկայացնելով այն արվեստագետներին, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնացել ներկայիս մշակութային կյանքից:
«Փառատոնին կմասնակցեն այն արվեստագետները, որոնք իրենց տաղանդի շնորհիվ են իրենց հացը վաստակում: Փառատոնին ամեն օր կներկայացվի երաժշտական մի ոճ: Մենք շեշտը դրել ենք տեղի արվեստագետների վրա, քանի որ, ցավոք, Հայաստանում նրանց այնքան էլ չեն ճանաչում, իսկ դրսում Հայաստանը ճանաչում են հենց նրանց միջոցով: Մի խոսքով` «մենք` մերոնցով» ենք լինելու»,- ասաց Հարթունյանը` հավելելով, որ փառատոնն ամենամյա է դառնալու. «Եթե օժանդակությւոն լինի եւ ճանապարհածախսը վճարվի, ցանկություն կա նաեւ փառատոնն Արցախում իրականացնել»:
Երգահան, երաժիշտ Վահան Արծրունին էլ, իր հերթին, նշեց, որ այսօրվա իրականությունը կարծես մերժում է ազատ արվեստի տեսակը, իսկ փառատոնը հենց այդ հարցն է լուծելու: Ըստ նրա` փառատոնը կնպաստի, որ ժողովուրդը ճանաչի սեփական արժեքները:
«Նարեկացի» արվեստի միությունն անշահախնդիր կերպով է այս ամենն անում եւ համերգներից ստացված ողջ հասույթը փոխանցելու է երաժիշտներին: Հարթունյանը ճիշտ ասաց` «մենք` մերոնցով» ենք լինելու եւ դրսից մարդիկ չենք կանչելու, որ «ծաղկացնեն» փառատոնը, քանի որ մեր խնդիրը տեղի ազատ արվեստի դաշտը զարգացնելն է»,- ասաց Արծրունին:
«Գյուրջիեւ» համույթի հիմնադիր Լեւոն Էսկենյանը տեղեկացրեց, որ փառատոնին կհնչեն բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ` Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ջիվանի, Տիգրան Մանսուրյան. «Նարեկացի» արվեստի միությունը տարվա ընթացքում բազմաթիվ երաժիշտների հետ է համագործակցում, եւ այս փառատոնի ընթացքում ներկայացված ծրագիրը ընդամենը մեր իրականացրածի մի մասնիկն է: Համերգներին ելույթ են ունենալու այն կատարողները, որոնք Հայաստանում հաճախ չեն ելույթ ունենում»:
2012-ը տոնական էր Գյուրջիեւի անվան համույթի համար, քանի որ հոլանդական «Edison Award»-ի «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց հենց նրանց ալբոմը. հունիսի 16-ին` փառատոնի շրջանակներում, մրցանակը ստանալուց հետո համույթի առաջին համերգը կլինի Հայաստանում:
Նկարչուհի Սեւան Նագգաշյանը կարեւորում է «Նարեկացի» արվեստների փառատոն անցկացնելու փաստը, քանի որ դա, ըստ նրա, հնարավորություն է տալիս երիտասարդ նկարիչների գործերը ներկայացնել` հայտնի անունների` Հակոբ Հակոբյանի, Փարաջանովի, Աշոտ Ավագյանի ստեղծագործությունների կողքին:
«Սա հնարավորություն կտա, որ հանդիսատեսը նույնպես համեմատի եւ գնահատի երիտասարդներին: Սա երիտասարդներիս համար սովորելու միակ ձեւն է»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ փառատոնի շրջանակներում առաջին անգամ ներկայացվելու է նաեւ Նարեկ Հարթունյանի լուսանկարների շարքը, Հարթունյանը պատասխանեց` այո. «2006 թվականից եմ սկսել լուսանկարչությամբ զբաղվել, սակայն ես ինձ լուսանկարիչ չեմ համարում: Փառատոնին ներկայացվելիք լուսանկարների շարքն անվանել եմ «Ֆոտոաուրա», որտեղ շատ հետաքրքիր աշխատանքներ կան: Ճիշտ է, դրանք լուսանկարներ են, բայց գեղարվեստական շունչ ունեն»:
Ի դեպ, համերգները տեղի կունենան ամեն օր` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` երեկոյան ժամը 19-ին:
Կ. Հ.