Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 19-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղի է ունեցել ՀՅԴ Երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, անդամներ Ալյոնա Գրիգորյանը, Մհեր Առաքելյանը, ՀՅԴ Մարտակերտի կոմիտեի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանն ու շրջանի կուսակցական ընկերները, ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Սուրիկ Թովմասյանը, Նորայր Դանիելյանի եղբայր Նելսոն Դանիելյանը, Վանքի դպրոցի տնօրեն Արամայիս Բալայանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները, ՀՅԴ Վանքի խմբի պատանիները, կուսակցականներ և գյուղացիներ։
Կենտրոնի բացման օրը (կենտրոնը կրելու է Արցախյան ազատամարտի հերոս, Արցախի Պաշտպանության բանակի փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր, դաշնակցական Նորայր Դանիելյանի անունը) պատահական չէր ընտրված․ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, լրացել էր Նորայր Դանիելյանի զոհվելու 29-րդ տարելիցը։
Այդ կապակցությամբ ՀՅԴ Վանքի երիտասարդական և պատանեկան միությունները հուշ-ցերեկույթ էին կազմակերպել։ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Մարթա Չիլինգարյանը ներկայացրել է իր հեղինակած և Նորայր Դանիելյանի հիշատակին նվիրված բանաստեղծությունը:
Միջոցառմանն իր խոսքն է ասել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը։
Նա, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀՅԴ Վանքի «Նորայր Դանիելյան» երիտասարդական կենտրոնի բացումը շատ սպասված և ոգևորիչ է ինչպես երիտպատանեկան միությունների, այնպես էլ կուսակցական ընկերների համար։
«Գրասենյակը զուտ պատերը չէ, այլ հոգի և ոգի է, ինչը մեր Վանքի երիտպատանեկան խմբից անպակաս է։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում եմ, որ շարունակեք ձեր հայրենանվեր գործունեությունը»,-ասել է Ա․ Մոսիյանը։
Ելույթով հանդես է եկել նաև ՀՅԴ Մարտակերտի շրջանի «Գանձասար» կոմիտեի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանը։ Նա նշեց, որ թեև կարճ ժամանակ է, ինչ Վանքում ձևավորվել է կուսակցության երիտասարդական թևը, սակայն արդեն իսկ հասցրել է զգալի աշխատանքներ կատարել։
«Այս կարևոր բջիջը, որը ձևավորվել է Վանք գյուղում, երիտասարդությանը տալու է ճիշտ ուղղություն, ազգանպաստ գործի համար ճիշտ մտածելու, համախմբված լինելու և շարունակելու այն գոյապայքարը, որը, ցավոք սրտի, շարունակվում է դարեդար»,-ասել է նա։
Նա ևս շնորհավորեց լեգենդար հրամանատարի անունը կրող կենտրոնի բացման կապակցությամբ և ընդգծեց, որ բոլորի համար պարտավորեցնող է շարունակել այն սուրբ գործը, որի համար տասնյակ հազարավոր երիտասարդներ չխնայեցին իրենց կյանքը։
Միջոցառմանը խոսք ուներ ասելու նաև Նորայր Դանիելյանի եղբայրը՝ Նելսոն Դանիելյանը։ Նրա համար ուրախալի էր Նորայր Դանիելյանի անվան երիտասարդական կենտրոնում տեսնել տասնյակ երիտասարդների ու պատանիների։
«Կցանկանայի, որ դուք կարողանայիք շարունակել Նորայր Դանիելյանի սկսած գործը։ Նորայր Դանիելյանը չի հասցրել իր գործը ավարտին հասցնել, իսկ նրա նման տղաների կարիքը 44-օրյա պատերազմում մենք շատ ենք ունեցել»,-ասել է Ն․ Դանիելյանը։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անունից իր խոսքն է ասել Անի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ ՀՅԴ երիտասարդական և պատանեկան միությունները Վանքում իրենց գործունեությունն են ծավալում, որի մեկնարկը տրվել էր ամառային ճամբարներից։
«Տեսնելով երեխաների ակտիվությունը, հետաքրքրվածությունը, նրանց հայրենասիրությունը, պայքարելու կամքն ու ոգին՝ անհրաժեշտություն համարեցինք բացելու այս երիտասարդական կենտրոնը, որտեղ կշարունակենք իրականացնել մեր ուսուցողական և դաստիարակչական ծրագրերը, ավելի շատ պատանիների մոտ կսերմանենք հայրենասիրությունը»,-ասել է Ա․ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պատերազմից հետո բռնազավթված հողերի հետ միասին թշնամու տիրապետության տակ անցած ՀՅԴ գրասենյակների փոխարեն այսօր ՀՅԴ երիտասարդական գրասենյակի բացումը ևս մեկ անգամ փաստում է Արցախում ապրելու, Արցախը շենացնելու և պաշտպանելու կամքն ու պատրաստակամությունը։
«Ապրելով ստեղծված իրավիճակում՝ հասկանում ենք, որ մարդկանց մեջ չկա այն ոգևորվածությունը, որը կար 90-ակաների Արցախյան ազատամարտի ժամանակ: Համոզված ենք, որ Նորայր Դանիելյանը խիզախության, սխրանքի օրինակ ու ոգեշնչման աղբյուր կդառնա մեր երիտասարդների և պատանիների համար: Մենք լիահույս ենք, որ այս կենտրոնում կդաստիարակվեն ու կմեծանան Նորայր Դանիելյանին արժանի հետնորդներ՝ դժվարությունները հաղթահարելու, պայքարելու և հաղթելու վճռակամությամբ լեցուն»,-նշել է նա։
Ա․ Հովհաննիսյանը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անունից շնորհակալություն է հայտնել Վանքի համայնքապետարանին, դպրոցի տնօրենին՝ այս ընթացքում միության աշխատանքներին աջակցելու, իրենց կողքին լինելու համար և հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի՝ Վանքի պատանիների ու երիտասարդներին հայեցի կրթելու, դաստիարակելու ընդհանուր նպատակի շուրջ։
Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՅԴ ԱԵՄ-ի Վանքի խմբի երիտասարդները։