կարևոր
4276 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-23 18:48
Հասարակություն

«Էրեբունին» պատրաստվում է ցուցադրության՝ Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում

«Էրեբունին» պատրաստվում է ցուցադրության՝ Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում

«Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Պարոն Բադալյան, «Կարմիր բլուր»-ի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում աշխարհում ճանաչված մասնագետ Իվան Սեմյանն է։ Այս պահին այնտեղ ի՞նչ աշխատանքներ են տարվում։

— Իրականացվում են բավական հետաքրքիր ծրագրեր: Օրինակ, պատրաստվում են կաղապարներ, աշխատանքային գործիքներ, շատ շուտով կսկսենք մի փորձառություն՝ հասկանալու, թե ինչպես են ժամանակին ուրարտացիները տեղափոխել քարերը Թեյշեբաինի ամրոցը կառուցելիս: Դրան զուգահեռ մեր ֆրանսիացի գործընկերների հետ հիմա մենք Կարմիր բլուրում իրականացնում ենք ուրարտական ճարտարապետական եւ շինարարական ավանդույթներին համաձայն աղյուսաշինության ծրագիրը, որը բավական հաջող ընթանում է: Այն կյանքի է կոչվում Երեւանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցացիայի, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտի եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջեւ կնքված քառակողմ պայամանագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է զարգացնել ենթակառուցվածքներ «Էրեբունի» եւ «Կարմիր բլուր» հուշարձաններում եւ ստեղծել որոշակի նախադրյալներ այդ հուշարձանների տարբեր հատվածների պահպանության, ամրակայման եւ հանրահռչակման համար: Եվ ըստ այդմ ընտրվել է  «Կարմիր բլուրը», որտեղ իրականացնում են աղյուսաշինության հատուկ աշխատանքներ: Պատրաստվում են ուրարտական, ճարտարապետական եւ շինարարական ավանդույթներին հնարավորինս մոտ, հնարավորինս համապատասխան աղյուսներ, որպեսզի դրանցով կարողանանք ամրակայել անձրեւներից, մարդկային գործոնից, բնական գործոնից, վնասված է «Կարմիր բլուրի» աղյուսաշեն պատերից մեկը: Իհարկե, դա արվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատուկ թույլտվությամբ: Այսինքն՝ ներկա պահին «Կարմիր բլուրի» գլխավոր ծրագիրը դա է, որի համակարգողը գործնական, կազմակերպչական աշխատանքների բավական բարդ գործառույթը իրականացվում է թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանի կողմից: Իսկ ծրագրի պատասխանատուներից է «Կարմիր բլուրի» մասնաճյուղի ղեկավար, աշխարհում ճանաչված մասնագետ, էքսպերիմենտալ հնագիտության քաջ գիտակ, թանգարանագիտության, հուշարձանագիտության, հուշարձանների հանրահռչակման, հուշարձաններում կրթական կոնտենտի զարգացման բավական հայտնի մասնագետ Իվան Սեմյանը: Բայց նաեւ դրան զուգահեռ իրականացվում են կրթական ծրագրեր, այցելուների համար տարվում են էքսկուրսիաներ, պարբերաբար մաքրվում է հուշարձանի տարածքը: Այսինքն՝ այն բնականոն աշխատանքը, որն իրականացվել է նաեւ դրանից առաջ:

— Թանգարանն առաջիկայում ի՞նչ ցուցադրություններ է ունենալու:

— Հիմա կենտրոնացած ենք Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում իրականացվելիք ցուցադրության վրա: Մեր թանգարանի գիտահետազոտական, վերականգնման լաբորատորիայի ներուժն այս պահին գլխավորապես սեւեռված է այդ կարեւոր իրադարձությունը մեր կողմից հավուր պատշաճի ներկայացնելու գործին: Այժմ վերջնական տեսքի են բերում այն 53 առարկաները, որոնք պետք է ցուցադրվեն Մոսկվայում: Այդ իսկ պատճառով ներկա պահին որեւէ այլ ցուցադրության աշխատանքներ չենք իրականացնում: Մեր ռուս գործընկերների հետ համատեղ գրվում են տեքստերը, ստուգվում են ցուցադրության էքսպլիկացիաները, անոտացիաները: Վերջին հինգ ամսվա ընթացքում քրտնաջան աշխատանք է իրականացվել: Հիմա վերջին փուլերն են: Եվ մենք փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի հավուր պատշաճ կերպով «Էրեբունին» եւ Հայաստանը ներկայացվի Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում:

— Ցուցադրության օրը որոշվա՞ծ է:

— Նախնական օրը հոկտեմբերի 30-ին է, սակայն որոշակի տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքների բերումով բացման օրը կարող է մի քանի օրով հետաձգվել: Ի դեպ, Հայաստանից այդ ցուցադրությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի պատմության եւ Երեւանի քաղաքի պատմության թանգարանները

— Ռեստավրացիոն ծրագրերի հետ կապված` ի՞նչ կասեք:

— Սեպտեմբեր ամսին մենք հյուրընկալել էինք «Պուշկինի» թանգարանի եւ Ռուսաստանի ռեստավրացիոն ինստիտուտի մեր գործընկերներին, ովքեր, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, իրականացրին «Էրեբունի» թանգարանում պահվող մի շարք որմնանկարների հատվածների ամրակայման, վերականգնման աշխատանքներ: Իսկ սեպտեմբերի 26-30-ը «Էրեբունի» թանգարանում տեղի ունեցավ վարպետաց դաս` Էրմիտաժից ժամանած բավական հայտնի հնագիտական մետաղի վերականգնողների մասնակցությամբ: Տեղի ունեցավ փորձի փոխանակում, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի այլ հաստատություններից վերականգնողներ: Բավականին արդյունավետ անցան վարպետաց դասերն ու փորձի փոխանակումը, որը եւս շատ կարեւոր ծրագիր եմ համարում: Ասեմ, որ Լուվրի թանգարանի հետ հիմա մենք շարունակում ենք աշխատել «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության, արդիականացման, փոփոխության, սցենոգրաֆիայի աշխատանքների վրա:

— Հակառուսական տրամադրությունները  չե՞ն անդրադառնում Ձեր մշակութային գործունեության վրա:

— Մեր գործունեության վրա չի անդրադառնում: Մեզ համար շատ թանկ են մեր լավ հարաբերությունները թե՛ մեր ռուսաստանյան, թե՛ ֆրանսիացի եւ թե՛ այլ երկրների գործընկերների հետ: Այդ հարաբերությունները ձեռք են բերվել տարիների քրտնաջան աշխատանքների շնորհիվ: Եվ կարծում եմ, որ մշակութային մարդկային-ընկերական հարաբերությունները գործոն են: Գոնե մշակութային առումով մենք պետք է այդտեղ բավական աշխատենք, որովհետեւ, իմ կարծիքով՝ դա այս ժամանակահատվածում շատ կարեւոր է: Բնականաբար` ե՛ւ «Էրմիտաժի», ե՛ւ  «Պուշկինի» թանգարանի, ե՛ւ մեր մյուս գործընկերների հետ շարունակում ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք նախկինում:

— Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանում, «Ուրարտական թագավորություն` Հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրության շնորհիվ  Դուք ամեն ջանք գործադրում եք, որ օտարերկրացիները ծանոթանան մեր հայոց պատմության հետ, իմանան մեր արմատները: Բայց դրան զուգահեռ կա նաեւ մեկ այլ իրականություն, թե ինչպես են մեր դպրոցներում մատուցվում «Հայոց պատմություն» առարկան: Դուք նկատել էիք, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում կան լուրջ վրիպումներ՝ մասնավորապես Ուրարտուի քարտեզի հետ կապված, որտեղ ընգրկված չէ այսօրվա ՀՀ տարածքը: Կմանրամասնե՞ք:

— Գիտեք, ես այդ մասին իմ ֆեյսբուքյան էջում անդրադարձել եմ մի քանի գրառմամբ: Այո, կան ակնհայտ բացթողումներ, որոնք պետք է շտկվեն: Օգտագործելով այս հարթակը՝ ցանկանում եմ անպայման նշել մի քանի հանգամանք: Ցավոք, նկատվում է ատելության ալիք դասագրքի հեղինակ, իմ կողմից շատ հարգված Սմբատ Հովհաննիսյանի անձի նկատմամբ: Ինձ համար այդ ամենը, ինչպես նաեւ թեման փորձել շահարկել այս կամ այն քաղաքական դիվիդենտ ստանալու համար՝ միանգամայն անընդունելի է: Այդ դասագիրքը, չնայած իր մեջ տեղ գտած բազմաթիվ թերություններին, ունի նաեւ շատ դրական կողմեր: Այնտեղ փորձ է արվել նպաստելու զարգացնել աշակերտների մտածելու, վերլուծելու կարողությունները: Ի վերջո, արվել է երկարատեւ աշխատանք: Իհարկե, գոնե ինձ համար նկատելի է դասագրքի պատրաստման հապճեպությունը: Դասագրքում կան հատվածներ, որոնք բացի այն, որ ստույգ չեն, այլ նաեւ ջուր են լցնում մեր պատմությունը կեղծողների ջրաղացին:

Դասագիրք գրելը մեծագույն պատասխանատվություն է: Ես լիահույս եմ, որ դասագրքի հրատարակիչ «Մասնակցային դպրոցը», Սմբատ Հովհաննիսյանը կկիսեն պատասխանատվություն՝ դասագրքի վիճելի եւ առավել եւս իմ կարծիքով՝ անընդունելի որոշ հատվածների շուրջ առողջ քննարկում կազմակերպելու դասագրքին առնչվող տարբեր ոլորտների մասնագետների հետ: Շատ լավ կլիներ, օրինակ, որպեսզի իրենց կարծիքներն ասեին նախապատմական, բրոնզի, վաղ երկաթի, հետուրարտական, անտիկ եւ միջնադարյան ժամանակաշրջանների ոլորտի տարբեր հայտնի մասնագետներ: Այդ քննարկումներից եւ դրանց արդյունքներից հետո մենք բոլորս պետք է չխուսափենք ճշմարտությունն ընդունելու պատասխանատվությունից: Եթե կան սխալներ, շփոթմունքներ, ոչ ճշգրիտ եւ կամ չստուգված փաստեր, ապա դրանք պետք է անպայմանորեն շտկվեն: Ե՛վ ուսուցիչները, ե՛ւ աշակերտներն իրավունք ունեն իմանալու այդ մասին եւ առաջնորդվելու ստույգ փաստերով: Այս առումով, խիստ կարեւոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով պետք է այդ ամենն իրականացնել: Պետք է ամեն կերպ խուսափել ատելության խոսքերից, քաղաքական շահարկումներից: Ինձ համար խիստ կարեւոր է կրթության որակի բարձրացումը, աշակերտներին մտածելու ունակության զարգացումը եւ ամենակարեւորը՝ պետականամետ, Հայաստանը սիրող, կեղծիքի դեմ պայքարող աշակերտի ձեւավորումը: Ինքս սիրով պատրաստ եմ համագործակցային քննարկման:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ iravunk.com