կարևոր
5872 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 17:54
Քաղաքական

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Երևան» տոնավաճառը կփակվի․ տեսչականը խախտումներ է հայտնաբերել

Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Երևան» տոնավաճառը կփակվի․ տեսչականը խախտումներ է հայտնաբերել

MediaHub-ի տեղեկություններով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հակահրդեհային անվտանգության կոպիտ խախտումներ է արձանագրել ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Երեւան» տոնավաճառում։

Տոնավաճառի հագուստի, շինանյութի, մանրածախ ու մեծածախ ապրանքի վաճառք իրականացնող նկուղային հարկում, որտեղ տեղակայված են պահեստները, մեր տեղեկություններով, պահվում են նաեւ դյուրավառ նյութեր։ Ստացվում է, որ Սուքիասյանների ընտանիքը լուրջ չի վերաբերվել Նիկոլ Փաշինյանի ամիսներ առաջ իջեցրած հանձնարարականին, որը պահանջում էր սկզբունքային լինել անվտանգության կանոնների պահպանման հարցում։

Թվում էր, թե «Սուրմալու» տոնավաճառի 16 մարդու կյանք խլած ողբերգական հրդեհից հետո «բիզնեսմենները» պատասխանատվություն պիտի կրեն քաղաքացիների նկատմամբ՝ վերացնելով կյանքին սպառնացող բոլոր վտանգները։ Այնինչ պարզվում է, որ, օրինակ, օրենք ընդունող իշխանական պատգամավորի ընտանիքի համար բիզնեսն ավելի կարեւոր է, քան քաղաքացու կյանքը։

Բանն այն է, որ տեսչական մարմնի մասնագետները «Երեւան» տոնավաճառում ստուգումների արդյունքում պարզել են, որ շուկան շահագործվում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով։ Դրանք վերացնելու համար ժամանակ է տրվել, բայց տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ 

MediaHub-ի հետ զրույցում ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց, որ «Երեւան» տոնավաճառում ստուգումներ եղել են:  

Ավելի վաղ նա մեզ հետ զրույցում նաև ասել էր, որ բոլոր խոշոր առեւտրի կենտրոններում ինտենսիվ ստուգումներ են իրականացվում։

«Տեսականորեն բոլոր խոշոր առեւտրի կենտրոնները տեսչական մարմնի մասնագետները հերթականությամբ ստուգում են։ Վարչապետի տված հանձնարարականից հետո տեսչական մարմնի ղեկավարը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել եւ հանձնարարել, որպեսզի տեսչականի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ եւ վերահսկողական գործառույթներ իրականացնեն հանրապետության տարածքում գործող բոլոր այն քաղաքացիական օբյեկտներում, որտեղ կարող է լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ»,-ասել էր Զոհրաբյանը։ 

Սպասենք զարգացումների...։